էդուարդ Պողոսյան (մայիսի 15, 1900(1900-05-15), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1977, ԱՄՆ), հայ թատերական գործիչ, դերասան, Պողոսյան թատերախումբի հիմնադիր։

Էդուարդ Պողոսյան
Ծնվել էմայիսի 15, 1900(1900-05-15)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրԱՄՆ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

էդուարդ Պողոսյան ծնվել է Կ. Պոլսում, 1900 թվականի մայիսի 15-ին, Պեզճյան վարժարանի ուսուցիչ Նազարեթ էֆենդիի ընտանիքում։ Կրթություն է ստացել է Կեդրոնական վարժարանում։ Սովորելու տարիներից գայթակղվել է թատրոնով, լուռ դերերով մասնակցել է հայերեն ներկայացումների։ 1917 թվականից տարբեր խմբերում կատարել է կատակերգակ փոքր դերեր[1]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մի խումը ընկերներով Գում Գափու թաղամասում ստեղծել են «Արևելյան թատերախումբը», որի կազմում խաղում էին Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը։

1923 թվականի սկզբին մեկնել է ԱՄՆ։ Մարտ ամսից հանդես է եկել տարբեր քաղաքների թատրոններում։ Նույն թվականի մարտի 30-ին Բոստոնում բեմադրվել է «Քիթ Կարապետ կամ ամերիկահայ փեսացուն» ներկայացումը[2]։ Պողոսյանը երբեմն իր ներկայացումները ցուցադրել է տարբեր վերնագրերով։

1923 թվականի ապրիլ և մայիս ամիսները եղել են Պողոսյանի ամենավառ գործունեության ամիսները[3]։ Նա իր ընկերների հետ շրջագայել է և «Քիթ Կարապետը» ներկայացրել հայերին, միաժամանակ ծանոթացել միջավայրին ու մարդկանց։ Պողոսյանը իր ներկայացումները շարունակել է հեռավոր ու խուլ վայրերում, որտեղ չեն եղել հայերեն թերթեր։

Պողոսյանը թատերախմբի կազմում երգել է և ասմունքել։ Նրա երգերի մեջ գլուխգործոց է համարվել «Ութօրեքի» երգը, որը նա ժողովրդի ձայնակցությամբ կատարել է անընդհատ։ Նրա երգացանկում եղել են նաև այնպիսի երգեր, որոնք կատարվել են հակառակ իմաստով և ծիծաղ առաջացրել ունկնդիրների մեջ։

Պողոսյանի երգերն ու պարեղանակները 1950-ական թվականներից ձայնագրվել են ձայնապնակների վրա ու լայնորեն տարածվել ոչ միայն ամերիկահայ գաղութում, այլև սփյուռքով մեկ։ 1967 թվականին հրապարակվել է նրա կատարումները պարունակող մի մեծ ձայնապնակ, որտեղ ձայնագրվել են «Զահել եմ, ջահել եմ», «Բոքերջի Հայկո», «Ախ, սա կնիկս», «Խարբերդի քյոֆթան», «Հայդե քալն, քալե» և այլ երգեր։

«Հայդե քալն, քալե» երգը Թուրքիայում և Մերձավոր Արևելքի թուրքախոս ժողովուրդների մեջ տարածված հայտնի «Յուրի յավրում» պարերգն է՝ թարգմանված հայերենի։ Թուրքերեն այդ երգը սիրված է եղել հայերի մոտ, որն էլ սփյուռքում թարգմանել են հայերեն։

Ամերիկայում էդուարդ Պողոսյանի կողմից հունարենի է թարգմանվել և բեմադրվել Ուզեիր Հաջիբեկովի «Արչին մալ ալան» օպերետը։ Այդտեղ նա խաղացել է Ասկյարի դերը։

1924 թվականին Պողոսյանը մեծացրել է խմբի կազմը, ընդգրկել դրամատիկ դերեր կատարող նոր ուժեր, բեմադրել դրամաներ և կատակերգություններ։ Որոշ ժամանակով խմբի անունը փոխել է «Նյու Յորքի մելոդրամատիկ թատերախումբ» անվամբ։

  Դերասան էդ. Պողոսյան ամերիկահայության մեջ միակը հանդիսացավ, որ դիմագրավելով բոլոր դժվարությունները, պայքարելով ամեն մեկ արգելքի դեմ, հանձն առնելով անխուսափելի անպատեհություններ, մնաց պատնեշի վրա աներեր։ Ան իր անհաղթելի կամքին դիմացկունությամբը գրանիտյա հիմք ունեցող ազգասիրությամբն և անվերապահ ու անսակարկելի նվիրվածությամբն իր ամբողջ կյանքը տրամադրեց իր արվեստին ու օտար ափերու վրա, հայ թատրոնի կանգուն մնալուն առաջադրությանը։ Հարգանք և պատիվ իրեն։
- Արամ Բագրատունի, Է․ Պողոսյանի կենսագիր, «Լրաբեր» Նյու Յորք
 

1957 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի թատերասերները տոնել են դերասանի գործունեության 50-ամյա հոբելյանը։

էդուարդ Պողոսյանը մահացել է 1977 թվականի հունվարին, ԱՄՆ-ում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քուլիս», Կ. Պոլիս, հուլիսի 15, 1970
  2. «ՀԱՅՐԵՆԻՔ,1923, մարտի 29» (PDF).
  3. Ջահակիր 386-397 (1971) էջ 66
  4. Եդուարդ Պօղոսեան

Արտաքին հղումներ խմբագրել