Էմերիխ Յուտներ (անգլ.՝ Emerich Juettner, հունվար 1876 - հունվարի 4, 1955(1955-01-04)), հայտնի է նաև Էդուարդ Մյուլլեր և Պարոն-880 անուններով։ Նա Ավստրիայից ԱՄՆ գաղթած էմիգրանտ էր, որը հայտնի է դարձել ամերիկյան մեկ դոլարանոցի կեղծարարությամբ և թաքնված մնալով Գաղտնի ծառայության խուզարկուներից 1938-1948 թվականների ընթացքում։

Էմերիխ Յուտներ
անգլ.՝ Emerich Juettner
Ծնվել էհունվար 1876
Մահացել էհունվարի 4, 1955(1955-01-04)
Մասնագիտությունcounterfeiter

Կյանքի վաղ տարիները խմբագրել

Էմերիխ Յուտները ծնվել է Ավստրիայում 1876 թվականի հունվար ամսին աշխատավոր ծնողների ընտանիքում։ Նա տան չորս զավակներից ավագն էր, ուներ երկու եղբայր և մեկ քույր։ 1890 թվականի հունվարի 21-ին, երբ Յուտները 13 տարեկան էր, գնում է Նյու Յորք։ 1902 թվականին, երբ 26 տարեկան էր, ամուսնանում է Ֆլորենս Լը Մեյնի հետ, ապա աշխատանքի ընդունվում՝ որպես նկարների շրջանակ պատրաստող։ Ունենում է երկու զավակ, որոնցից որդին ծնվում է 1903 թվականին, իսկ դուստրը՝ 1918:

Մեծ ճգնաժամի տարիները խմբագրել

1929 թվականին վրա հասավ Մեծ ճգնաժամը, որը սկիզբ առավ ԱՄՆ-ից, ապա թափանցեց տարբեր երկրներ։ Դրանցից որոշներում տևեց մինչև 1941 թվականը։ Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում։ Դրա պատճառը Միացյալ Նահանգներում այդ տարվա սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած արժեթղթերի անկումն էր։ Մեծ ճգնաժամը զորեղ հարված հասցրեց ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ երկրներին, քանի որ աշխարհի մակարդակով մեծ անկում ապրեցին անձնական եկամուտները, հավաքված հարկերը, շահույթը, միջազգային առևտուրը նվազեց 50 տոկոսով։ ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25 տոկոսի, իսկ շատ երկրներում՝ մինչև 33-ի։ Այդ տարիներին մարդիկ իրենց գոյությունը պաշտպանում էին բոլոր հնարավոր միջոցներով։

Անորսալի դրամակեղծարարը խմբագրել

 
Նյույորքցի շինարար (1930 թ.)

Յուտները, ընտանիքի կարիքները հոգալու համար, սկսում է աշխատել որպես շինարար և աշխատանքների պատասխանատու Նյու Յորքի Վերին Իստ-Սայդ թաղամասում։ Նրա այդ աշխատանքն իրեն հնարավորություն էր տալիս ընտանիքի հետ առանց վարձի բնակվել կառուցվող շենքի նկուղում։ 1937 թվականին կնոջ մահից հետո նա սկսում է աշխատել աղբահան ընկերությունում։ Կնոջ մահից հետո Յուտների ընտանիքը հայտնվեց ֆինանսական ծայրահեղ ծանր կացության մեջ։

1938 թվականին Նյու Յորքի շուկայում հայտնվեցին կեղծ փողեր։ Բայց ի տարբերություն պրոֆեսիոնալ խարդախների, որոնք կեղծում էին բարձր արժեքի թղթադրամները, նորահայտ կեղծարարն սկսեց իր ձեռքի տակ եղած արհեստագործական միջոցներով տան խոհանոցում թողարկել միայն կեղծ մեկ դոլարանոցներ։ Երբ գաղտնի ծառայություններին ներկայացրին առաջին կեղծված փողերը, խուզարկուները պարզապես ցնցված էին։ Առաջին հերթին, իրեն հարգող ոչ մի կեղծարար ժամանակն ու ուժերը չէր վատնի մեկ դոլարանոց կեղծելու վրա։ Երկրորդ հերթին դրամ կեղծողները հպարտանում էին իրենց արհեստավարժությամբ. նրանք իրենց գործի վարպետներն էին և ձգտում էին ստեղծել այնպիսի կեղծ փողեր, որ դրանք հնարավոր չլիներ տարբերել իսկականից։ Մինչդեռ այս փողերը կեղծված էին սարսափելիորեն վատ, այն աստիճան, որ իրավապահները կարծում էին, թե դրամակեղծարարը պարզապես ծաղրում է իրենց։ Փողերը տպագրված էին խիստ անորակ թղթի վրա, նախագահ Ջորջ Վաշինգտոնը, իրավապահների խոսքով, նման էր Մահին, իսկ նրա անունը գրված էր տառասխալով՝ Washington-ի փոխարեն գրված էր Wahsington:

