Ընդհանուր լեղածորանի քար

մարդու հիվանդություն

Ընդհանուր լեղածորանի քարը, հայտնի նաև ինչպես խոլեդոխոլիթիազ, ընդհանուր լեղածորանում լեղաքարերի առկայությունն է։ Այս վիճակը կարող է հանգեցնել դեղնուկի և լյարդի բջիջների վնասման։ Բուժումը խոլեդոխոլիթոտոմիան է կամ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ)։

Ընդհանուր լեղածորանի քար
Մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳաստրոէնտերոլոգիա
ՀոմանիշներԽոլեդոխոլիթիազ
 Choledocholithiasis Վիքիպահեստում

Ախտանշաններ խմբագրել

Խոլեդոխոլիթիազի դեպքում ֆիզիկալ քննության ժամանակ հաճախ Մըրֆիի ախտանիշը բացասական է լինում, օգնելով տարբերակել այն խոլեցիստիտից։ Մաշկի կամ աչքերի դեղնուկը կարևոր ցուցանիշ է լեղային օբստրուկցիաների ժամանակ։ Դեղնուկը և/կամ սպիտակավուն դեֆեկատը կարող է խոլեդոխոլիթիազի կամ նույնիսկ լեղաքարային պանկրեատիտի կասկած առաջացնել[1]։ Եթե վերը թվարկված ախտանիշները ուղեկցվում են ջերմությամբ և ցնցումներով, ապա վերել խոլանգիտ ախտորոշումը նույնպես պետք է հաշվի առնել։

Լեղային քարերով մարդկանց 70%-ից ավելին ասիմպտոմ են և ախտորոշվում են պատահական գերձայնային հետազոտությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մարդկանց 10%-ի մոտ ախտանշաններ են ի հայտ գալիս հինգ տարվա ընթացքում, իսկ 20%-ի մոտ 20 տավա ընթացքում[2]։

Պատճառները խմբագրել

Որոշ քարեր կարող են ընդհանուր լեղածորանով անցնել տասներկումատնյա աղիք, բայց պատահում են մեծ քարեր, որոնք չեն կարող անցնել և խցանում են ընդհանուր լեղածորանը։ Այս ամենի համար ռիսկի գործոններից մեկը հանդիսանում է տասներկումատնյա աղու դիվերտիկուլը։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Այս խցանումը կարող է հանգեցնել դեղնուկի առաջացման, հիմնային ֆոսֆատազայի, ինչպես նաև արյան մեջ կոնյուգացված բիլիռուբինի և խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Այն կարող է նպաստել նաև սուր պանկրեատիտի և վերել խոլանգիտի առաջացման։

Ախտորոշում խմբագրել

Խոլեդոխոլիթիազը (քարեր ընդհանուր լեղածորանում) հանդիսանում է լեղաքարային հիվանդության բարդություններից մեկը, հետևաբար առաջին քայլը լեղաքարային հիվանդությունն ախտորոշելն է։ Լեղաքարային հիվանդությամբ տառապող անձինք ներկայանում են որովայնի աջ վերին կվադրանտում առկա ցավերով՝ ասոցացված սրտխառնոցի և փսխման հետ, հատկապես յուղոտ սնունդ ընդունելուց հետո։ Բժիշկը կարող է հաստատել լեղաքարային հիվանդության ախտորոշումը որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ, որը ցույց է տալիս լեղապարկում առկա քարերի ուլտրաձայնային ստվերներ։

Լեղաքարային հիվանդությունը ենթադրվում է երբ լյարդի ֆունկցիան գնահատող արյան հետազոտությունը ցույց է տալիս բիլիռուբինի և շճային տրանսամինազների մակարդակի բարձրացում։ Այլ ցուցիչներից են Վատերյան ամպուլայում (պանկրեատիկ ծորանի խցանում) լիպազայի և ամիլազայի մակարդակների բարձրացումը։ Երկարաձգված դեպքերում միջազգային նորմալիզացված հարաբերությունը (INR) կարող է փոփոխվել վիտամին K-ի ներծծման նվազման հետևանքով։ (Լեղու նվազած հոսքի հետևանքով նվազում է ճարպերի քայքայումը և, հետևաբար, ճարպալույծ վիտամինների ներծծումը)։ Ախտորոշումը հաստատվում է մագնիսա-ռեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիայի (ՄՌԽՊԳ), էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի (ԷՌԽՊԳ) կամ ներվիրահատական խոլանգիոգրամմայի միջոցով։ Եթե հիվանդը կարիք ունի լեղապարկի հեռացման՝ նրանում քարերի առկայության կապակցությամբ, վիրաբույժը նախընտրում է վիրահատության ժամանակ կատարել խոլանգիոգրամմա։ Լեղածորանում քարեր հայտնաբերելու դեպքում վիրաբույժը պետք է փորձի լուծել խնդիրը՝ ներհրելով քարը դեպի աղիներ կամ հեռացնելով այն պարկային ծորանի միջով։

