Թուրք նորաբնակները Հյուսիսային Կիպրոսում

Հյուսիսային Կիպրոսում թուրք նորաբնակները (կիպր. թուրքերեն՝ Türkiyeliler)[1][2], նաև անվանում են թուրք ներգաղթյալներ (թուրքերեն՝ Türkiyeli göçmenler՝ Türkiyeli göçmenler), Թուրքիայի բնակիչների մի խումբ են, որոնք հաստատվել են Հյուսիսային Կիպրոսում, երբ 1974 թվականին թուրքերը ներխուժել են Կիպրոս[3]։ Ենթադրվում է, որ այս նորաբնակները և նրանց ժառանգները (բացառությամբ թուրք զինվորների) ներկայումս կազմում են Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ կեսը։ Թուրք նորաբնակների ճնշող մեծամասնությանը Հյուսիսային Կիպրոսի կառավարության կողմից տրվել են տներ և հողեր, որոնք պատկանում էին Կիպրոսի հույներին։ Թուրք միգրանտների խումբը տարասեռ է և բաղկացած է տարբեր ենթախմբերից, որոնք տարբեր աստիճաններով ինտեգրված են Հյուսիսային Կիպրոսի հասարակությանը։ Ընդհանուր առմամբ, մայրցամաքային թուրքերը համարվում են ավելի պահպանողական, քան խիստ աշխարհիկ կիպրացի թուրքերը և ցանկանում են կղզու երկու պետությունները բաժանել, թեև ոչ բոլոր նորաբնակներն են պաշտպանում ազգայնական հռետորաբանությունը[4][5]։

Իրավական կարգավիճակ

խմբագրել

Կղզում նորաբնակների առկայությունը Կիպրոսի վերամիավորման շուրջ ընթացող բանակցություններում ամենազգայուն և վիճահարույց հարցերից մեկն է։ Միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի դիրքորոշումը, որն աջակցվում է ՄԱԿ-ի բանաձևերով՝ վերաբնակեցման ծրագիրը բացարձակապես անօրինական է միջազգային իրավունքի համաձայն, քանի որ այն խախտում է Ժնևի չորրորդ կոնվենցիան (արգելում է օկուպացիոն իշխանություններին դիտավորյալ փոխանցել իրենց բնակչությունը դեպի օկուպացված տարածք) և համապատասխանաբար, նման գործողությունները ռազմական հանցագործություն են[6][7]։ Այսպիսով, Կիպրոսի Հանրապետությունն ու Հունաստանը պահանջում են նորաբնակներին վերադարձնել Թուրքիա՝ Կիպրոսի վեճի հնարավոր հետագա կարգավորման համար։ Կիպրոսի հույների 2004 թվականի Անանի ծրագիրը ճնշող մեծամասնությամբ մերժելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ծրագիրը թույլ էր տալիս նորաբնակներին մնալ Կիպրոսում և նույնիսկ իրավունք էր տալիս քվեարկել առաջարկվող լուծման համար անցկացվող հանրաքվեում[8]։ Հետևաբար և՛ Կիպրոսի Հանրապետությունը, և՛ Հունաստանը պնդում են, որ Կիպրոսի ապագա կարգավորումը նախատեսում է բոլոր նորաբնակների կամ գոնե նրանց մեծ մասի վտարումը[9][10][11]։

Բազմաթիվ նորաբնակներ խզել են իրենց կապերը Թուրքիայի հետ և այժմ նրանց երեխաներն արդեն Կիպրոսն իրենց հայրենիքն են համարում։ Եղել են դեպքեր, երբ Թուրքիա վերադարձող նորաբնակները և նրանց երեխաները իրենց ծագման պատճառով իրենց համայնքներում օտար են համարվել։ Այսպիսով, ըստ Մարդու իրավունքների հանրագիտարանի, «շատ դիտորդներ» պնդում են, որ նորաբնակները չեն կարող բռնի կերպով վտարվել կղզուց. բացի այդ, դիտորդների մեծ մասը կարծում է, որ Կիպրոսի ապագա կարգավորումը պետք է հավասարակշռություն գտնի «վերաբնակեցման ծրագրի օրինականության և բոլոր նորաբնակների իրավունքների միջև»[12]։

Ենթախմբեր

խմբագրել

Հյուսիսային Կիպրոսի մայրցամաքից եկած թուրքերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ քաղաքացիներ և ոչ քաղաքացիներ։ Քաղաքացիների մի մասը կղզի է ժամանել թուրքական և կիպրական իշխանությունների վերաբնակեցման քաղաքականության շրջանակներում, ոմանք ինքնուրույն են գաղթել, իսկ ոմանք ծնվել են կղզում՝ երկու խմբերի ծնողներից։ Մեթե Հաթայը պնդում է, որ միայն քաղաքացիներն ունեն «իրենց նորաբնակ անվանելու լավ պատճառներ»[13]։

