Երևանի բիայնական դամբարան

Երևանի բիայնական դամբարան, Վանի Արարատյան թագավորության երեքհազարամյա դամբարան Երևանի հարավարևմտյան հատվածում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում[1][2]։

Երևանի բիայնական դամբարան
Երևանի բիայնական դամբարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան, դամբարան և հնագիտական հուշարձան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան

Պատմական նկարագիր խմբագրել

Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին, այն հայտնաբերվել 1984 թվականի մարտին տարածքում գործող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ։ Հայտնաբերված բիայնական դամբարանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։

Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում[3][4]։ Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ[1]։

Կառուցվածք խմբագրել

Դամբարանն ուղղանկյունաձև կառույց է՝ հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Այն կառուցված է կարմիր, սև, մուգ դարչնագույն և շագանակագույն տուֆով։ Ներքին չափերով կառույցի երկարությունը 3,46 մ է, լայնությունը՝ 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ։ Դամբարանի մուտքը, որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, փակված է եղել հսկա սալաքարով, որն այժմ ցուցադրվում է դամբարանի տարածքում։ Դամբարանախցի հատակը շարված է տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Դամբարանախուցն ունի հինգ որմնախորշ, որոնցից երեքը արևմտյան պատի մեջ են, մեկը՝ հարավային, մյուսն՝ արևելյան։

Ծածկը բաղկացած է եղել տուֆե հինգ երկայնական քարասալից, որոնք դրված են եղել կողք-կողքի` սրահի լայնքով մեկ (արևմուտքից արևելք ուղվածությամբ) և հենվել են պատերի շարվածքի վերին՝ հինգերորդ շարքի քարերի ձևավորած քիվի վրա։

Պեղածո նյութ խմբագրել

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում».
  2. ««Երևան մոլի» տարածքում ուրարտական ժամանակաշրջանի դամբարան կա».
  3. «Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 14».
  4. 4,0 4,1 «Հայաստանի հնագիտական հուշարձանները, Մոնթե Մելքոնյան, Երևան 1995» (PDF).