Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ (ԳԿԽ) (գերմ.՝ Zentralrat der Armenier in Deutschland e.V. (ZAD)), Գերմանիայում հայերի, հայ համայնքի և հայկական կազմակերպությունների կենտրոնական համընդհանուր միություն։ Համաձայն կազմակերպության կանոնադրության` Կենտրոնական խորհրդի խնդիրների թվին են պատկանում իր անդամների, անդամ միավորումների բարեգործական և մշակութային ակտիվության կոորդինացումն ու համակարգումը, երիտասարդության շրջանում պահանջատիրության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը, գերմանական և հայկական կազմակերպությունների համագործակցությունը և Գերմանիայում ապրող հայերի միջև հաղորդակցության բարելավումը։ Բացի այդ, վերջինս դիտարկվում է նաև որպես Գերմանիայում գործող համասփյուռքյան կառույցի նախատիպ, որը զբաղվում է համայնքնի ինքնակազմակերպման հարցերով և նպաստում է համայնքի ներկայացուցիչների ներգրավվմանը հայերի համար նշանակալի միջոցառումներին։

Նախապատմություն խմբագրել

1960-ական թվականների վերջերից սկսած Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում ապրող հայերը փորձեցին ստեղծել մի համընդհանուր կազմակերպություն, որը կներկայացներ հայկական համայնքներն ու համայնքային այն կառույցները, որոնք հիմնադրվել էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և տարանջատված էին գործում[1]։ 1969 թվականին Աախենում ձևավորվեց հայերի կենտրոնական մարմինը`«Հայկական միավորումների միությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Արևմտյան Բեռլինում» անվանմամբ, որը ստեղծված էր գործելու գերմանախոս ընդհանուր տարածքների համար։ Այդ նպատակով 11 միություններ 8 մասնավոր անձանց հետ միասին 1969 թվականի նոյեմբերի 22-23-ին նիստ գումարեցին, որի ժամանակ ընդունվեց միության կանոնադրությունը և կազմավորվեց առաջին վարչությունը, ով ղեկավարում էր պաստոր Ջեյմս Կառնուսյանը։ Իսկ միության կանոնադրությունն էլ հաստատվեց 1970 թվականի փետրվարի 28-ին՝ առաջին ատյանի դատարանի կողմից։ Դրան հաջորդող տարիներին այն բազմիցս փոխել է իր անվանումը։

1970-ական թվականներին հայկական միությունը փորձեց ընդլայնել իր կառուցվածքները մեկ համընդհանուր միության ներքո` դաշնային բազմաթիվ այլ միավորումների հետ միասին։ Սակայն կոոպերատիվ դաշնային միությունների ստեղծումը հետագա տարիներին չհաջողվեց, և ի վերջո այն հետագայում մղվեց հետին պլան։

1993 թվականին միությունից անջատվեց Բոննում հիմնադրված «Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը»` արդեն որպես գրանցված կազմակերպություն[2]։ Կենտրոնական խորհրդին բացի միավորումներից որպես անդամներ կարող էին անդամակցել նաև մասնավոր անձինք։ Միության նստավայրը Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում է։ ԳԿԽ-ին անդամակցում են 12 համայնքային միություններ և կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ այլ անհատներ։ Կենտրոնական խորհուրդն ամեն տարի գումարում է իր համագումարը և երեք տարին մեկ ընտրում նոր վարչություն։ Անդամ համայնքային միությունները գործում են Գերմանիայի համարյա բոլոր մեծ քաղաքներում` Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում, Մյունխենում, Մանհայմում։

ԳԿԽ-ի ռեսուրսներ խմբագրել

Խորհրդի Ֆինասնավորում խմբագրել

Միությունը հիմնականում ֆինանսավորվում է անդամ միավորումների և առանձին անդամների կողմից վճարվող անդամավճարների, ինչպես նաև նվիրատվությունների հաշվին։ Բացի դրանից երիտասարդական հանդիպումների համար ԳԿԽ-ն ստանում է առանձին հատկացումներ, որոնք ուղղված են տարբեր նախագծերի իրականացմանը։ Աշխատանքի լավագույն կոորդինացման համար միության վարչությունը 2011 թվականից սկսած ջանքեր է գործադրում Բեռլինում դաշնային կենտրոնական գրասենյակ նվիրատվություն ստանալու համար։

