Թարթառի հովտի հուշարձաններ

Թարթառի հովտի հուշարձաններ, Թարթառի հովտում գտնվող բազմաթիվ և բազմաբնույթ արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձաններ[1]։

Նկարագրություն խմբագրել

Թարթառի հովտի հուշարձաններից են Ծար իշխանանիստ կենտրոնը՝ 16-րդ դարի պատմագիր Հովհաննես Ծարեցու հայրենի գյուղաքաղաքը՝ իր սուրբ Սարգիս, սուրբ Գրիգոր, սուրբ Աստվածածին եկեղեցիներով, Գետամեջի վանքով (12-13-րդ դարեր), ինչպես նաև Դադի կամ Խոթա վանքը, որը հիշատակվում է վաղ միջնադարյան աղբյուներում։

Խութավանքի դիմաց՝ Թարթառի աջ ափին, բարձր լեռան կատարին Լեռնաբերդն է (հնում՝ Հավքախաղաց), որը միջնադարում վերակառուցվել է Կիլիկյան թագավոր Լևոն Ա-ի ծախքերով, այդ պատճառով էլ նրա անունն է կրում։

Խութավանքից բավականին ներքև՝ գետի աջ ափին, ծառապատ հրվանդանի վրա, տարածվում են Խաթրվանքի կիսավեր շենքերը (13-րդ դար)։ Դրանցից դեպի աջ Կարմիր վանքն է, ավելի հեռու՝ Ամենափրկիչ վանքը, իսկ ձախ կողմում՝ Չարեքտարի վանքը (7-13-րդ դարեր)։

Թարթառի ձախ ափին՝ Մռովասարի փեշերին են գտնվում Վերին Խաչենի Վախտանգյան մեծ իշխանների «Ականոյ, Հանդաբերդոյ» բերդավանները (12-13-րդ դարեր), իշխանանիստ Հաթերքը, նրա շրջապատում՝ Ղլեն քոլեն վանքը, Կարմի քարեն վանքը, Իծըքարա վանքը, Մասիս կամ Մեսիս վանքը, Շուքավանքը, Ծոս, Խոտորաշեն, Մթնաձոր բնակատեղիները, Մռովի օջախ, Սուրբ Սարգիս սրբավայրերը։ Դրանք բոլորն էլ 5-7-րդ և հետագա դարերի հուշարձաններ են, որոնք դարեր շարունակ գտնվում են Թարթառի հովտում։

Սարսանգի պատմական կամրջի (13-րդ դար) մոտ կառուցված խոշոր ամբարտակից ներքև, այնտեղ, որտեղ Թրղին խառնվում է Թարթառին, անմատչելի ժայռածերպի վրա կառուցված է Ջրաբերդը։ Դրանից ներքև՝ գետահովտի տարբեր կետերում, գտնվում են հայ ճարտարապետության այնպիսի նշանավոր կոթողներ, որոնք աղբյուրագիտական տեղեկությունների համաձայն կառուցվել են 5-7-րդ դարերում և հանդիսացել են երկրամասի առաջին կրթօջախներ։ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել Գլխո կամ Հոռեկա, Եղիշ Առաքյալ կամջրվշտիկ վանքերում։

Թարթառի ափերին են գտնվում Ջրաբերդի վարչական կենտրոնը՝ Քաղաքատեղը, Երիցմանկանց վանքը, Կաթողիկասարի վանքը, Տիրամայր վանքը և մի շարք եկեղեցիներ, կամուրջներ, գյուղատեղիներ, մահարձաններ, ջրանցքներ, բերդեր ու այլ հնություններ։

Պատմաճարտարապետական խոշոր կառույցներից բացի, Թարթառի հովտում պահպանվել են նաև մեծ քանակությամբ խաչքարեր։ Հիշատակության արժանի են Ծարս գյուղաքաղաքի և Դադիվանքի խոշոր խաչքարերը և Խոթավանքի որմնանկարները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 37–38. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)