Դավիթ Գրոբման (ռուս. Давид Матвеевич Гробман, նոյեմբերի 16, 1922(1922-11-16), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 31, 2007(2007-03-31), Պալո Ալտո, ԱՄՆ), խորհրդային մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1982)։ Զգալի ներդրում է ունեցել դիֆերենցիալ հավասարումների տեսության մշակման և դինամիկ համակարգերի կայունության վերլուծության բնագավառում (Գրոբման-Հարթմանի թեորեմ)։ Պատկանում է խորհրդային ծրագրավորողների առաջին սերնդին։ Նա M-2 և M-5 համակարգիչների առաջատար ծրագրավորողներից էր։ Թվային սարքերի ստուգման եւ ախտորոշման թեստերի մոդելավորման, սինթեզի և վերլուծության խորհրդային դպրոցի հիմնադիրներից մեկը։ Այս ոլորտում մշակել է մի շարք ինքնատիպ մեթոդներ։ Նա եղել է ИНЭУМ-ում (Էլեկտրոնային Կառավարող Մեքենաների Ինստիտուտ, ռուս. Институт Электронных Управляющих Машин[1]) օգտագործվող M-5 համակարգչի, АСВТ-M և СМ համակարգիչների սերիաների թեստերի մոդելավորման, սինթեզի և վերլուծության ավտոմատացված ծրագրային համակարգերի մշակման և առաջատար իրագործող և ղեկավար։ Այս ծրագրային համակարգերը օգտագործվել են նաև այլ կազմակերպություններում։ Հրատարակել է 80 գիտական աշխատանք, որից 10-ը ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Զեկույցներում (ռուս. ДАН: Докла́ды Акаде́мии нау́к)։ Ունի ռազմական պարգևներ[2]։

Դավիթ Գրոբման
Ծնվել էնոյեմբերի 16, 1922(1922-11-16)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 31, 2007(2007-03-31) (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ
Հաստատություն(ներ)Էլեկտրոնային կառավարող մեքենաների ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի խնդիրների ինստիտուտ
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Դ. Մ. Գրոբմանը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գրոբման Մատվեյ Սամոյլովիչ (1892 - 1939 թթ.) աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Մոսկվայի «Սոյուզեքսկավացիյա» տրեստի մեքենավարձման կայանում։ Ձերբակալվել է 1937 թվականի հունվարին, վերականգնվել է 1956 թվականի հոկտեմբերին[3]։ Մայրը՝ Օլգա Յակովլևնա Գրոբման (ծն. Էլկա Յանովնա Բարեր, 1900 - 1983)։ Ավարտել է գիմնազիան, աշխատել կես դրույքով որպես դասատու, այնուհետև` հաշվապահ «Սոյուզեքսկավացիյա» տրեստի մեքենավարձման կայանում։ Ե՛վ մայրը, և՛ հայրը ծնվել և մեծացել են Գայսին քաղաքում (Ուկրաինա)։ Փախչելով հրեաների ջարդերից (1919) նրանք տեղափոխվում են Մոսկվա։

1940 թվականին գերազանց (ոսկե մեդալ սկսեցին տալ 1945-ից) ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Դ. Մ. Գրոբմանը զորակոչվել է Կարմիր բանակ (1941 թ. մայիս)։ Որպես հրաձիգ մասնակցել է Լենինգրադի ռազմաճակատի մարտերին. 1942 թվականի հունվարին լուրջ վնասվածք է ստացել։ Ոտքերի ցրտահարության հետևանքով, մեկ ոտքի մատերը հեռացվել են։ Դրանից հետո նա ծառայել է կապի զորքերում։

Մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի (1944 սեպտեմբեր - 1945 հոկտեմբեր) ազատագրմանը։ Զորացրվել է 1945 թվականի հոկտեմբերին։

Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա–մաթեմատիկական ֆակուլտետում (1945–1950), ավարտել գերազանցությամբ։ Նրա «Մոտավոր գծային համակարգերի բնորոշիչ ցուցիչները» դիպլոմային աշխատանքը ուսանողական աշխատանքների մրցույթում արժանացել է մրցանակի և անմիջապես համբավ ձեռք բերել դիֆերենցիալ հավասարումների մասնագետների շրջանում։

1950 թվականից մինչև 1956 թվականը մաթեմատիկայի ուսուցիչ միջնակարգ դպրոցում (լինելով հրեա և ժողովրդի թշնամու որդի, նա այլ գործ չի կարողացել գտնել)։

1950 թվականից հրատարակվում է ДАН–ում։ 1953 թվականին ընդունվել է հեռակա ասպիրանտուրա, 1954 թվականին ընտրվել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերության անդամ։