Վերոնշյալ ենթախմբերն իրենց հերթին բաժանվում են մի քանի կատեգորիաների[14]։ Քաղաքացիների առաջին խումբը կարող է հետագայում բաժանվել հմուտ աշխատողների և աշխատողների, թուրք զինվորների և ընտանիքների, Կիպրոսում հաստատված ֆերմերների և առանձին միգրանտների։ Ոչ քաղաքացիները կարող են պայմանականորեն բաժանվել ուսանողների և ուսուցիչների, զբոսաշրջիկների, օրինական և անօրինական աշխատանքային միգրանտների։ 1975-1977 թվականներին Թուրքիայից տեղափոխված ֆերմերները կազմում են նորաբնակների մեծ մասը[15]։

Պատմություն

խմբագրել

Կիպրոսում ֆերմերներին բնակեցնելու քաղաքականությունը սկսվել է 1974 թվականի թուրքական ներխուժումից անմիջապես հետո։ Տեղեկություններ կան, որ թուրքական կառավարությունը նախատեսում էր 5000 գյուղատնտեսական աշխատողներ ուղարկել Կիպրոս, որտեղ նրանք կարող էին տիրանալ կիպրահույների ունեցվածքին։ Ըստ Հաթայի, նման նորաբնակների առաջին խումբը կղզի է ժամանել 1975 թվականի փետրվարին, արագ միգրացիան շարունակվել է մինչև 1977 թվականը։ Այս աշխատողները եկել են Թուրքիայի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Սև ծովի տարածաշրջանից (Տրապիզոն, Քարշամբա, Սամսուն), Միջերկրական ծովի շրջանից (Անթալիա, Ադանա, Մերսին) և Կենտրոնական Անատոլիայի շրջանից (Քոնյա)։ 1975 թվականի փետրվարին կղզում Թուրքիայից եկած բանվորների թիվը կազմում էր 910 մարդ[16]։

Ֆերմերների վերաբնակեցման քաղաքականությունն իրականացվել է 1975 թվականին՝ ըստ Կիպրոսի թուրքական դաշնային պետության և Թուրքիայի կողմից ստորագրված գյուղատնտեսական աշխատանքի համաձայնագրի[17]։ Թուրքիայում Հյուսիսային Կիպրոսի հյուպատոսությունները ակտիվ մասնակցություն են ունեցել այս բնակչության տեղափոխման կազմակերպման գործում. ռադիոյով և գյուղերի մուխթարների հայտարարությունները Կիպրոս տեղափոխվելու ցանկություն ունեցող ֆերմերներին հորդորում էին դիմել հյուպատոսություններ։ Կիպրոս տեղափոխված ֆերմերներից շատերը եկել էին Թուրքիայի այն շրջաններից, որոնք ունեին վատ կենսապայմաններ և հաճախ այլ ելք չունեին, քան լքել իրենց տները։ Օրինակ՝ Քայալար գյուղը բնակեցվել էր Թուրքիայի Սևծովյան Չարշամբայի շրջանի բնակիչներո։ Մարդկանց ընտրության հնարավորություն է տվել ընտրել Կիպրոսի և Թուրքիայի այլ շրջաններ տեղափոխվելու միջև. մեծ մասն ընտրեց Կիպրոսը։ Քրիստոս Իոանիդեսը պնդում էր, որ այս մարդիկ քաղաքական դրդապատճառներ չունեն կատարված ընտրության համար։ Նրանցից ոմանց հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ ոմանք նույնիսկ տեղյակ չէին, թե որտեղ է գտնվում Կիպրոսը՝ մինչ այնտեղ տեղափոխվելը։ Ենթադրյալ նորաբնակների դիմումները բավարարելուց հետո մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են Մերսինի նավահանգիստ։ Նրանք Թուրքիայից հեռացել են՝ օգտվելով յուրաքանչյուր ընտանիքի համար տրված անձնագրերից։ Միջերկրական ծովն անցնում էին լաստանավերով։ Ֆամագուստա ժամանելուն պես թուրքերը նախ կարճ ժամանակով տեղավորվել են դատարկ հանրակացարաններում կամ դպրոցներում, ապա տեղափոխվել հույների կողմից լքված գյուղեր։ Վիճակահանությամբ նշանակվել են բնակավայրերը[18]։

