Գրիգոր Որդի Աբասա
Գրիգոր Որդի Աբասա (ծնվելու թվականությունը անհայտ-1220 կամ 1221), հայ մատենագետ, կրոնական գործիչ։ 1214 թվականից մինչև մահը եղել է Սանահնի վանքի առաջնորդը։ Հայտնի է «Գիրք պատճառաց» («Պատճառ լայն և նուրբ գրեանց առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց, և ի մի ևավաքեալ և ևոգացեալ մեծ րաբունապետին Գրիգորի որդւոյ Աբասայ») աշխատությամբ, որն ունի երեք բաժին՝ 196 ծավալուն հոդվածներով։ Յուրաքանչյուր հոդված սկսվում է «սկիզբն և պատճառ․․․» կամ «պատճառ․․․» բառերով, այստեղից՝ գրքի «Պատճառաց» անվանումը։ Գրքում հետազոտված են 165-ի հասնող ստեղծագործություններ՝ հետևյալ դասակարգումով․
- Հին կտակարանի գրքեր,
- Եկեղեցական մատենագիրների և «արտաքին» կոչված գրքեր,
- Նոր կտակարանի գրքեր։
Գրիգոր Որդի Աբասա | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1220[1] կամ 1221[1] |
Մահվան վայր | Սանահինի վանական համալիր, Ալավերդի |
Գերեզման | Եկեղեցի Սբ. Աստվածածին[1] |
Կրթություն | Հաղպատավանք |
Մասնագիտություն | մատենագետ և աստվածաբան |
Դրանք ուսումնասիրված են որոշակի ծրագրով, պարզված է հեղինակի անձնավորությունն ու կյանքը, երկի գրության ժամանակն ու շարժառիթը՝ «պատճառը», մեկնաբանված ու տեսականորեն արժեքավորված է տվյալ երկի բովանդակությունը։ Առաջին և երկրորդ բաժինների հոդվածները պատրաստելիս հևղինակն օգտվել է անցյալի հայ և օտար մատենագիրների աշխատություններից, իսկ 3-րդ բաժնի նյութերը քաղել է ժամանակակիցներից (Վարդան Տաղբատացի, Դավիթ Քոբայրեցի, Մխիթար Գոշ և ուրիշներ)։ Այս վերջին բաժնում մատենախոսված են Փիլոն Եբրայեցու, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Եվագր Պոնտացու, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի աստվածաբանական և իմաստասիրական երկերը, ինչպես նաև Դիոնիսիոս Արիոպագացու «Ինքնակենսագրությունը»։ «Գիրք պատճառաց»-ում հեղինակը հանրագումարի է բերել Հայաստանում գիտական-գրական ժառանգության ուսումնասիրության աշխատանքի փորձը, նոր մակարդակի բարձրացրել մատենագրությունը։ Գրիգորը թաղված է Սանահնի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 220)։ |