ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

Պատմություն խմբագրել

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին։ Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է հանդիսանում։ Կենսաբանության ֆակուլտետի դասավանդում են ՀՀ ԳԱԱ երկու ակադեմիկոս, երեք թղթակից անդամներ, գիտությունների 25 դոկտոր և ավելի քան 100 թեկնածուներ։ Ֆակուլտետի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, թաղանթների կենսաֆիզիկայի, համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի, բույսերի կենսաքիմիայի, բուսաբանության և սնկաբանության, մանրէաբանության, մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի, մարդու մոլեկուլային գենետիկայի և բջջագենետիկայի, կենդանաբանության և հյուսվածաբանության, մարդու և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի, կենսացենոզների էկոլոգիայի, կենսաբազմազանության ուսումնասիրման և պահպանության, և բնապահպանության տարբեր բնագավառներին։ Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, հաջողությամբ աշխատել և աշխատում են նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանյան երկրների գիտական կենտրոններում։ Ֆակուլտետի ճանաչված մասնագետները գիտահետազոտական համագործակցության մեջ են արտասահմանյան մի շարք երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն) գիտական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս հանդես են եկել դասախոսություններով, գիտական զեկույցներով։

Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքները ամրապնդվում են Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում։ Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևանի դպրոցներում։ Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տասնմեկ մասնագիտացումների գծով (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, կենսատեխնոլոգիա, էկոլոգիա, կենսասննդագիտություն, կենսաքիմիա, բժշկական կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա)[2]։

Ամբիոններ խմբագրել

Ներկայում ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում է 8 ամբիոն։ Դրանք են` բուսաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի և բնության պահպանության, մանրէաբանության և բույսերի ու մանրէների կենսատեխնոլոգիայի, գենետիկայի և բջջաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոնները։ Յուրաքանչյուր ամբոնին կից գործում են գիտահետազոտական խմբեր, որոնք ներառված են գիտահետազոտական հինգ լաբորատորիաների մեջ («Ընդհանուր կենսաբանության», «Ազոտ պարունակող միացությունների կենսաքիմիայիե, «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայիե, «Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայիե և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համատեղ` «Կառուցվածքային կենսաֆիզիկայիե լաբորատորիաները)։ Այս լաբորատորիաներում միայն գիտական հաստիքների քանակն անցնում է 100-ից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.