Ժառանգականության քրոմոսոմային տեսություն

ժառանգական գենետիկա

Ժառանգականության քրոմոսոմային տեսություն, ըստ որի սերունդների միջև գենետիկական անընդհատելիությունը պայմանավորված է քրոմոսոմներով, որոնք կրում են գծային դասավորված ժառանգական միավորներ՝ գեներ։ Համաձայն այս տեսության օրգանիզմների ժառանգական հատկությունների փոխանցումը սերնդից սերունդ քրոմոսոմների փոխանցելիության արդյունք է։

Ժառանգականության քրոմոսոմային տեսության առաջին պատկերացումները ստեղծվել են XIX դ. 70–80-ական թթ. բջջաբանական հետազոտությունների շնորհիվ։ Հատկապես ուշադրություն էր դարձվում բջջային բաժանումների ժամանակ քրոմոսոմների վարքագծին։ Վ. Ֆլեմինգի, Է. Ստրասբուրգերի,Պ. Գորյանինովի, Հ. Չիստյակովի, Է. վան Բենդենի և ուրիշների հետազոտություններից պարզվեց, որ քրոմոսոմները բարակ թելիկներ են և բջջի բաժանման ժամանակ կրկնապատկվում են երկարությամբ ճեղքվելով, ապա կարճանում են, հաստանում։ Բջջի բաժանման ժամանակ դիտվում է տվյալ անհատին հատուկ քրոմոսոմների թվի պահպանում թե՛ կենդանիների և թե՛ բույսերի օրգանիզմում։ Ելնելով դրանից՝ Ա. Վայսմանը տվեց ժառանգականության իր տեսությունը, ըստ որի ժառանգական գործոնները գտնվում են քրոմոսոմներում։ Հետագայում Ու. Սատոնը, Թ. Բովերին և Է. Վիլսոնը (1902–07) Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը հիմնավորեցին փաստերով՝ ցույց տալով, որ բջջի բաժանման և սեռական բջիջների ձևավորման (մեյոզ) ժամանակ քրոմոսոմների վարքագծի և ժառանգական գործոնների միջև գոյություն ունի որոշակի կապ։ Սեռական բջիջներում քրոմոսոմները մեյոզի հետևանքով յուրաքանչյուր քրոմոսոմային զույգից կրում են մեկական ալել, բեղմնավորության պրոցեսում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքը, և ալելային գեները դարձյալ զույգեր են կազմում։

Ժառանգականության քրոմոսոմային տեսության հետագա զարգացումն ու հիմնավորումը պատկանում է ամերիկյան գիտնական Թ. Մորգանին ու նրա աշխատակիցներին (1910–16), որոնց շնորհիվ ժառանգական գործոնը՝ գեն հասկացությունը, ստացավ նյութական մարմնավորում։ Մորգանը ցույց տվեց, որ սեռական քրոմոսոմները ոչ միայն որոշում են օրգանիզմի սեռը, այլև կրում են գեներ, որոնք հսկում են այս կամ այն հատկանիշը։ Նա հաստատեց նաև, որ գեները քրոմոսոմների երկարությամբ տեղադրված են գծային ձևով։ Միևնույն քրոմոսոմում գտնվող գեները ժառանգվում են միասին, կազմում են առանձին շղթայակցման խմբեր, որոնց թիվը համապատասխանում է տվյալ տեսակին բնորոշ հոմոլոգ քրոմոսոմների թվին։ Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը խորացվեց և ավելի հաստատվեց վերջին տասնամյակում, պարզվեց քրոմոսոմների քիմիական կառուցվածքը, որի հիմքում ընկած է սպիտակուցի և դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) համալիրը։ Փորձնականորեն ապացուցվեց ԴՆԹ–ի գենետիկական դերը, որ գենը ԴՆԹ–ի մոլեկուլի որոշակի հատվածն է, ճշտվեցին նրա ֆունկցիոնալ հատկությունները։

Այսպիսով Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը բացահայտեց ժառանգականության ներբջջային մեխանիզմները, տվեց ճիշտ և միասնական բացատրություն սեռական բազմացման ժամանակ տեղի ունեցող ժառանգականության պրոցեսներին։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 282