Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակ (այլ կիրառումներ)

Թութակներ, հայերեն`,,Բույթ,, (լատին․՝ Psittacoidea), թռչունների ընտանիքին պատկանող կենդանիներ։ Այս ընտանիքին պատկանող թռչունները բաժանվում են 3 խմբի՝ իսկական թութակներ, կակադուներ և նորզելանդական թութակներ։ Տարածված են արևադարձային ու մերձարևադարձային տարածքներում՝ Ավստրալիա, Հնդկաստան, Ասիայի հարավ-արևմուտքում, Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում ու Հարավային Ամերիկայում։ Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ։ Առավել հանրահայտ են ավստրալիական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են։ Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Թութակները լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ՝ սև կամ մոխրագույն։

կապտադեղին արա (Ara ararauna)

Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն։ Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ։ Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում։ Կան նաև չթռչող թութակներ։ Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում է ծառերի արմատների մեջ գտնվող բնում։

Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով։ Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը։ Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով։ Ապրում են երամներով։

Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու։ Թխսում է էգը կամ արուն։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Ձագերին խնամում են արուն ու էգը։

Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով։ Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ։

Թութակների տեսակներ

խմբագրել

Կակադու ինկա, Ժակո, Ալիքավոր թութակ, Կանաչաթև արա, Բազմագույն լորիկետ, Խայտաբղետ ռոզելա, Վարդակուրծք թութակ և այլն։

Ալիքավոր թութակ

Ալիքավոր թութակն ամենատարածված սենյակային թռչունն է աշխարհում։ Վայրի տեսակը տարածված է Ավստրալիայում։ 19-րդ դարի կեսերին բերվել է Եվրոպա, ընտելացվել։ Բուծվել են ալիքավոր թութակի մոտ 200 ցեղատեսակներ։ Դրանք ունեն մինչև 20 սմ մեծություն, սնվում են հացազգի հատիկներով։ Հեշտ ընտելացվող թութակներ են։ Կազմում են անբաժան զույգեր։ Կարող են մտապահել մի քանի տասնյակ բառեր և արտահայտություններ։ Թիկունքի և թևերի փետուրների՝ ծովի ալիքների նմանության պատճառով անվանել են ալիքավոր։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակներ (ընտանիք)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակներ (ընտանիք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229