Զաջալ
Զաջալ (արաբ․՝ زجل), արաբական միջնադարյան գրականության ժանր։ Հիմնվել է դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն ծաղկում է ապրել Անդալուսում՝ Օմայյանների օրոք։ Տարածվել է ոչ միայն Արաբական արևմուտքում (Ալժիր, Մարոկկո), այլև Արաբական արևելքում (Լիբանան, Պաղեստին)։ Ձևով նման է մուվաշշահին։
Զաջալը (արաբ․՝ زَجَلٌ՝ մեղեդի, երգ), անդալուսյան պոեզիայի բանաստեղծական ձևերից է։ Գրված է բարբառով։ Սկսում է հանգավորված կրկներգով՝ մարքազով (արաբ․՝ مركز՝ կենտրոն), այնուհետև հաջորդում են երեք հանգավորված տողեր՝ ղուսն (արաբ․՝ غصن՝ ճյուղ), Ղուսնին հաջորդում է մարքազի հետ նույն հանգն ունեցող տող սիմթը (արաբ․՝ صمت՝ լռություն, դադար)։ Առաջին տունը՝ մարքազը կազմված է 2 տողից, դրան հաջորդում է 5-9 տուն՝ յուրաքանչյուրում հավասար թվով տողեր՝ 4-12։
Զաջալը մոտ է ժողովրդական բանահյուսությանը, երգին։ Այն ի հայտ է եկել մուվաշշահից մի քիչ ուշ, բայց կա նաև հակառակ կարծիքը, որ զաջալը այն անցումային ձևն էր, որը բերեց ավելի մաքուր և գրական մշակված ձևի՝ մուվաշշահի (արաբ․՝ موشّح՝ գոտևորված, բանաստեղծության տեսակ), ի հայտ գալուն։ Արդյունքում 2 բանաստեղծական ձևերն էլ զարգանում էին զուգահեռաբար տարբեր սոցիալական միջավայրերում։ Պաշտոնական ճանաչում զաջալը ստացել է մուվաշշահից հետո և մինչև զաջալի կարկառուն հեղինակների ի հայտ գալը գոյություն ուներ միայն բանավոր երգիչների միջավայրում։
Զաջալը ձևով միօրինակ է։ Նրա տունը կազմված է հիմնականում 3 հանգավորված տողերից և կրկներգերից։ Մի քանի դեպքում զաջալը սկսվում է կրկներգից։ Զաջալի չափերը չեն տեղավորվում դասական արաբական տաղաչափության՝ արուդի (արաբ․՝ علم العروض), կառուցվածքի մեջ։ Զաջալի հեղինակները լիովին հասկանում էին իրենց տարբերությունը ավանդական պոեզիայից։ Այս մասին ավելի մարնամասն խոսում է Իբն Կուզմանը իր զաջալում։ Պարզությունն ու արտասանության յուրահատկությունը Իբն Կուզմանը համարում է այս ձևի հիմնական արժանիքը։ 10-12-րդ դարերի զաջալը առանձնահատուկ նշանակություն էր ձեռք բերել։ Աֆրիկյան բերբերները հեշտությամբ ընկալել էին անդալուսյան բարբառը, և անդալուսյան բանահյուսությունը դարձել էր նրանց սեփականությունը։ Հյուսիսային Աֆրիկայի բնիկ ժողովուրդներին արաբները մեկ անունով կոչում էին բարբարոսներ (արաբ․՝ بَرْبَرٌ՝ բերբեր, եզակի,արաբ․՝ بَرَابِرَةٌ՝ բարաբիր, հոգնակի)։ Նրանք արաբական Իսպանիայում հաստատվել էին արաբների հետ միաժամանակ։ Ավելի ուշ բերբերները ստեղծում են սեփական պետությունները՝ ալ-Մորավիների, ալ-Մոհադների պետությունները, և Անդալուսի այն հատվածները, որոնք գրավված չեն լինում քրիստոնյա տիրակալների կողմից, անցնում են նրանց իշխանության տակ։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Куделин А.Б. Классическая арабо-испанская поэзия. М. 1972
- Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
- Фильштинский И. М. - Арабская литература в Испании (VIII—XIII вв.)
- Фильштинский И. М.Краткая литературная энциклопедия: В 9 т.
- Фильштинский И. М. - Арабская классическая литература, М. - 1965}}