Գրիգոր Դեյիրմենճյան

հայ բժիշկ

Գրիգոր Դեյիրմենճյան (1882 - անհայտ), հայ բժիշկ։

Գրիգոր Դեյիրմենճյան
Ծնվել է1882
ԾննդավայրԲրուսայի մարզ­, Նի­կո­մի­դի­այ­ի գա­վա­ռա­կ, Օվա­ջըկ գյու­ղ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունՕվա­ջը­կի ազ­գա­յին վար­ժա­րա­ն
Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Դեյիրմենճյանը ծնվել է 1882 թվականին, Բրուսայի մարզ Նիկոմիդիայի գավառակի Օվաջըկ գյուղում։ 1900 թվականին ավարտել է Օվաջըկի ազգային վարժարանը։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանը։

Մի գիշեր թուրք լրտես Քեմալը նրան ձերբակալել է ընկերոջ՝ Հակոբ Արսենյանի հետ՝ «Պրո-Ար­մե­նիա», «Դրօ­շակ», «Անա­հիտ» և այլ հեղափոխական թերթեր ընթերցելու մեղադրանքով։ Նաև ամբաստանվել է իբր վտանգավոր հեղափոխական և գաղտնի ռումբ պատրաստող։ Զինված ոստիկանների խստիվ հսկողությամբ, շղթայակապ տարվել են կենտրոնական բանտ, ուր, չգործած մեղքերի խոստովանություն կորզելու համար, ստորացուցիչ հարցաքննությունների և ահավոր չարչարանքների են ենթարկել նրան։ 21 օր բանտարկված մնալուց հետո ազատ են արձակվել։ Ազատվելուց հետո Գրիգոր Դեյիրմենճյանն ուղարկվել է Մանասթըր և Գրչովա գավառի թաղապետական բժիշկ նշանակվել։ Այստեղ մի հեղափոխական կռվի ժամանակ վտանգավոր օրեր է անցկացրել։

1908 թվականին օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո Կ. Պոլիս է տեղափոխվել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Յալովայի մոտ գտնվող և 1000 տնից բաղկացած զուտ հայաբնակ Չենկիլեր գյուղը և բժիշկ աշխատել։ Այստեղ ամուսնացել է պարտիզակցի մանկապարտիզպանուհի օրիորդ Արաքսի Միքայելյանի հետ։

1911 թվականի հոկտեմբերին Սիվրիհիսարի թաղապետական բժիշկ է նշանակվել։ Այստեղ բժիշկը միաժամանակ եղել է Սիվրիհիսարի վարժարանների հոգաբարձության և Օգնական միության ատենապետը, Լսարանի վարչության անդամ։

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրավիրվել է Անկարա և զորակոչվել օսմանյան բանակ՝ հարյուրապետի աստիճանով։ Սկզբում Կ. Պոլսում զինվորական բժիշկ է ծառայել։ 1915 թվականի փետրվարին ուղարկվել է Մեզիրե և զինվորական ծառայությունն այնտեղ շարունակել։

Այդ ժամանակ արդեն Մեզիրե էին եկել «Թեշ­քի­լաթ-ի մախ­սու­սե»-ի («Հա­տուկ կազ­մա­կեր­պու­թյուն») արյունարբու չեթեները և սկսել 4000 անզեն ու անմեղ հայ զինվորականների ձերբակալություններն ու սպանությունները։ Նրանք այնուհետև ձերբակալել, բանտարկել ու սպանել են Խարբերդի 400 հայ երևելիների, որից հետո մնացած հայությունը Եդեսիա է աքսորվել։

Այդ դեպքերից մի քանի օր հետո Տիգրանակերտի ճանապարհին դաժանորեն սպանվել են հայ կաթոլիկ առաջնորդը, 5 հայ մայրապետներ և զինվորությունից ազատված 5 հայ բժիշկներ։ Այդ ընթացքում բժիշկ Գրիգորը 3 ամիս թաքնվել է Կարինի հիվանդանոցում աշխատող և զինվորությունից չազատված բժիշկ Միքայել Քեշիշյանի ընտանիքի բնակարանում (Քեշիշյանն ու նրա ընտանիքի անդամները Մեզիրեում ապրելու արտոնված էին)։ Ընդհանուր աքսորից առաջ բժիշկ Գրիգորի ընտանիքը Պարտիզակից եկել էր Սիվրիհիսար և, որպես բժիշկ-սպայի ընտանիքի անդամներ, զերծ մնացել աքսորից ու այդտեղ մնացել մինչև 1918 թվականը։ Այնուհետև բժիշկը Խարբերդից տեղափոխվել է Սեբաստիա և ծառայել տեղի հիվանդանոցում։ Սեբաստիայում ծառայելու ընթացքում կարողացել է Դեյր-էլ-Զո­րի սպանդից ազատել իր ազգականներից 7-ին, սակայն ավելի քան 100-ը նահատակվել են թուրքերի ձեռքով։

1918 թվականին զինադադարից հետո վերադարձել է Նիկոմիդիա, ուր զբաղվել է ազգային հասարակական եռանդուն գործունեությամբ. եղել է Ազգային միության անդամ, վարժարանի հոգաբարձության ատենապետ, Հայաստանի օգնության կոմիտեի տեղի մասնաճյուղի և Հայ Կարմիր խաչի գանձապահ։ 1922 թվականի հուլիսին քեմալականները Նիկոմիդիայի վրա մեծ հարձակում են գործել։

Գրիգորն ստիպված է եղել փախչել Միտիլլի, այստեղից՝ Զմյուռնիա, ապա՝ Մա­նի­սա։ 1922 թվականի սեպտեմբերի առաջին օրերին սկսվել է Զմյուռնիայի աղետը և բժիշկը շոգենավով փախել է Միտիլլի։ 1922-1923 թվականներին Միտիլլիում եղել է դպրոցի հոգաբարձության ատենապետ և Գաղթականության հանձնաժողովի անդամ։ 1923-1926 թվականներին բնակվել է Հունաստանի հյուսիսային Թրակիա շրջանում։ 1926-1931 թվականներին ապրել է Հունաստանի Քոմոթինի քաղաքում և եղել նորաստեղծ Կապույտ խաչի ատենապետ և Գաղթականության հանձնաժողովի անդամ։

1931 թվականին տեղափոխվել է Դրամայի շրջան և այնտեղ հաստատվել։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։