Երաժշտական հնագրություն

Երաժշտական հնագրություն, պատմական երաժշտագիտության, միաժամանակ պատմա-բանասիրական հնագրության բնագավառ, երաժշտապատմական դիսցիպլին, որն ուսումնասիրում է երաժշտական գրության հին համակարգերը, երաժշտական նշանների էվոլյուցիայի օրինաչափությունները, նրանց գծագրական ձևերի փոփոխությունը, ինչպես նաև երաժշտական գրության հին հուշարձանները՝ նրանցում կիրառված նոտային համակարգերի բովանդակության և նրանց գրության ժամանակի ու վայրի առումով։

Երաժշտական հնագրության խնդիրը խմբագրել

Հիմնական խնդիրն է՝ երաժշտական գրության մոռացված համակարգերի վերծանումը և նրանցով գրառված երաժշտության փոխադրությունը ժամանակակից գծային նոտագրության։ Բուն հնագրության մեթոդներից բացի, օգտագործում է երաժշտա-տեսական ու պատմական հետազոտություններ նաև վիճակագրության, ինֆորմացիայի տեսության ու այլ գիտությունների տեսական վերլուծումներ։

Ձևավորումը խմբագրել

Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է XIX դարի կեսերին։ Արևմտաեվրոպական և բյուզանդական նևմային գրության ուսումնասիրության և վերծանության ուղղությամբ մեծ ներդրում ունեն է. Կուսմակերը, Հ. Ռիմանը, Օ. Ֆլայշերը, նոր ժամանակներում՝ է. Վելեսը, Հ. Տիլյարդը, Կ. Հյոհեգը (փորձել են տալ միջին-բյուզանդական նևմագրության լիակատար վերծանությունը)։ Ռուսական միջնադարյան եկեղեցական երգարվեստի («Զնամենյան ռասպև») և կրյուկային նոտագրության ուսումնասիրության բնագավառում նշանակալից են Մ. Սմոլենսկու, Վ. Մեքալլովի, Ա. Պրեոբրաժենսկու, սովետական հետազոտողներ Վ. Բելյաևի, Մ. Բրաժնիկովի, Ն. Ուսպենսկու աշխատությունները։ Որոշակի աշխատանք է տարվում վրացական հին նոտագրության («Նիշանի») ուսումնասիրության ուղղությամբ։ Հայկական խազային նոտագրության ուսումնասիրության բնագավառում աշխատել են բազմաթիվ եվրոպացի երաժիշտ-միջնադարագետներ։ Նշանակալից են հայ հետազոտողներ Ե. Տնտեսյանի և Կոմիտասի, խորհրդային երաժշտագետներ Ռ. Աթայանի և Ն. Թահմիզյանի աշխատությունները։ Վերջին ժամանակներում զգալի նվաճումներ կան մասնավորապես հին երաժշտական ձեռագրերի հայտնաբերման, նրանց թվագրման, ընդհանրապես հայ երաժշտական հնագրության սկզբունքների մշակման, խազագրության համակարգերի պատմության, էվոլյուցիայի ուսումնասիրման նաև որոշ տեսական-հնագրական հարցերի մշակման գործում։ Սակայն միջնադարյան նոտագրության բոլոր համակարգերն էլ դեռևս հեռու են վերջնականորեն վերծանված լինելուց։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Կոմիտաս, Տողվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1941։
  • Ռոբերտ Աթայան, Հայկական խազային նոտագրությունը, Երևան, 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 462