Վիքիպեդիայում կան հոդվածներ Ագուլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Նիկոլայի Ագուլյան (1903, Թիֆլիս - 1942, Լենինգրադ), հայ անտառագետ, կուսակցական գործիչ։

Երվանդ Ագուլյան
Ծնվել է1903
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1942
Մահվան վայրԼենինգրադ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունանտառագետ

Կենսագրություն խմբագրել

1922 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսում է աշխատել կոմերիտմիության Անդրերկոմում, ապա ԼԿԵՄ Թիֆլիսի կոմիտեում որպես հաշվային-վիճակագրական բաժնի վարիչ։ 1923 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը և Թիֆլիսի կոմիտեում անցել է կուսակցական աշխատանքի։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի անտառատեխնիկական ինստիտուտը և սկսել է աշխատել Վրաստանի արհեստակցական միությունների խորհրդում որպես անտառային և լաստառաքման աշխատողների միության հանրապետական կոմիտեի նախագահ։ 1934 թվականին որպես անտառագետ հրավիրվում է Հայաստան և նշանակվում Կիրովականի անտառային փորձակայանի առաջին տնօրեն, որի ժամանակ Հայաստանում սկիզբ է դրվում անտառտնտեսության գիտահետազոտական աշխատանքին։

1939 թվականին Արևմտյան Ուկրաինայի վերամիավորումից հետո ուղարկվում է Արևմտյան Ուկրաինա անտառային տնտեսությունը կազմակերպելու համար։ Այստեղ՝ Ստանիսլավսկու մարզում, աշխատում է մինչև 1941 թվականի հունիս ամիսը։

Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբին, Ստանիսլավսկու մարզի օկուպացումից հետո, մեկնում է Լենինգրադ՝ անտառային ակադեմիայում ասպիրանտուրայի ավարտական քննությունները հանձնելու։ Այստեղ, որպես գնդի կոմիսար, մասնակցում է Լենինգրադը շրջափակած ֆաշիստական Գերմանիայի զորքերի դեմ մղվող պատերազմին և 1942 թվականին զոհվում է Լենինգրադի Նարվասկայա Դուբրավա արվարձանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 7-8։