Զզվանք
Զզվանք, բացասական զգացմունք, ուժգին տհաճության զգացում։ Հակառակ էմոցիան հաճույքն է։ «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտումը» գրքում Չարլզ Դարվինը գրել է, որ զզվանքը զգացմունք է, որ վերաբերում է զզվելի ինչ-որ բանի։ Զզվանքն առաջին հերթին կարելի է զգալ զգացական և համի, իսկ երկրորդ հերթին` հոտի, շոշափելիքի կամ տեսողական զգայարաններով։ Երաժշտապես զգայուն մարդիկ զզվանք կարող են զգալ նաև լսելով[1]։
Զզվանքը Ռոբերտ Պլուչիկի զգացմունքների տեսության հիմնական էմոցիաներից մեկն է և խորապես ուսումնասիրվել է Փոլ Ռոզինի կողմից։ Այն արթնացնում է բնորոշ դիմային արտահայտություն` Փոլ Էկմանի էմոցիաների վեց տիեզերական դիմային արտահայտություններից մեկը։ Ի տարբերություն վախի, զայրույթի և տխրության զգացումներին` զզվանքն առաջացնում է սրտի զարկերի դանդաղացում[2]։
Քանի որ զզվանքը մասամբ սոցիալական պայմանների արդյունք է, զզվանքի առումով տարբեր մշակույթների միջև տարբերություններ կան։ Ամերիկացիների մոտ «զզվանքի զգացմունքները կապված են այն գործողությունների հետ, որոնք սահմանափակվում են մարդու իրավունքները կամ ոտնահարում են անձի արժանապատվությունը», մինչդեռ ճապոնացիները «զզվանքի զգացողությունը ասոցացնում են այն դեպքում, երբ խոչընդոտում են նրանց ինտեգրումը սոցիալական աշխարհին»[3]։
Նկարագրություն
խմբագրելԶզվանքը կարևոր դեր է խաղում կենդանի օրգանիզմների ինքնապաշտպանության գործառույթի մեջ։ Այն թույլ է տալիս խուսափել ինֆեկցիայից, չուտել անարժեք և վնասակար ուտելիք, ինչպես նաև պահպանել ինքդ քեզ։
Հոգեբանները և նեյտրոկենսաբանները, ովքեր ուսումնասիրում են էմոցիաները, ենթադրում են, որ շատ բարոյական հատկանիշներ մարդկանց մոտ զարգացել են զզվանքի զգացումից, որը մարդկանց մոտ, այլ կենդանիների հետ համեմատած, տարօրինակ կերպով է զարգացել և բարդացել։ Զզվանքը մարդկանց մոտ բաժանվում է երկու խմբի` «առաջնային», որը գրեթե անգիտակցական արձագանքն է կեղտոտությանը, առնետներին, խավարասերներին և այլն ու «երկրորդային», որը վերաբերում է ավելի աբստրակտ բաներին կամ մարդկանց` օրինակ` խաբող քաղաքական գործիչներին, ծախու պաշտոնյաներին և այլն։
Ժամանակին զզվելի են համարվել կանայք (հատկապես` դաշտանի շրջանում), հոգեկան անբավարարվածություն ունեցող մարդիկ և միջռասայական սեռական կապը։ Քաղաքական գործիչները բոլոր ժամանակներում զզվանքն օգտագործել են որպես խմբերում ամրության հաստատելու գործիք` հրահրելով մի խմբին մեկ այլ խմբի դեմ (քսենոֆոբիա)։
Որոշ ազգային կերակուրներ այլ ազգերի կողմից զզվելի են ընկալվում։ Այդպիսի կերակուրների շարքին կարելի է դասել, օրինակ, իտալական կասու մարցու պանիրը, որը պարունակում է կենդանի միջատների թրթուրներ, չինական «հազար տարեկան ձուն»` բադի եփված ձուն, որի մեջ արդեն սաղմ է ձևավորվել և այլն։
Զզվանքից մարդու մոտ տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են ստամոքսի և կերակրափողի սեղմումը, սրտխառնոցի զգացումը, կոկորդի ցավը, բարձր հազը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cisler, J.M.; Olatunji, B.O.; Lohr, J.M.; Williams, N.L. (2009). «Attentional bias differences between fear and disgust: Implications for the role of disgust in disgust-related anxiety disorders». Cognition and Emotion. 23 (4): 675–687. doi:10.1080/02699930802051599. PMC 2892866. PMID 20589224.
- ↑ Rozin P, Haidt J, & McCauley C.R. (2000) Disgust In M. Lewis & J.M. Haviland-Jones (Eds) Handbook of Emotions, 2nd Edition (pp637- 653). New York: Guilford Press
- ↑ Haidt, J.; Rozin, P.; McCauley, C.; Imada, S. (1997). «Body, Psyche, and Culture: The Relationship between Disgust and Morality». Psychology & Developing Societies. 9: 107–131. doi:10.1177/097133369700900105.