Եգոր Խանզադյանի բնակելի տուն

շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Եգոր Խանզադյանի բնակելի տուն, շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան 3/1 հասցեում։ Ներառված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես տեղական նշանակության հուշարձան։

Picto infobox architecture.png
Եգոր Խանզադյանի բնակելի տուն
Խանզադյան 01.jpg
Եգոր Խանզադյան բնակելի տունը
Գտնվում էԵրևան, Աբովյան փողոց 3/1
Կառուցվել է1896
Շինության ձևըբնակելի տուն
Կառուցել էՎասիլի Միրզոյան, Բորիս Մեհրաբյան
Ներկա վիճակըկանգուն

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի երկրորդ կեսից Երևանում սկսեցին կառուցել եկամտաբեր տներ։ Դրանք սովորաբար երկհարկանի կամ եռահարկ շինություններ էին, որոնց առաջին հարկում գործում էր խանութ կամ արտադրամաս, իսկ մյուս մասում տեղակայված էր սեփականատիրոջ առանձնատունը։ Երևանում եկամտաբեր տներ սովորաբար ունեին քաղաքի ունևոր խավի ներկայացուցիչները։ Հենց այդպիսի սկզբունքով է կառուցված վաճառական Եգոր Խանզադյանի եկամտաբեր տունը։

Շենքի շինարարությունը սկսվել է 1896 թ.՝ այդ ժամանակ Երևանի դիմագիծը կերտող ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի և Բորիս Մեհրաբյանի նախագծով։ 1905 թ. Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի (Թարխանովսկայա) և Սադովայա (հետագայում՝ Հին Երևանցու) փողոցների կողմից ավելացվեցին շինության երկու նոր թևերը։

1920-ականներին իշխանության եկած բոլշևիկները խլեցին Եգոր Խանզադյանի տունը, իսկ նրան մի փոքր սենյակ տրամադրեցին:

Շենքի առաջին հարկում տեղակայված է եղել Եգոր Խանզադյանի «Սաքսոնական» կոչվող կտորեղենի ու գալանտերեայի հայտնի խանութը, որը գործել է դեռևս 1877 թվականից։ Հետաքրքրական է 20-րդ դարասկզբին երևանյան մամուլում տպագրված հետևյալ բովանդակությամբ գովազդը.

  Ե. Ս. Խանզադովի (Խանզադյանի) Սաքսոնական խանութ Երևանում. ֆիրման գործում է 1877 թվականից: Ռուսական և արտասահմանյան ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր: Ցանկացած ժամանակ` սեզոնային նորությունների լիակատար ընտրություն: Շաբաթ օրերին՝ մնացորդների (կտորեղենի) վաճառք: Վաճառքը՝ ֆիքսված գներով: Դրամարկղում՝ հատուկ զեղչեր[1]։  


ՇենքըԽմբագրել

Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից։ Շենքի ճարտարապետությունը լակոնիկ է և զուսպ՝ առանց արտաքին զարդանաքանդակների։ Շենքն ունի 4 պատշգամբ, երկուսը նայում են Աբովյան փողոցին, մեկը՝ Պուշկինի փողոցին, իսկ մյուսը՝ ԱՕԿՍ-ի շենքին (նախկինում նայել է Հին Երևանցու փողոցին)։ Շենքի հետնամասում եղել է գողտրիկ երևանյան բակ՝ փայտյա աստիճաններով, երկար պատշգամբով և փոքր այգիով:

Շենքն ունեցել է չորս բնակարան՝ երկուսն առաջին, իսկ մյուս երկուսը՝ երկրորդ հարկում։ Սենյակների ընդհանուր թիվը, առանց նախամուտքի ու խոհանոցի, 16-ն է։ Ճարտարապետական տեսանկյունից շենքը հետաքրքրական է ավանդական տարրերի և նոր ժամանակին բնորոշ ճարտարապետական և գեղարվեստական նորարար ձևերի համադրությամբ[2]։

Այսօր էլ շենքում գործում են հագուստեղենի, կարպետի և հուշանվերների խանութներ։ Շենքում 10 տարուց ավելի է, ինչ գործում է Ռաֆայել հագուստի խանութը։ Դրա կողքին 90-ականների վերջերից շենքի առաջին հարկում է գործել Լիլիթ հագուստի խանութը, որը, սակայն, տեղափոխվեց այլ վայր։

Եգոր Խանզադյանի բնակելի տանն են նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմից որոշ հատվածներ։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/178.4.4