Մոլեկուլային կենսաֆիզիկա
Մոլեկուլային կենսաֆիզիկա, մոլեկուլային կենսաբանության և կենսաֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է կենսապոլիմերների և դրանց համալիրների կառուցվածքը, ֆունկցիաները, կառուցվածքը կայունացնող ուժերի բնույթը, կոնֆորմացիոն անցումների հավասարակշռային ու կինետիկ բնութագրերը և այդ անցումների դերը մակրոմոլեկուլների ֆունկցիոնալ գործունեության մեջ։
Մոլեկուլային կենսաֆիզիկան ամենից առաջ սպիտակուցների և նուկլեինաթթուների ֆիզիկա է և կարող է սահմանվել նաև որպես մոլեկուլային ֆիզիկայի ևմոլեկուլային կենսաբանության շփման տիրույթ։ Մոլեկուլային կենսաֆիզիկայի պրոբլեմներն ու խնդիրներն են․ պոլիմերային շղթաների (մասնավորապես սպիտակուցների և նուկլեինաթթուների) կառուցվածքի, պոլիպեպտիդային և պոլինուկլեոտիդային շղթաների կոնֆորմացիաների ուսումնասիրությունը, այդ կոնֆորմացիաների պահպանման մեջ հիդրոֆիլ և հիդրոֆոբ փոխազդեցությունների դերի բացահայտումը, ֆերմենտային կատալիզի քիմիական կինետիկայի և թերմոդինամիկայի, նուկլեինաթթուների պարույրի ներմոլեկուլային փոխազդեցությունների, կենսաբանական թաղանթների թափանցելիության մոլեկուլային մեխանիզմների և էներգետիկայի, ֆոտոսինթեզի պրոցեսում և օքսիդավերականգնման համակարգերում էներգիայի միգրացիայի մոլեկուլային հիմունքների ուսումնասիրությունը և այլն։ Մոլեկուլային կենսաֆիզիկայի կարևոր բաժիններից է կենսաբանական ուսումնասիրությունների ֆիզիկական մեթոդների (ռենտգենակառուցվածքային վերլուծություն, ռենտգենագրություն, սպեկտրոպոլյարիմետրիա, միջուկային, մագնիսական և էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսների սպեկտրներ և այլն) մշակումը և կիրառումը։ Մոլեկոիլային կենսաֆիզիկայի առաջին աշխատանքները կարելի է համարել 20-րդ դարի 40-ական թվականներին կատարված ամինաթթուների և սպիտակուցների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրությունները։ Մոլեկուլային կենսաֆիզիկայի, ինչպես նաև մոլեկուլային կենսաբանության սկիզբը համարվում է 1953 թվականը, երբ Ջորջ Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը հրապարակեցին դեզօքսիռիբոնուկլեինաթթվի կառուցվածքի երկպարույր մոդելը։ Մոլեկուլային կենսաֆիզիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ են ներդրել նաև է․ Պոլինգը, Զ․ Քենդրյուն, Մ․ Պերուցը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |