Դամասկոսյան կամ Շհեմի դարպասներ (եբրայերեն՝ שער שכם‎, արաբ․՝ باب العامود‎‎‎), Երուսաղեմի հին քաղաքի մուսուլմանաբնակ թաղամասի գլխավոր դարպասները, համարվում են ամենագեղեցիկներից մեկը[1]։ Դարպասներն ուղղված են հյուսիս, տեղադրված են քաղաքի հյուսիսարևմտյան կողմի պատին` Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասի դիմաց։ Այստեղից է սկսվում Նաբլուս քաղաք տանող մայրուղին, իսկ այնտեղից` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհը։ Հենց դրանով էլ բացատրվում են ժամանակակից եվրոպական և հրեական անվանումները[1][1][2]։ Ինչ վերաբերում է արաբական անվանմանը` Բաբ ալ Նասր (արաբ․՝ اب النصر‎‎), այն նշանակում է «Հաղթանակի դարպասներ», իսկ Բաբ ալ Ամուդ անվանումը` «Սյուների դարպասներ»։ 10-րդ դարից սկսած` մշտապես գործածվող վերջին անվանման վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել հռոմեական դարաշրջանի դարպասների դետալների ձևավորման մեջ[1][3]։

Դամասկոսյան դարպասներ
Դամասկոսյան դարպասներ, 1856

Պատմություն խմբագրել

 
Հռոմեական ժամանակաշրջանի արևելյան կամարը

Ի սկզբանե դարպասները պատրաստվել են երկրորդ տաճարի շրջանում։ Դրանք իբրև քաղաքի գլխավոր մուտք են ծառայել մ. թ. ա. 1-ին դարում` Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կառավարման շրջանում[4]։ Մ. թ. 2-րդ դարում` հռոմեացիների կողմից Երուսաղեմի ավերումից հետո, դարպասները վերաշինվել են Հադրիանոս կայսեր օրոք (117-138)։ Հադրիանոսը զգալիորեն ընդարձակել է դրանք, ինչից հետո դարպասներն ունեցել են երեք մուտք, որոնցից պահպանվել է միայն արևելյանը։ Դարպասագլխին կարելի է տեսնել հռոմեացիների կառավարման օրոք քաղաքի անվանումը` «Էլիա Կապիտոլինա»[1]։ Հադրիանոսի դարպասների առաջ գտնվել է հռոմեական հաղթական սյունաշարը, որ հասել է մինչև մեր օրեր։ Այն խորհրդանշել է կայսեր փառքը։ Նրա պատկերը կարելի է տեսնել Սուրբ երկրի խճանակարային քարտեզում (6-րդ դար), ինչպես նաև Հորդանանի Մադաբա քաղաքի Գեորգիևյան ուղղափառ եկեղեցու հատակին[1][1]։ Արաբերենում դարպասները մինչ օրս էլ կոչվում են «Սյուների դարպասներ»։ Հադրիանոսի դարպասների մնացորդներ են հայտնաբերվել հնագիտական պեղումների ժամանակ։ Լինելով ութ դարպասներից մեկը, որ վերակառուցվել է 10-րդ դարում` Դամասկոսյան դարպասը միակն է, որ մինչ օրս պահպանել է իր անվանումը` «Բաբ ալ Ամուդ»[3]։

Խաչակիրները դարպասներն անվանել են սուրբ Ստեփանոսի անունով (լատին․՝ Porta Sancti Stephani)` ընդգծելով դրանց մոտ լինելը սուրբ Ստեփանոսի տանջանքի վայրին, որ նշանավորվել է նաև եկեղեցու և մենաստանի կառուցմամբ[2]։ Շինարարական աշխատանքների մի քանի փուլ է ընթացել վաղ այուբիդյան շրջանում (1183-1192), ինչպես նաև Երուսաղեմի` խաչակիրների կողմից կառավարման ընթացքում[2]։ 1523 թվականին հրեա ճանապարհորդը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ օգտագործում է «Բաբ էլ Ամուդ» անվանումը` նշելով դարպասի մոտ գտնվելը Ցիդկիյագու մենաստանից[5]։

Ներկայիս դարպասները պատրաստվել են Հադրիանոսի դարպասների տեղում 1537 թվականին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի օրոք։

Ներկա ժամանակաշրջան խմբագրել

 
Դամասկոսյան դարպասները Հին քաղաքի կողմից, 2015

Դամասկոսյան դարպասները գտնվում են երկու աշտարակների միջև, որոնք համարվում են հին քաղաքի մուսուլմանաբնակ թաղամաս և արաբական շուկա տանող մուտքը։ Ի տարբերություն Յաֆֆյան դարպասների, որի աստիճանները տանում են վերև, Դամասկոսյան դարպասի աստիճանները տանում են ներքև։ Ամֆիթատրոն տանող աստիճանները կառուցվել են 21-րդ դարում Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից։ Մինչև 1967 թվականը դարպասի գլխին կախված է եղել որմանցքներով փոքր աշտարակ, սակայն Վեցօրյա պատերազմի բախումների ժամանակ այն վնասվել է։ 2011 թվականի օգոստոսին Իսրայելի իշխանությունները վերականգնել է աշտարակը` 20-րդ դարասկզբին պահպանված լուսանկարների հիման վրա, երբ Երուսաղեմը ղեկավարում էր Բրիտանական կայսրությունը։ 11 որմակարերը ամրացնում են վերակառուցված աշտարակը պատին, իսկ քարե 4 չորսուները ձևավորում են որմահեցերի գագաթը։

Դարպասները բաց են հետիոտների համար։ Ուրբաթ առավոտյան այս դարպասներով անցնում է իսլամադավան աղոթողների հիմնական հոսքը` ուղղվելով Տաճարային լեռ, իսկ ուրբաթ երեկոյան և շաբաթ օրերին դարպասներով անցնում է հրեա ուխտավորների հոսքը` ուղվելով դեպի Լացի պատ։ Բացի դրանից` Դամասկոսյան դարպասներով անցնում են նաև քրիստոնյա ուխտավորների և զբոսաշրջիկների խմբեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 LaMar C. Berrett (1996). Discovering the World of the Bible (3rd ed.). Cedar Fort. էջ 61. ISBN 978-0-910523-52-3.
  2. 2,0 2,1 2,2 Adrian J. Boas (2001). Jerusalem in the time of the crusades: society, landscape, and art in the Holy City under Frankish rule (Illustrated, reprint ed.). Routledge. էջ 53. ISBN 978-0-415-23000-1.
  3. 3,0 3,1 David S Margoliouth (2010). Cairo, Jerusalem & Damascus: Three Chief Cities of the Egyptian Sultans. Walter S. S. Tyrwhitt, illustrator. Cosimo, Inc. էջ 329. ISBN 978-1-61640-065-1.
  4. Amelia Thomas, Michael Kohn, Miriam Raphael, Dan Savery Raz (2010). Israel and the Palestinian Territories (6th, illustrated ed.). Lonely Planet. էջ 98. ISBN 978-1-74104-456-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Palestine Exploration Fund (1869). Quarterly statement, Issue 3. The Society. էջ 376.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասկոսյան դարպասներ» հոդվածին։