Զրոյական բազայով բյուջետավորում

Զրոյական բազայով բյուջետավորում (անգլ.՝ zero-based budgeting, ZBB), բյուջեի պլանավորման մեթոդ, որի դեպքում ուշադրություն չեն դարձնում նախորդ ժամանակահատվածների բյուջեների իրական արժեքներին։ Այս պարագայում բյուջեների հիմք դառնում են վաճառքի կանխատեսումները, ծախսերի տեխնոլոգիական չափորոշիչները և տնտեսական հաշվարկները։ Ընդհանուր առմամբ՝ մեթոդը տալիս է ավելի ճշգրիտ արդյունք, քան ավանդական մոտեցումը։

Սահմանում խմբագրել

Անգլիացի պրոֆեսոր Քոլին Դրուրին սահմանել է զրոյական բազայով բյուջետավորումը որպես բյուջետավորման մեթոդ, որում պլանավորված ծախսերը որոշվում են զրոյից, այսինքն` յուրաքանչյուր ժամանակահատված (տարի) բյուջեն կազմվում է այնպես, կարծես ընթացիկ ծախսերի ծրագիրը հենց նոր է սկսվում[1]։

Ամերիկացի տնտեսագետ Ջե Շիմի կարծիքով՝ զրոյական բազայով բյուջետավորումը պլանավորման և բյուջետավորման գործիք է, որն օգտագործում է նախագծերի և գործառույթների «ծախս-եկամուտ վերլուծություն»՝ ձեռնարկությունում ռեսուրսների բաշխումը բարելավելու համար։ Ավանդական բյուջետավորումը կենտրոնանում է նախորդ տարիների աստիճանական համեմատությունների փոփոխությունների վրա՝ ենթադրելով, որ նախորդ տարվա գործունեությունը նշանակալի է և պետք է շարունակվի նույն միտումով։ Զրոյական բազայով բյուջետավորման եղանակով ծախսի և օգուտի գնահատումները կառուցվում են զրոյից` զրոյական մակարդակից և պետք է հիմնավորված լինեն։ Յուրաքանչյուր ղեկավար պետք է մանրամասն հիմնավորի իր բյուջետային հայտը՝ սկսած զրոյական հաշվեկշռից[2]։

Զրոյական բազայով բյուջետավորման փուլեր խմբագրել

Զրոյական բազայով բյուջետավորումը ներառում է հետևյալ երեք փուլերը[1].

  • գործունեության յուրաքանչյուր տիպի նկարագրություն, որի համար որոշումներ են կայացվում ընդունված որոշումների ընդհանուր փաթեթի շրջանակներում,
  • որոշումների գնահատում և դասակարգում` դրանց առաջնահերթության տեսանկյունից,
  • ռեսուրսների բաշխումն առաջնահերթ հիմունքներով՝ հաշվի առնելով հատկացված ընդհանուր միջոցները։

Զրոյական բազայով բյուջետավորումն առավելագույնս հարմար է հայեցողական ծախսերի (մենեջերները որոշակի ազատություն ունեն որոշակի տեսակի գործունեության համար հատկացվող միջոցների ծախսման համար) և օժանդակ գործունեության տեսակների համար[1]։

Բյուջետային ցուցանիշների պլանավորման հիմնական ձևեր խմբագրել

  • Եկամուտներ` վաճառքի կանխատեսումների (ընտրված ապրանքների տեսակների) և կանխատեսվող վաճառքի գների հիման վրա։
  • Արտադրության ծախսեր` տեխնոլոգիական ստանդարտների համաձայն։
  • Վարչատնտեսական ապահովման ծախսեր` ստորաբաժանումների հայտով։
  • Ներդրումներ և վերանորոգման ծախսեր` համաձայն ներդրումների նախահաշվային արժեքի և վերանորոգման աշխատանքների։
  • Գնումներ` ելնելով վարչագույքային ապրանքների, նյութերի մատակարարման ժամանակից և ստորաբաժանումների պատվերով նշված ծառայությունների գնից։
  • Ֆինանսական մուտքերի և վճարումների պլան` առաքված և գնված ապրանքների համապատասխան, ձեռքբերված վարչագույքային ապրանքների վճարման համաձայն։

Քննադատություն խմբագրել

Առավելություններ
  • Զրոյական բազայով բյուջեները չեն ներառում նախորդ ժամանակահատվածներում կուտակված սխալները։
  • Այս մեթոդի համաձայն՝ հաշվարկված ծախսերն ունեն հիմնավորման բարձր աստիճան։ Ղեկավարներն ստանում են լրացուցիչ տեղեկություններ՝ ծախսերի անհրաժեշտության համար հիմնավորված որոշումներ ընդունելու կամ դրանց սեկվեստրավորման հնարավորությունների վերաբերյալ։

Ըստ Ք. Դրուրիի՝ զրոյական բազայով բյուջետավորման առավելություններին կարելի է ավելացնել[1].

  • նախորդ արդյունքների տարածման բացակայության միտում, ավելացրած ընթացիկ տարվա տոկոսային ցուցանիշը։ Ի տարբերություն ավանդական գնահատականների՝ ֆինանսավորման չափն ի սկզբանե որևէ մեկի համար երաշխավորված չէ։
  • բոլոր առարկաների համար ավելի քննադատական մոտեցում, քան ավանդական բյուջեները։ Զրոյական բազայով բյուջետավորման ներկա պրակտիկան ստեղծում է «փողի արժեքին» համապատասխան սկզբունք։
  • «Փողի արժեքի» սկզբունքը գնահատելիս ուշադրության կենտրոնում են դրվում վերջնական արդյունքները։
Թերություններ
  • Հիմնական թերությունը աշխատանքի ծախսերն են։ Պլանավորման գործընթացի տևողությունը կարող է լինել մի քանի անգամ ավելի երկար, քան ավանդական մոտեցմամբ անցկացրած ժամանակը։ Այս մեթոդի օգտագործման ծախսերը կարող են գերազանցել դրա օգտագործման առավելությունները։
  • Առանց նախորդ ժամանակահատվածի բազան օգտագործելու որոշ ցուցիչների կանխատեսվող արժեքների սահմանումը կարող է լինել ավելի քիչ արդյունավետ կամ տալ պակաս չափով ճշգրիտ արդյունքներ։
  • Մոտեցումը կարող է լիովին օգտագործվել միայն ավտոմատացման բավականաչափ բարձր աստիճանի միջոցով։

Ըստ Ք. Դրուրիի՝ զրոյական բազայով բյուջետավորման թերություններին կարելի է ավելացնել[1].

  • կիրառման թանկությունը և աշխատանքի ծախսերի բարձր մակարդակը։ Այսպիսով, լուծման փաթեթների բովանդակությունը և դրանց նպատակի նշանակությունը սահմանելու համար մեծ գումար և ժամանակ է հարկավոր։
  • լուծման շատ փաթեթներ կան (ինչը ձեռնարկության համար բավարար չէ), իսկ բավարար քանակությամբ համապատասխան տեղեկատվություն չկա, որպեսզի նրանց դասակարգեն ըստ գրավչության։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Друри К. Управленческий и производственный учёт: учебный комплекс для студентов вузов. — 6-е изд. — М.: Юнити-Дана, 2012. — С. 538-541. — 1423 с. — ISBN 978-5-238-01060-1
  2. Shim J.K. Budgeting basics and beyond/J.K. Shim, J.G. Siegel, A.I. Shim — John Wiley & Sons, Inc., Hoboken, New Jersey, 2012 — P.425 — 542p. — ISBN 978-1-118-09627-7