Երկրաբանական հասակ, երկրակեղևը կազմող ապարների հասակ։ Տարբերում են հարաբերական և բացարձակ երկրաբանական հասակ։ Նստվածքային և հրաբխածին ապարների հարաբերական հասակը որոշվում է շերտադրության հաջորդականության սկզբունքով յուրաքանչյուր շերտ (շերտավոր ապարների չխախտված տեղադրման դեպքում) երիտասարդ է իր տակի շերտից։ Երկրաբանական կտրվածքներում շերտադրության հաջորդականության ուսումնասիրությամբ կազմվում է տվյալ շրջանի շերտագրությունը։ Միմյանցից հեռու գտնվող շրջանների, երկրների կամ աշխարհամասերի շերտագրությունների համադրումը կատարվում է շերտերում եղած բրածո ֆաունայի ու ֆլորայի միջոցով՝ հնէաբանական մեթոդով, ըստ որի օրգանական աշխարհի զարգացումն անդարձելի ու էվոլյուցիոն պրոցես է և ընթանում է պարզից դեպի բարդը։ Հետևաբար

  1. բարդ և բարձր զարգացած օրգանիզմների բրածո մնացորդներով շերտերը երիտասարդ են պարզ ձևեր պարունակողներից։
  2. միատեսակ բրածո ֆաունա և ֆլորա պարունակող շերտերը միևնույն հասակի են։

Երկրաբանների մի քանի սերունդների աշխատանքով բացահայտված է երկրակեղևը կազմող նստվածքային ապարների կուտակման ընդհանուր հաջորդականությունը և ստեղծված շերտագրական սանդղակ, որը երկրաբանական ժամանակագրության հիմքն է։ Ինտրուզիվ ապարների հարաբերական հասակը որոշվում է նստվածքային ապարների հետ ունեցած նրանց փոխհարաբերությամբ։ Ամեն մի ինտրուզիվ մարմին երիտասարդ է այն շերտերից, որոնց նա պատռվում է, և հին՝ նրանցից, որոնք գտնվում են նրա լվացված ու քայքայված մակերևույթի վրա (ծածկում են ինտրուգիային)։ Ապարների բացարձակ երկրաբանական հասակը ժամանակագությունը որոշվում է ռադիոլոգիական մեթոդներով, որոնց հիմքում ընկած է որոշ քիմիական տարրերի (Ս, Th, K, Rb, Re, C) ռադիոակտիվ տրոհման երնույթը (տես Ռադիոակտիվություն)։ Ապարների գոյացումից հետո նրանց մեջ սկսում են կուտակվել ռադիոակտիվ տարրերի տրոհման արգասիքները (Pb, Cs, Os, Ar), որոնց քանակը ժամանակի ընթացքում ավելանում է։ Որոշելով ապարում ռադիոակտիվ որնէ տարրի և նրա տրոհման արգասիքի քանակությունը՝ հաշվում են ապարի բացարձակ երկրաբանական հասակը ըստ աստղաբաշխական ժամանակի հետընթաց սանդղակի՝ սկսած մեր օրերից։ ԽՍՀՄ-ում կան ապարների բացարձակ երկրաբանական հասակի որոշման բազմաթիվ ռադիոլոգիական լաբորատորիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 617