Ընդերքօգտագործում
Ընդերքօգտագործում, ընդերքի տրամադրումը երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրանց արդյունահանման հետ չկապված ստորգետնյա կառույցների ստեղծման նպատակներով։
Երկրաբանական ուսումնասիրություններ
խմբագրելԵրկրաբանական ուսումնասիրության ձևերն են օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում, շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում, տարածաշրջանային երկրաբանական, հրաբխային գործունեության, ստորգետնյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություններ։
Տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրություն
խմբագրելՏարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրություն (տարածաշրջանային երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ, քարտեզագրում, երկրաքիմիական, երկրաշարժաբանական, ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաերկրաբանական աշխատանքներ)՝ ուղղված ընդերքի ընդհանուր ուսումնասիրությանը։
Հրաբխային գործունեության ուսումնասիրություն
խմբագրելՀրաբխային գործունեության ուսումնասիրություն (երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական շարժընթացների մոնիտորինգի համակարգի ստեղծում և այլ աշխատանքներ, որոնք կատարվում են առանց ընդերքի ամբողջության խախտումների)։
Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում
խմբագրելՕգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում (միջին և խոշոր մասշտաբների երկրաբանական քարտեզագրում, մասնագիտացված հատուկ երկրաֆիզիկական ու երկրաքիմիական աշխատանքներ, փաստագրում, նմուշարկում, հանքային հումքի ու պարփակող ապարների քարագրական, հանքաբանական, տեխնոլոգիական և այլ հատկությունների ուսումնասիրություն, օգտագործվող ու կանխատեսված պաշարների որոշում և գնահատում)։
Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում
խմբագրելՇահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի վերահետախուզում (օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և արդյունավետ օգտագործման նպատակներով)։
Ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություններ
խմբագրելՍտորգետնյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի ուսումնասիրություն (կառուցվածքային առանձնահատկությունների, լեռնային ապարների կազմի ու հատկությունների բացահայտման, հանքաբանական, հևէաերկրաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծման, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքման, գիտական, մշակութային, գեղագիտական ու այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրման ու պահպանման նպատակով)։
Օգտակար հանածոների արդյունահանում
խմբագրելՕգտակար հանածոների արդյունահանման եղանակներն են՝
- ստորգետնյա փորվածքների համակարգով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման,
- բաց՝ երկրի մակերևույթից՝ բաց փորվածքներով,
- հորատանցքային՝ շահագործական հորատանցքերով,
- համակցված՝ վերոհիշյալ եղանակների համակցմամբ։
Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայրերի (մակաբացման ու պարփակող ապարներ, ինչպես նաև հարստացնող, մետաղագործ, և այլ վերամշակվող արտադրության լցակույտեր) վերամշակման նպատակով։
Արդյունահանման այլ ձևեր
խմբագրելՕգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման ձևերն են.
- ստորգետնյա կառույցների շինարարությունը,
- տրանսպորտային ուղիների ստեղծումը,
- արտադրության թափոնների տեղադրումը և այլն։
Երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի՝ ոչ ավելի, քան 50 տարի ժամկետով, իսկ ստորգետնյա կառույցների շահագործման և հատուկ պահպանվող երկրաբանական արգելոցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործումը կարող է լինել անժամկետ։
Ընդերքօգտագործման վնասների նվազեցում
խմբագրելԸնդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրին հասցրած վնասները նվազեցնելու, ինչպես նաև հանքահումքային հենքի ընդլայնման ու որակական բարելավման նպատակով անհրաժեշտ է օգտակար հանածոների հանքավայրերը շահագործել առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով, որոնք կապահովեն հիմնական և ուղեկից օգտակար հանածոների լիակատար, համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզումը, ինչպես նաև անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ ու երկարատև շահագործումը։ Օգտակար հանածոների արդյունահանման դեպքում պետք է ապահովվի հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումն ու պահպանությունը, հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների չափորոշիչների ապահովումը, խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը։
Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման, ինչպես նաև ստորգետնյա կառույցների շինարարության համար կատարվում է հատկացում։
Ընդերքօգտագործումը Հայաստանում
խմբագրելՀայաստանի օրենսդրությամբ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որտեղ իրականացվում են հողը, ջուրը, մթնոլորտը և կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից պաշտպանող միջոցառումներ։
Ընդերքօգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի օրենքներով, եթե վնաս է հասցնում մարդու առողջությանը, ազգային անվտանգությանը, շրջակա միջավայրի պահպանությանը։
Ընդերքօգտագործողներ են համարվում Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքով (2002) և օրենքներով թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք (նաև օտարերկրացի) ու Հայաստանի քաղաքացիները։ ճառագայթաակտիվ հումքի որոնման, հետախուզման ու շահագործման, ինչպես նաև ճառագայթաակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործողներ են համարվում Հայաստան կառավարության կողմից սահմանված հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք։
Ընդերքօգտագործումը կարգավորվում է Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքով (2002)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |