Երևանի քիմիական ռեակտիվների գործարան

Երևանի քիմիական ռեակտիվների գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հանդիսացել է «Սոյուզռեակտիվ» համամիութենական արտադրական միավորման ձեռնարկությունը։

Հիմնադրվել է 1963 թվականին, առաջին արտադրանքը թողարկել 1966 թվականին։ Արտադրել է մոտ 1000 տեսակի օրգանական քիմիական ռեակտիվներ՝ սինթետիկ գինեթթու և դրա աղերը, սաթաթթու, մորֆոլին, մետագինեթթու, ամինաթթուներ և դրանց աղերը, մակերևութաակտիվ (ացետոմոնոգլիցերիդներ) և փայլեցնող (լիկոնդաներ) նյութեր, կիտրոնաթթվի աղեր, թթվածին, քլոր և ազոտ պարունակող նյութեր։ Պատրաստի արտադրանքն օգտագործվել է սննդի, քիմիադեղագործական, պարֆյումերիայի, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության, մեքենաշինության և գյուղատնտեսության մեջ։

Արտադրանքն իրացվել է խորհրդային բոլոր հանրապետություններում, ինչպես նաև առաքվել Բուլղարիա, Կուբա, Լեհաստան, Հարավսլավիա, Հնդկաստան, Արևմտյան Բեռլին, Սինգապուր և այլուր։

Գործարանը գիտաարտադրական կապերի մեջ է եղել ԽՍՀՄ մի շարք քաղաքների ճյուղային ԳՀԻ-ների և ուսումնական հաստատությունների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։