Սկզբում այս նորաբնակների փաստաթղթերը կազմվել էին այնպես, կարծես նրանք կիպրացի թուրքեր են, որոնք վերադարձել են իրենց հայրենիք՝ Ժնևի կոնվենցիայի խախտման մեղադրանքներից խուսափելու համար։ Օրինակ՝ Կարպաս թերակղզու մի քանի նորաբնակների ծննդավայր են նշանակել Մեհմեթչիկ գյուղը։ Վերաբնակեցման քաղաքականության մասին հարցին՝ ՀԿԹՀ-ի աշխատանքի, վերականգնման և սոցիալական աշխատանքի նախարար Իսմեթ Քոթաքն ասել է, որ տեղի է ունեցել կիպրաթուրքերի ինտենսիվ և օրինական վերադարձ, որոնք նախկինում բռնի կերպով վտարվել էին կղզուց։ Սակայն կեղծիքը շուտով բացահայտվել է և նորաբնակները ցույց են տվել անձնագրերը՝ ներկայացնելով իրենց իրական ծննդավայրը։

Մասնակցություն քաղաքականությանը

խմբագրել

Չնայած տարածված համոզմունքին, որ նորաբնակները տասնամյակներ շարունակ եղել են իշխող «Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) հենարանը, իրականությունը փոքր-ինչ այլ է, որը բացահայտվել է քաղաքագետ Մեթե Հաթայի կողմից մի քանի բնիկ և վերաբնակեցված գյուղերի վերլուծության արդյունքում։

1992 թվականից մինչև 2003 թվականների ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը շահել է ընդդիմադիր նորաբնակների ձայների մեծամասնությունը։ Միևնույն ժամանակ, 1990 թվականից մինչև 2003 թվականներին «Ազգային միաբանություն»-ը պահպանել է ձայների մասնաբաժինը` նորաբնակների բնակավայրերում միջինը կազմելով մոտ 40%, սակայն ավելի քիչ էր, քան այն աջակցությունը, որը կուսակցությունը ստանում էր բնիկ կիպրացի թուրքերով բնակեցված գյուղական վայրերում։ «Ազգային միաբանություն»-ն ավելի մեծ աջակցություն է ստացել նորաբնակների գյուղերում միայն 1993 թվականին և 2003 թվականից հետո, երբ կորցրել է իշխանությունը։ Չնայած տարածված ենթադրություններին, որ նորաբնակներն առաջ են տանում թուրքական քաղաքական շահերը, սակայն հաճախ ընդդիմանում էին Թուրքիային աջակցվող նախագծերին, հատկապես 1990 թվականին Թուրքիայի կողմից աջակցվող «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի, իսկ 2004 թվականին՝ Անանի ծրագրերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Türkiyeli-Kıbrıslı tartışması: "Kimliksiz Kıbrıslılar"» (թուրքերեն). Kıbrıs Postası. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  2. Uras, Umut. «Kıbrıs sorunu ve Türkiyeli göçmenler» (թուրքերեն). Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  3. Sara Stefanini (2016 թ․ մարտի 31). «'Best chance Cyprus has had for peace'». POLITICO. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  4. «Adrienne Christiansen, Crossing the Green Line: Anti-Settler Sentiment in Cyprus». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  5. Ronen, Yaël Transition from Illegal Regimes under International Law. — Cambridge University Press, 2011. — С. 231—245. — ISBN 9781139496179 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  6. Bahcheli, Tozun; Noel, Sid Ties that No Longer Bind: Greece, Turkey and the Fading Allure of Ethnic Kinship in Cyprus // Divided Nations and European Integration / Mabry, Tristan James; McGarry, John; Moore, Margaret; O'Leary, Brendan. — University of Pennsylvania Press, 2013. — С. 326. — ISBN 9780812244977 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  7. Fong, Mary; Chuang, Rueyling Communicating Ethnic and Cultural Identity. — Rowman & Littlefield, 2004. — С. 282. — ISBN 9780742517394 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  8. Tesser, Lynn Ethnic Cleansing and the European Union: An Interdisciplinary Approach to Security, Memory and Ethnography. — Palgrave Macmillan, 2013. — С. 117. — ISBN 9781137308771 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  9. Kyris, George Resolving Cyprus: New Approaches to Conflict Resolution. — I.B. Tauris, 2014. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  10. Frank Hoffmeister, Legal Aspects of the Cyprus Problem: Annan Plan And EU Accession, pp. 56-59, Martinus Nijhoff Publishers, 2006
  11. Letter by the President of the Republic, Mr Tassos Papadopoulos, to the U.N. Secretary-General, Mr Kofi Annan, dated 7 June, which circulated as an official document of the U.N. Security Council
  12. Encyclopedia of Human Rights, Volume 5. — Oxford University Press, 2009. — С. 460. — ISBN 0195334027
  13. Hatay 2005, էջ. 5
  14. Hatay 2005, էջ. 10
  15. Hatay 2005, էջ. 6
  16. «Kıbrıs'ın Türk kesiminde toplam 1.010 işletme var». Milliyet. 1975 թ․ փետրվարի 9. էջ 9.
  17. Hacaloğlu, Hilmi. «Kıbrıslı Türkler Türkiyelileri sevmez mi?» (թուրքերեն). Al Jazeera Turkish Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  18. Şahin 2013

Գրականություն

խմբագրել