Գրգուռ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավ֊արևմտյան ափին, Բիթլիս֊Մուշ ճանապարհից աջ, Ռահվա հովտի հյուսիսային կողմում։ Ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը՝ 2457 մետր։ Ունի 5 ոչ սրածայր գագաթներ, հարավ֊արևելքից պատկերանում է իբրև միաձույլ զանգված, որի խիստ թեք և ուղղաձիգ կողերը արևմուտքում և հարավ֊արևմտուտում հակվում են անտառապատ լեռներին և բլուրներին։ Գագաթային մասում կան 7 փոքրիկ լճակներ, որոնց ջրերն ունեն ծծմբաերկաթային բաղադրություն։ Ոմանք այդ լճակները համարում են Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի ուկունքը։ Գրգուռի ստորոտում էր գտնվում Ջրհոր հայկական գյուղը։

Գրգուռ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԲիթլիսի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից2457 մետր

Ըստ Հին Հայկական ավանդության Նոյի տապանը իբր այստեղով անցնելիս, դիպել է Գրգուռին և դղրդացել, որից լեռը ստացել է իր Գրգուռ անունը (գռգռալ, գռգռոց)։ Մեկ այլ ավանդությամբ՝ անունը դնողը եղել է պարսիկ զորավար Վախթանգը՝ ի հիշատակ իր Գրգռոս որդու։ Ասվում է նաև, որ Գրգուռի ստորոտում է Հայկ Նահապետի նետով սպանել բռնակալ Բելին։

Լեռանստորոտում կան բնական հսկայական քարերի շարքեր, որոնք ժողովրդի կողմից կոչվում են Նեմրութի քարավան կամ Բելի քարավան։ Ժողովրդական ավանդությունն ասում է, որ դրանք իբր Բելի մարդիկ էին, որ իրենց առաջնորդի տապալումը տեսնելով քարացել են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 961 — 992 էջ։