Թեփուղ (լատին․՝ Leuciscus cephalus), թեփուկ, ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Հայաստանում (Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ազատ, Որոտան, Ախուրյան, Աղստև գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում) տարածված է թեփուղ կովկասյան (L.c. orientalis) ենթատեսակը։ Միջին չափի ձուկ է։

Թեփուղ
Թեփուղի գլուխը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանազգիներ
Ցեղ Թեփուղ
Տեսակ Թեփուղ
Լատիներեն անվանում
Squalius cephalus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163581
NCBI 8284

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 15-25 (երբեմն՝ մինչև 40) սմ, զանգվածը՝ 1 կգ։ Գլուխը խոշոր է, լայն։ Բերանը մեծ է՝ դնչի ծայրին դեպի վեր ուղղված թեք կտրվածքով։ Պոչի լողակը մկրատաձև է։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-45 հատ։ Մեջքային լողակում կա 10-12 ճառագայթ, հետնալողակում՝ 11-12։ Կլանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները կարճ են, սրածայր, 6-10 հատ։ Մեջքը մոխրագորշ է՝ կանաչավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ կամ ոսկեփայլ։ Փորիկը սպիտակ է։ Կողքերի և մեջքի թեփուկներն արտաքինից երիզված են մուգ, բարակ շերտագծով։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ դեղնավուն կամ նարնջագույն։ Լողակների հիմքերը վառ գունավորված են։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։

Բազմացում և զարգացում խմբագրել

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Արուներն էգերից 1 տարով ավելի շուտ են հասունանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Բազմանում է գարնանը, այդ շրջանում արուների գլխի և մարմնի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան։ Բեղունությունը հասնում է մինչև 120 հազար ձկնկիթ (այն դեղին է՝ 1, 2-1, 5 մմ տրամագծով), կպչուն, Դնում է ստորջրյա առարկաների կամ բույսերի վրա։

Սննդառություն խմբագրել

Կենդանակեր է. երիտասարդները սնվում են տարբեր անողնաշարավորներով՝ ջուրն ընկած միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, ջրային այլ անողնաշարավորներով, հասունները՝ մանր ձկներով, գորտերով, խեցգետիններով, առավել խոշորները՝ նաև մանր կաթնասուններով։  

Բնական ջրակալներում հաճախ վարակվում է մակաբույծ որդերով (փոկորդ և կարթագլուխ), որոնք մակաբուծում են թեփուղի որովայնի խոռոչում կամ աղիների պատերի վրա։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 181  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեփուղ» հոդվածին։