Դրվագում, մետաղների մշակման եղանակ։

1. Դրվագիչ գործիքների և մուրճի օգնությամբ թերթավոր մետաղի վրա ստացված հարթաքանդակ։ Մետաղի գեղարվեստական մշակման հնագույն տարատեսակ։ Լայն տարածում ունի քանդակագործության և դեկորատիվ կիրառական արվեստում։ Նշանակալից են Սասանյան Իրանի, միջնադարյան Վրաստանի, 17-18 դարերի, Իտալիայի, Անգլիայի, ֆրանսիայի,Ռուսաստանի դրվագումները։ Դրվագում հայերը կիրառել են դեռևս բրոնզի դարից։ Բարձրարվեստ դրվագմանման նմուշներ են ուրարտական զրահները, միջնադարյան կենցաղային և եկեղեցական իրերը, ձեռագրերի կազմերը, այդ թվում՝ Հեթում 2-ի մասնատուփը (13 դար), Խոտակերաց Սուրբ Նշան վանքի մասնատուփը և այլն։ Դրվագման արվեստը լայնորեն տարածվել է սովետական շրջանում։ Շարունակելով ավանդները՝ դրվագմամբ զբաղվում են Հ․ Փիլիպոսյանը, Վ․ Խաչատրյանը, Դ․ Բաբայանը, Ի․ Բաբյանը, Բ․ Պետրոսյանը և ուրիշներ։

2․ Դրամների, մեդալների, մեդալիոնների վրա դրոշմակի օգնությամբ քանդակապատկեր ստանալը (տես Մետաղագործություն

3․ Ձուլածո մետաղյա առարկաների (այդ թվում՝ քանդակագործական ստեղծագործությունների) մակերեսի մշակումը կաղապարից հանելուց հետո։

4․ Սեղմման միջոցով մետաղի մշակում, որը հնարավորություն է ընձեռում ստանալ ճշգրիտ չափեր և հարթ մակերես։

5․ Գամկար կոնստրուկցիաների արտադրության ժամանակ կարերի և դուրգամերի սեղմումն ու պնդացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 456