1955 - 1957 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Ձերժինսկու անվան հրետանու ակադեմիայում։

1957 թվականի ապրիլից նա կես դրույքով սկսեց աշխատել ИНЭУМ-ում որպես կրտսեր գիտաշխատող։ 1960 թվականի օգոստոսից սկսել է լրիվ դրույքով աշխատել՝ 1961 թվականից՝ ավագ գիտաշխատող, 1965 թվականին ընտրվել է լաբորատորիայի վարիչ, 1969 թվականից մինչև 1987 թվականի նոյեմբերը՝ Թվային սարքերի վերհսկման և ախտորոշման ավտոմատացման մեթոդների և միջոցների բաժնի վարիչ։ 1987 թվականից մինչև 1997 թվականի մարտին ԱՄՆ մեկնելը աշխատել է ИНЭУМ-ում (իսկ ավելի ուշ ИПИ РАН-ում` Ռուսաստանի ԳԱ ինֆորմատիկայի պրոբլեմների ինստիտուտ, ռուս. Институт Проблем Информатики Российской Академии Наук[4]) որպես առաջատար գիտաշխատող-խորհրդատու։

1961 թվականին պաշտպանել է «Գծայիններին համանման սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգեր» թեկնածուական, 1966 թվականին «Դիֆերենցիալ հավասարումների համակարգերի անալոգիան և հոմեոմորֆիզմը» դոկտորական թեզը։ 1982 թվականին Դ. Մ. Գրոբմանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Դ. Մ. Գրոբմանը մահացել է 2007 թվականի մարտի 31-ին ԱՄՆ-ում, թաղված է Պալո Ալտոյի Ալտա Մեսա գերեզմանատանը։ Կինը (1950 թվականից)` Նինա Իվանովնա Գուտարինան (24/01/1928 - 05/03/2015) թաղված է նույն գերեզմանատանը։ Դուստրը՝ Գալինա Գուտարինան (ծնված 1952 թվականին), թոռը՝ Ալեքսանդր Գուտարինը (ծնված 1979 թվականին) և ծոռնուհիները՝ Միան և Նինան (ծնված 2019 թվականին) ապրում են Սիլիկոնային հովտում։

Գիտական գործունեություն խմբագրել

Դիֆերենցիալ հավասարումներ խմբագրել

Դ. Մ. Գրոբմանի մաթեմատիկական հետաքրքրությունները գտնվում էին ոչ գծային դինամիկ համակարգերի տեսության ոլորտում։ Ահա թե ինչպես է մաթեմատիկայի հայտնի պրոֆեսոր Վ. Վ. Նեմիցկին բնութագրում Դ. Մ. Գրոբմանի նվաճումները «Մաթեմատիկան ԽՍՀՄ-ում քառասուն տարվա ընթացքում (1917-1957)»[5] հոդվածում` «Այս թեման, սկսած Ա. Մ. Լյապունովից, Ի. Գ. Պետրովսկուց, միշտ հաջողությամբ է մշակվել խորհրդային մաթեմատիկոսների կողմից։ Վերջին տասնամյակը բացառություն չէ։ Ա. Ա. Շեստակովը և Ա. Ու. Պեյվինը, Վ. Ա. Յակուբովիչը և Դ. Մ. Գրոբմանը այստեղ ակնառու արդյունքներ են արձանագրել։ Նշենք, որ Դ. Մ. Գրոբմանի կողմից ձեւակերպված եւ ապացուցված թեորեմը, որն այսուհետ կոչվում է Գրոբմանի-Հարթմանի թեորեմ, դասական է դարձել և նշանակալի ներդրում է դիֆերենցիալ հավասարումների որակական տեսության և դինամիկ համակարգերի ուսումնասիրությունների զարգացման գործում»[6]։

Գրոբմանի-Հարթմանի թեորեմը սահմանում է ոչ գծային դինամիկ համակարգերի հավասարակշռության կետի մոտակայքում գծայնացման պայմանները. «կայունության հատկանիշները վերլուծելիս ոչ գծային կազմիչը պետք է հաշվի առնել միայն այն դեպքում, երբ հավասարակշռության կետը հիպերբոլիկ չէ»[7]։

«Հարթմանի-Գրոբմանի թեորեմի շուրջ ստեղծված իրավիճակը ակնարկում է, որ այն համակարգերը, որոնք ունեն ոչ հիպերբոլիկ հավասարակշռության կետեր, առանձնահատուկ են և որ այդպիսի համակարգերի համար կարող է գոյություն ունենալ սկզբնական վիճակների երրորդ[8] բազմաձևությունը, որի համար ոչ գծային համակարգի վարքագիծը վերլուծելիս, ոչ գծային կազմիչները չեն կարող անտեսվել` նույնիսկ տեղայնորեն։ Դ. Մ. Գրոբմանը «Լյապունովի էքսպոնտների տեսություն» մենագրության համահեղինակ է[9]