Այլ դեպքում բժիշկը կարող է վիրահատությունից առաջ կատարել ԷՌԽՊԳ։ Վերջինիս առավելությունն այն է, որ կարող է կիրառվել ոչ միայն ախտորոշման, այն նաև բուժական նպատակներով։ ԷՌԽՊԳ-ի ընթացքում էնդոսկոպիստը կարող է վիրաբուժական եղանակով լայնացնել լեղածորանի բացվածքը և հեռացնել քարը վերջինիս միջով։ Այնուամենայնիվ ԷՌԽՊԳ-ն հանդիսանում է ինվազիվ միջամտություն և ունի իր սեփական պոտենցիալ բարդությունները։ Քիչ կասկածելի դեպքերում ախտորոշումը հաստատելու համար, մինչ ԷՌԽՊԳ-ն կամ վիրահատությունը, բժիշկը կարող է կատարել ՄՌԽՊԳ, որը համարվում է ոչ ինվազիվ պատկերման տեխնիկա։

Բուժում խմբագրել

Բուժումը վիրահատական է (խոլեդոխոլիթիոտոմիա), որի ժամանակ ԷՌԽՊԳ-ի միջոցով լեղածորանից հեռացվում են լեղային քարերը, չնայած ներկայումս վիրաբույժները ավելի շատ կիրառում են լապարասկոպիկ եղանակը՝ խոլանգիոգրաֆիայի հետ մեկտեղ։ Այս միջամտության ժամանակ կատարվում են փոքրիկ կտրվածքներ որովայնի առաջային պատի, հետո նաև պարկային ծորանի վրա, որը միացնում է լեղապարկը լեղածորանի հետ, և մտցվում է բարակ խողովակ՝ խոլանգիոգրաֆիա կատարելու համար։ Երբ քարերը հայտնաբերվում են, վիրաբույժը մտցնում է փչովի բալոնով խողովակ՝ լայնացնելու համար ծորանը, և սովորաբար քարերը հեռացվում են բալոնի կամ փոքրիկ զամբյուղի միջոցով։ Լազերը կարելի է կիրառել մեծ քարերը մասնատելու և լապարասկոպիայի ժամանակ դրանք հեշտ հեռացնելու համար[3]։

Եթե լապարասկոպիան չի հաջողվում իրականացնել, կատարվում է բաց խոլեդոխոլիթիոտոմիա։ Այս միջամտությունը կատարվում է մեծ քարերի, ծորանի բարդ անատոմիայի դեպքում, լեղապարկի որոշ վիրահատություններից հետո կամ ընթացքում, կամ էլ երբ ԷՌԽՊԳ-ն կամ լապարասկոպիկ միջամտությունները հասանելի չեն[4]։

Սովորաբար լեղապարկը հեռացվում է (խոլեցիստէկտոմիա), կանխելու համար հետագայում ընդհանուր լեղածորանի խցանումը և այլ բարդությունների առաջացումը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (2007). «Gallstones» (PDF). Bethesda, Maryland: National Digestive Diseases Information Clearinghouse, National Institutes of Health, United States Department of Health and Human Services. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Portincasa, P.; Moschetta, A.; Petruzzelli, M.; Palasciano, G.; Di Ciaula, A.; Pezzolla, A. (2006). «Gallstone disease: Symptoms and diagnosis of gallbladder stones». Best Pract Res Clin Gastroenterol. 20 (6): 1017–29. doi:10.1016/j.bpg.2006.05.005. PMID 17127185.
  3. Navarro-Sánchez, Antonio; Ashrafian, Hutan; Segura-Sampedro, Juan José; Martrinez-Isla, Alberto (2016 թ․ օգոստոսի 29). «LABEL procedure: Laser-Assisted Bile duct Exploration by Laparoendoscopy for choledocholithiasis: improving surgical outcomes and reducing technical failure». Surgical Endoscopy. 31 (5): 2103–2108. doi:10.1007/s00464-016-5206-1.
  4. «Open or Laparoscopic Common Bile Duct Exploration (Choledocholithotomy)». The New York Times Health Guide. The New York Times Company. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  5. McAlister, Vivian; Davenport, Eric; Renouf, Elizabeth (2007). «Cholecystectomy Deferral in Patients with Endoscopic Sphincterotomy». Cochrane Database of Systematic Reviews (4): CD006233. doi:10.1002/14651858.CD006233.pub2. PMID 17943900.

Արտաքին հղումներ խմբագրել

Դասակարգում