Գրավի հետազոտություն, գրավիմետրական հետախուզություն, հետախուզական երկրաֆիզիկայի մեթոդ՝ հիմնված Երկրի գրավիտացիոն դաշտի ուսումնասիրության վրա։ Կիրառման գլխավոր պայմանը երկրաբանական կառուցվածքը կազմող ապարների խտությունների տարբերությունն է, որն ազդում է երկրի մակերևույթին դիտվող ծանրության ուժի արագացման մեծության և ուղղության վրա։ Ծանրության ուժի գրադիենտների չափումը կատարվում է ցանցով, որի խտությունը կախված է գրավիմետրական հանույթի մասշտաբից։ Գրավի հետազոտությունը որպես կանոն, կատարվում է մագնիսահետախուզության, էլեկտարահետախուզության հետ միաժամանակ։ Հետազոտվող տեղամասի երկրաբանական տվյալների, երկրաֆիզիկական այլ մեթոդների արդյունքների և մաթեմաթիկական հաշվարկների հիման վրա եզրակացություն է արվում տվյալ վայրի խորքային երկրաբանական կառուցվածքի մասին, որոշվում է նաև անոմալիա առաջացնող մարմնի ձևը, խորությունը, չափսերը և խտությունը։ Գրավի հետազոտությունը լայնորեն կիրառվում է նավթաբեր կառուցվածքների, քարածխային ավազանների, աղի, երկաթի և այլ օգտակար հանածոների հանքավայրերի, ինչպես նաև երկրագնդի խորքային կառուցվածքի ուսումնասիրության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 204