Թվային սարքերի մոդելավորում, կառավարում և ախտորոշում խմբագրել

Մինչ ИНЭУМ-ում ՀՏՄ (Հաշվողական Տեխնիկայի Միջոցներ. ռուս. Средствa Вычислительной техники) վերհսկման և ախտորոշման խնդիրներով զբաղվելը, Դ.Մ. Գրոբմանը ակտիվ մասնակցություն է ունեցել M-5 համակարգչի կառուցման հիմնական սկզբունքների մշակմանը և հրամանների համակարգի որոշմանը։ Նրա ղեկավարությամբ մշակվել են այդ մեքենայի ծրագրավորման սզբունքները և ծրագրավորման ավտոմատացման ուղղությունը։ Բացի այդ, Դ.Մ. Գրոբմանը մի շարք լուրջ աշխատանքներ է կատարել հաշվողական մաթեմատիկայի բնագավառում, ինչը հանգեցրել է որոշակի արդյունքների էկոնոմետրիկայի և էներգետիկայի բնագավառում։

Դ. Մ. Գրոբմանը Ի. Ս. Բրուկի հետ սահմանել են ՀՏՄ-ի վերհսկման և ախտորոշման բաժնի հիմնական ուղղությունները՝ թվային սարքերի թեստերի ավտոմատացված կառուցման և վերլուծության մեթոդների և համակարգերի ստեղծում, ինչպես նաև ՀՏՄ-ի ախտորոշման սարքավորումների մշակում։

Դ. Մ. Գրոբմանը եղել է տրամաբանական սխեմաների նախագծմանը, վերհսկմանը և ախտորոշմանը նվիրված հոդվածների ИНЭУМ-ի հավաքածուների գիտական խմբագիր, որտեղ նրա հիմնարար աշխատությունները իր աշխատակիցների հոդվածների հետ մեկտեղ ձևավորել և մշակել են թվային սարքերի թեստերի կառուցման և վերլուծության համար ծրագրային մոդելավորման ավտոմատացված համակարգերի ստեղծման հիմնական սկզբունքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.computer-museum.ru/articles/predpriyatiya-i-nii/3924/
  2. Հայրենական էլեկտրոնային համակարգչային տեխնիկա. խմբագիր` Ս.Վ.Խոխլովի . @«Մայրաքաղաքի հանրագիտարան» հրատարակչատուն, 2014. @կազմեց` Ս.Ա. Մուրավջովը, 2014 թ [ռուս. Отечественная Электронная Вычислительной Техника. Под редакцией С.В.Хохлова. @ЗАО Издательский дом "Столичная энциклопедия", 2014. @С.А.Муравьев, составление. 2014]
  3. https://bessmertnybarak.ru/Grobman_Matvey_Samoylovich/
  4. http://www.ipiran.ru/english/main.asp
  5. https://vdoc.pub/documents/1917-1957-6br22bhb1350
  6. Բ.Մ. Բասոկ. Դ.Մ. Գրոբմանի դպրոցը եւ ախտորոշիչ հսկողության բաժինը. ռուս. Б.М. Басок. Отдел диагностического контроля Д.М. Гробмана и его школа. "История науки и техники", #5, 2008
  7. Ջ.Լ. Կաստի. Եվս հինգ ոսկե կանոն, է. 54-60. անգլ. J.L. Casti. Five More Golden Rules, John Willey & Sons, NY, 2000:
  8. Կենտրոնական բազմաձևությունը։ Մյուս երկուսը կայուն և անկայուն բազմաձևություններն են։ Կենտրոնական բազմաձևության թեորեմը, որը քայլ է Հոպֆի երկփեղկման թեորեմն ապացուցելու ուղղությամբ, ցույց է տալիս, որ «այն հարցը, թե արդյոք համակարգը կվերադառնա հավասարակշռության վիճակին, եթե սկզբնական վիճակները գտնվում են կենտրոնական բազմաձևության մեջ, չունի պատասխան, եթե մենք սահմանափակվենք բացառապես գծային մոտավորությամբ, նույնիսկ երբ սկզբնական վիճակները կամայականորեն մոտ են հավասարակշռությանը»:[5]
  9. Б.Ф.Былов, Р.Э.Виноград, Д.М.Гробман, В.В.Немыцкий. Теория показателей Ляпунова, Наука, М., 1966