Երջանիկ Հովեյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովեյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երջանիկ Սարգսի Հովեյան (1921, Երանոս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1969): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Երջանիկ Հովեյան
Ծնվել է1921
ԾննդավայրԵրանոս, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Երջանիկ Հովեյանը ծնվել է 1921 թվականին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ 1940 թվականին ավարտել է Կամո քաղաքի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանքի անցել Մարտունու շրջանում[1]։

1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ և ծառայել 141-րդ դիվիզիայի 745-րդ հրաձգային գնդում, որը գտնվել է Շեպետովկա քաղաքում։ 1941 թվականի հունիսի 22-ին նրանց զորամասը մարտի է բռնվել թշնամու մոտոհետևակային և տանկային ուժերի հետ։ Հունիսի 29-ին Երջանիկը վիրավորվել է, ապաքինվելուց հետո ծառայել է 3-րդ գվարդիական փառաբանված դիվիզիայի 22-րդ հրետանային գնդում։ Սեպտեմբերին Վոլխովի ռազմաճակատում կռվել է Լենինգրադի պաշտպանության համար։ 1942 թվականի ամառը նրանց զորամասը տեղափոխվել է Ռյազանի մարզ, համալրվել թարմ ուժերով և տեղափոխվել Ստալինգրադյան ռազմաճակատ։ Մարտերից մեկում Երջանիկը վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է իր գունդը։ 1943-1944 թվականներին մասնակցել է Դոնբասի, Աջափնյա Ուկրաինայի, այնուհետև Ղրիմի ազատագրմանը։ 1944-1945 թվականներին 1-ին Մերձբալթյան և 3-րդ Բելոռուսական ռազմաճակատների կազմում մասնակցել է Բելոռուսիայի, Լիտվայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը[1]։

Հովեյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», Քյոնիգսբերգի գրավման համար մեդալներով։ 1943 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին զորացրվել է բանակից և շարունակել մանկավարժական աշխատանքը։ Ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ Երկար տարիներ եղել է Երանոս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև՝ երեկոյան դպրոցի տնօրեն։ 1969 թվականին Հովեյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1969)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • Քյոնիքսբերգի գրավման համար մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել