Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը

Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը

 
Լադ դո նոտայից

Հարմոնիայի տեսանկյունից լադը տոնիկական եռահնչյան հետ ձգողականությամբ կապված ակորդների փոխհարաբերության սիստեմն է։

Լադային ֆունկցիա

խմբագրել

Լադային ֆունկցիա կամ ուղղակի ֆունկցիա կոչվում է հնչյունի կամ ակորդի դերը լադում, այլ կերպ ասած՝ հնչյունի կամ ակորդի կապը (փոխհարաբերությունը) տվյալ լադի այլ հնչյունների կամ ակորդների հետ։ Կապ ասելով պետք է հասկանալ ոչ միայն հնչյունների կամ ակորդների միջև գոյություն ունեցող ինտերվալային հարաբերակցությունների կայունությունը այլ նաև դրանց հաջորդականությանը բնորոշ լարվածության և մարման (լուծման) զուգորդումը։

Ֆունկցիոնալություն

խմբագրել

Ֆունկցիաների տարբեր հարաբերություններից գոյանում են լարվածություններ և մարումներ։ Դրանք ամբողջությամբ վերցրած կոչվում են ֆունկցիոնալություն։ Ֆունկցիոնալության հիմքը ֆունկցիաների հակադրությունն է, հատկապես լադի տոնիկայի ու ոչ տոնիկական հարմոնիանորի հակադրությունը։ Հարմոնիայի տեսությունը, որը հիմնված է լադային ֆունկցիաների մասին գոյություն ունեցող ուսմունքի վրա, կոչվում է ֆունկցիոնալ տեսություն։ Ներկայումս այս տեսակետը ամենից ավելի տարածված է հարմոնիայում։

Գլխավոր եռահնչյունների ֆունկցիոնալ սիստեմը

խմբագրել

Լադի առաջին աստիճանի, այսինքն՝ տոնիկայի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է տոնիկական կամ տոնիկա։ Բազմաձայն երաժշտության մեջ այս եռահնչյունը հանդես է գալիս որպես լադի գլխավոր հենակետ, քանի որ մեղեդիական, ռիթմական և մետրական համապատասխան պայմաններում նա կարող է արտահայտել մտքի ավարտվածություն և ստեղծել եզրափակման համար անհրաժեշտ կայունություն։ Տոնիկական եռահնչյունը մաժորում ընդունված է նշանակել մեծատառ T տառով, որովհետև ունի մաժոր հնչողություն։ Լադի V աստիճանի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է դոմինանտային եռահնչյուն կամ դոմինանտա։ Նշանակվում է մեծատառ D-ով։ Մաժորի IV աստիճանի վրա կառուցված եռահնչյունը կոչվում է սուբդոմինանտային կամ սուբդոմինանատա։ Նշանակվում է մեծատառ S-ով։ Հարմոնիկ մինորում այս եռահնչյունները նշանակվում են փոքրատառերով՝t,s (որպես փոքր կամ մինոր) և մեծատառ D-ով (որպես մեծ կամ մաժոր).

  • բնական մաժոր- T, S, D
  • հարմոնիկ մինոր- t, s, D

Դոմինանտային և սուբդոմինանտային եռահնչյունները հանդիսանում են լադային անկայունության ամենասովորական ու կարևոր ներկայացուցիչները, որոնք որոշակի պայմաններում ստեղծում են երաժշտական մտքի անավարտվածություն։ Տոնիկան, դոմինանտան և սուբդոմինանտան կոչվում են գլխավոր, հավանաբար այն պատճառով, որ արտացոլում են հնչողության լադային բնույթը, այն է՝ բնական մաժորում նրանք բոլորը մեծ են, մաժոր, իսկ բնական մինորում՝ փոքր, մինոր։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 23-25