Թխկի գեղեցիկ

բույսերի տեսակ
Թխկի գեղեցիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի գեղեցիկ (A. laetum)
Միջազգային անվանում
Acer laetum

Թխկի գեղեցիկ (լատին․՝ Acer laetum), թխկազգիների ընտանիքի, թխկիների ցեղի բույս։ Էկոլոգիական խումբը` V: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32։

Նկարագրություն

խմբագրել

Ոչ մեծ ծառ է, 13-14 մ բարձրությամբ և մինչև 30-40 սմ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, կանաչ կամ կարմրավուն, երբեմն ծածկված կապտավուն խավով։ Բողբոջները մերկ են, կանաչ։ Տերևները բարակ են, բայց ամուր, 5 (հազվադեպ՝ 3-9) բլթականի, 6-12 (հազվադեպ՝ 1,7) սմ երկարությամբ և 8-14 (հազվադեպ՝ 18) սմ լայնությամբ, մերկ կամ ներքևից ջղերի ուղղությամբ մազմզուկապատ, կտրված, կլորասեպաձև կամ խոր սրտաձև հիմքով։

Բլթակները ձվաձև են, լայն կամ երկարավուն եռանկյունի, ամբողջաեզր։ Տերևակոթունը հավասար է տերևի երկարությանը։ Ծաղկաբույլը վահանաձև հուրան է, մերկ ծաղիկներով։ Ծաղիկները կանաչավուն են, մանր։

Բաժակաթերթիկները նեղ էլիպսաձև են, պսակաթերթիկները' համեմատաբար լայն։ Երկթևիկ-պտուղները մեկը մյուսից հեռանում են բութ, հազվադեպ' ուղիղ անկյան տակ, 2,5-3,8 սմ երկարությամբ։ Սերմնարանները տափակ են, մերկ։

Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում (Արևմտյան Նախակովկաս, Արևմտյան Կովկաս, Արևելյան Կովկաս, Չերքեզիա, Կոլխիդա, Թալիշ)։ Հայաստանի տարածքում հանդիպում է Թումանյանում, Նոյեմբերյանում, Կապանում և Գորիսում, ստորին անտառային գոտում, գետերի և առուների ափերին, ծովի մակերևույթից մինչև 800 մ բարձրությունների վրա, որտեղ աճում է խիստ հազվադեպ, հատ ու կենտ ծառերի ձևով։

Լավ մեղրատու է։ Գարնանը հավաքած հյութը պարունակում է մինչև 1,5 % շաքար։ Ջերմասեր բույս է, ցրտահարվում է 18—20 °C-ի սառնամանիքների դեպքում։

Խոնավասեր է, պահանջկոտ է հողային պայմանների նկատմամբ, բավականին ստվերատար է։ Բազմանում է սերմերի միջոցով։

Կիրառություն

խմբագրել

Գեղեցիկ ծառ է։ Ուշադրության արժանի է բնակավայրերի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար։ Հայաստանում կարող է կիրառվել միայն ցածրադիր, տաք շրջաններում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։