 
1928 թվականին թողարկված ամերիկյան իրական մեկ դոլարանոց:

Նոր խարդախին անվանեցին «Պարոն-880», քանի որ իրավապահների մոտ նրա գործերը համարակալված էին այդ թվով։ Մեկ ամսվա ընթացքում քրեական լաբորատորիայում հայտնվեց 40 հատ այդպիսի թղթադրամ։ 1938 թվականի կեսերին դրանց թիվը հասավ 585-ի։ Իսկ խնդիրն այն էր, որ Պարոն-880-ը անորսալի էր։ Դրամակեղծարարների մեծ մասին կործանում էր ագահությունը, երբ մեծ արժեքի բազմաթիվ թղթադրամներ էին մտցնում շրջանառության մեջ, գնումներ կատարում նույն տեղից և իսկույն մատնում իրենք իրենց, բայց Պարոն-880-ը երբեք երկրորդ անգամ միևնույն տեղից առևտուր չէր կատարում։ Բացի դրանից երբեք մեկ շաբաթվա ընթացքում 15 հատ կեղծ մեկ դոլարանոցից ավելի չէր օգտագործում։ Խուզարկուներն իրենց գրասենյակում կախեցին Նյու Յորքի հսկայական քարտեզը և ամեն անգամ կարմիր կոճակով նշում էին քաղաքի այն հատվածը, որտեղից հայտնաբերվել էին կեղծ դրամները, որպեսզի որոշեն, թե հատկապես որ թաղամասում պետք է փնտրել կեղծարարին։ Սակայն շուտով Նյու Յորքի ամբողջ քարտեզը ծածկվեց կարմիրով։ Խուզարկուները տպագրեցին և բաժանեցին 200 հազար հատ նախազգուշացնող թերթիկ։ Նրանք բացատրական աշխատանքներ տարան քաղաքի ավելի քան 10 հազար խանութներում, սակայն ամեն ինչ իզուր էր։

Պատահականության զոհը խմբագրել

Տարիներն անցնում էին, իսկ Պարոն-880-ի փնտրտուքը դարձավ Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության պատմության մեջ ամենաթանկը արժեցած որոնողական աշխատանքը։ Իսկ նրան բռնեցին միայն 1948 թվականին, և այն էլ բոլորովին պատահաբար։ Մի շենքում հրդեհ էր բռնկվել, և հրշեջները փողոց էին նետում այն ամենը, ինչը կարող էր այրվել և նպաստել կրակի տարածմանը։ Դրանց մեջ էին նաև տպարանական կլիշեներ, որոնցով տպագրվել էին կեղծ դրամները։ Իրավապահները շատ արագ պարզեցին, որ դրանց տերը նույն շենքի բնակիչ Էմերիխ Յուտներն է, որն աչքի էր ընկել որպես խիստ օրինապահ քաղաքացի։ Նա իր ստեղծած կեղծ դրամներն օգտագործել էր միայն մթերք և առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։ Նա երբեք նույն խանթուպանին չէր խաբում մեկ դոլարից ավելի։ Դատարանը, հաշվի առնելով հանցագործի տարիքը, ինչպես նաև նրա կեղծած դրամի աննշան գումարը, որոշեց նրան տուգանել մեկ դոլարով և ազատազրկմամբ մեկ տարի, մեկ օր ժամկետով։ Սակայն չորս ամիս անց Էմերիխ Յուտները պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։

Յուտների կերպարի արձագանքը արվեստում խմբագրել

Յուտները դարձավ լեգենդ, նրա կյանքի հիման վրա 1950 թվականին նկարահանվեց «Պարոն-880» ֆիլմը, որը նրան անհամեմատ մեծ եկամուտ բերեց, քան իր կեղծած բոլոր փողերը։

Աղբյուներ խմբագրել

  • Crockett, Zachary (June 23, 2019). "The 70-year-old retiree who became America's worst counterfeiter". the hustle.co. San Francisco. Retrieved July 5, 2019.
  • Relles, Howard M. (1890). "New York City Immigrants (Austria, Galicia, Poland), 1890". United States Government National Archives and Records Administration. 1890 New York Ship's Arrivals Records Index ( Jan. 2, 1890 to Dec. 30, 1890): Rolls #543–#560. Hatfield, Elaine; Rapson, Richard (September 8, 2011). Fli
  • The Moneymaker, IMDb, retrieved October 31, 2018