Իգական սեռական համակարգ

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։

Իգական սեռական համակարգ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
ԵնթադասՄարդու վերարտադրողական համակարգ, վերարտադրողական համակարգ[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
female genitalia development?
MeSHA05.360.319
Foundational Model of Anatomy45663
Terminologia Anatomica 98A09.1.00.001
 Female reproductive system Վիքիպահեստում

Ձվարանները զույգ խառը գեղձեր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ։ Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն, կաթնագեղձերի մեծացում, մարմնի որոշ մասերում ճարպի կուտակում, մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները։ Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից։ Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ), որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ։ Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը։ Մնացածներն ապաճում են։ Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ բջիջն է և երևում է անզեն աչքով։ Ձվարանի միջուկային շերտը կազմված է շարակցական հյուսվածքից և պարունակում է արյունատար անոթներ, նյարդեր։

Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են, ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է, ծոպավոր, որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը։ Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային հյուսվածքով։ Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ։

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։ Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը, տեղավորված է հեշտոցում։ Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է, որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ։ Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ, ապա արգանդափողերի մեջ։ Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է։

Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով։ Նրա վրա կա փոքր անցք դաշտանային արյունը դուրս գալու համար։ Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ։ Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է, երկրորդ շաբաթվա վերջում պատռվում, և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից, որը կոչվում է ձվազատում։ Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը, և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ, որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել։ 7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ։ Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի, որը ժամանակավոր ներզատական գեղձի դեր է կատարում։ Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը, արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին։ Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար։ Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել, ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից։ Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան։ Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է։ Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգական սեռական համակարգ» հոդվածին։