«Թերճումանը էֆքյար» («Մտքերի թարգման»), հայատառ թուրքերեն քաղաքական, գրական և ազգային օրաթերթ։ Լույս է տեսել Կ. Պոլիսում, 1877 թվականին՝ «Մեճմուայի հավատիս»-ի փոխարեն։ Խմբագիրներ՝ Հ. Վարդանյան, Տ. ճիվելեկյան, տնօրեն՝ Ա. Մագայան։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի և դրան հաջորդած շրջանում բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արևելյան հարցի առաջացման և սրման պատճառների, մեծ տերությունների միջև հակասությունների, Թուրքիայում նրանց քաղաքականության, հայկական հարցի. արևմտյան Հայաստանի գավառների բնակչության կենսական շահերի վերաբերյալ, պաշտպանել է արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու գաղափարը։ 1879 թվականին «Թ. Է.» մերկացրել է թուրքերի բռնությունները Մուշի շրջակայքում, որով հարուցել է թուրք, մոլեռանդ լրագրության դժգոհությունը, մեղադրվել է «Հայկական խնդիր հարուցելու» և խռովարարության մեջ։ Թուրքական դատարանի վճոով 1880 թվականի հունվարին ձերբակալվել են թերթի տնօրենը և խմբագիր Տ. Ճիվելեկյանը, սակայն ազատվել են Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի միջամտությամբ։ 1880 թվականի ապրիլին եվրոպական մամուլից հայկական հարցի վերաբերյալ հոդված տպագրելու համար թերթը փակվել է։ Վերահրատարակվելուց հետո զրկվել է հայկական հարցին անդրադառնալու հնարավորությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։