Դերատիզացիա (ֆր.՝ dératisation, լատին․՝ de — նախածանց, որ նշանակում է վերացում, ֆր.՝ rat — առնետ), կրծողների ոչնչացում, որոնք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, ժանտախտ, լեյշմանիոզ) աղբյուր կամ փոխանցող են։ Դերատիզացիան հիմնականում տարվում է մկնակերպերի և համստերանմանների դեմ, որոնք ապրում են տափաստաններում, անտառներում, բնակավայրերում, ինչպես նաև ինքնաթիռներում և նավերում։ Լինում է կանխարգելիչ և բնաջնջող։ Կանխարգելիչ դերատիզացիան կրծողներին սննդից զրկելը և նրանց բների ավերելն Է․ բները ցեմենտապատում են կամ լցնում ապակու փշրանքներով։ Էլեկտրահաղորդալարերի, ջրատար, կոյուղու և ջեռուցման խողովակների անցման տեղերում ճեղքերի փակում և այլն, իսկ օդափոխման անցքերը՝ պատում մետաղյա ցանցերով։ Բնաջնջող դերատիզացիան իրականացնում են հատուկ կանխարգելիչ հիմնարկությունները (ախտահանման-դերատիզացիոն կայաններ, անասնաբուժական ծառայություն)։ Դերատիզացիայի նպատակով օգտագործում են քիմիական (զոոկումարին, ռատինդան, ցինկի ֆոսֆիդ, կրիսիդ), կենսաբանական (շներ, կատուներ, բակտերիային կուլտուրա) և մեխանիկական (թակարդներ, ճզմիչներ) միջոցներ։ Բեռնատար նավերը դերատիզացիայի են ենթարկվում գազանման նյութերով՝ կապտաթթու, բրոմմեթիլ, ծծմբաթթու։

Թակարդված մուկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 362