Երևանի ծխախոտի կոմբինատ
Երևանի ծխախոտի (փորձարարական) կոմբինատ, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1924 թվականին, «Հայկոոպ» սպառողական ընկերության «Արամազդ», «Մասիս» և «Հրագդան» արհեստանոց-արտելների բազայի վրա։ 1967 թվականից կոչվել է Երևանի ծխախոտի կոմբինատ։
Ունեցել է ծխախոտի, գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, ացետատային զտիչ ծխափողերի, տպագրավիմագրական արտադրամասեր, փորձարան։
Թողարկել է «Ախթամար», «Արինբերդ», «Սալյուտ», «ՀԾ», «Սևան», «Հրազդան», «Մասիս», «Ավրորա», «Հայաստան» ն այլ տեսակի ֆիլտրով և սովորական բարձրորակ սիգարետներ, գլանակներ, որոնց 75%-ն ունեցել է պետական որականիշ։ 1975 թվականին արտադրվել է 9.1 միլիարդ հատ սիգարետ և գլանակ, 3 միլիարդ հատ ացետատային զտիչ ծխափող, 6.6 միլիարդ հատ անֆիլտր և 2.2 միլիարդ հատ ֆիլտրով բարձրորակ սիգարետ։ Արտադրանքն իրացվել է խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ մյուս շրջաններում։
Թողարկվող արտադրատեսակները ներկայացվել են միութենական և միջազգային ցուցահանդեսների ու տոնավաճառների (ԽՍՀՄ ԺՏՆՑ, Լայպցիգ, Դամասկոս, Զակարտա, Թեհրան, Մոնրեալ, Լոնդոն, Տոկիո և այլն), ուր «Սալյուտ» և «ՀԾ» ապրանքանիշերը ստացել են 45, «Ախթամար» և «Արինբերդը»՝ 46 միավոր (բարձրորակ սիգարետների միջազգային ընդունելի չափանիշը՝ 43 միավոր), իսկ «Ախթամար»-ը բազմիցս արժանացել է ոսկե մեդալի։
ԽՍՀՄ-ում առաջին անգամ կոմբինատը յուրացրել է ացետատային մանրաթելից զտիչ ծխափողերի արտադրության տեխնոլոգիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 572)։ |