Նյութական և մարդկային ռեսուրսներ խմբագրել

Կենտրոնական գրասենյակի հետ միասին միությունը պլանավորում է ստեղծել նաև հայկական գրադարան և արխիվային կենտրոն։ Սակայն այդ նպատակային առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ դրական տեղաշարժներ դեռևս չեն նկատվել։ Ներկայումս ԳԿԽ-ի ռեսուրսները շատ չնչին են` ազդեցիկ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Միության մոտ բացակայում են և մարդկային և նյութական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են քաղաքական կուսակցությունների, քաղաքական հաստատությունների և համալսարանական տարբեր կառույցների հետ համագործակցելու համար։

ԳԿԽ-ի վարչություն խմբագրել

ԳԿԽ-ի վարչության նախագահն ընտրվում է 3 տարով։ 2015 թվականի նոյեմբերի 15-ին կայացած ԳԿԽ-ի գլխավոր համագումարի համաձայն՝ խորհրդի վարչության ներկայիս նախագահն է Ժագլին Խաչատուրյանը, ով ակտիվորեն ներգրավված է տեղական քաղաքականության մեջ և երկար տարիներ պայքարում է գերմանական հասարակության մեջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության նկատմամբ իրականացվող մերժողական կեցվածքի դեմ։ Խորհրդի մյուս անդամներն են Սոնա Հակոբյանը, Օհանես Ալթունքայանը, Անի-Սմիթ Դագեսյանը և Սամվել Լուլուկյանը։

ԳԿԽ-ի նպատակներ ու գործունեություն խմբագրել

ԳԿԽ-ի նպատակների թվին է պատկանում Հայկական հարցի վերաբերյալ հետևողական գործունեության իրականացումը, որն իրականացվում է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան և Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կազմակերպվում են բազմաթիվ ցույցեր և ուղարկվում մի շարք բողոք նամակներ։ Բացի դրանից ամեն տարի ապրիլի 24-ին ԳԿԽ-ն Գերմանիայում հայկական եկեղեցական թեմի հետ միասին կազմակերպում է մեծ միջոցառում` 1915-1916 թվականների Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված։ Օգտագործելով այս առիթը` ԳԿԽ-ն ջանքեր է գործադրում այս միջոցառմանը քաղաքական, մշակութային և տնտեսական հայտնի գործիչների մասնակցությունը խթանելու և զոհերի հիշատակին նվիրված ելույթներ իրականացնելու համար։

Ներկայումս ԳԿԽ-ի հովանու ներքո են գտնվում 12 հայկական կազմակերպություններ, ինչպես նաև հարյուրավոր առանձին անդամներ։ ԳԿԽ-ն փորձեր է իրականացրել նաև հայերի շահերն արտահայտել «Գերմանիայում Հրեաների կենտրոնական խորհրդի» օրինակով։ Սակայն այս ծրագիրը հաջողություն չունեցավ, քանի որ ոչ բոլոր հայկական միավորումներն էին գտնվում Կենտրոնական խորհրդի կազմում։ Ինչպես նաև Գերմանիայում գրանցված հայերի համեմատությամբ չնչին էր Խորհրդի կազմում գրանցված անձանց թիվը։ Ընդ որում հարցական է նաև, թե արդյոք ԳԿԽ-ն կարող է ստանալ Գերմանիայում գտնվող հայերի մեծամասնության աջակցությունը պետական ինստիտուտներին ուղղված պահանջները ներկայացնելու համար և անհրաժեշտ է հասնել շատ ամուր ներքին համախմբման, որպեսզի իրականացվեն այն պահանջները, որոնք ընկած են Կենտրոնական խորհրդի գործունեության հիմքում։ Հենց սկզբից ԳԿԽ-ի և նախորդ կազմակերպության առջև ծառացած լուրջ կառուցվածքային խնդիրն այն է, որ երբեք չի հաջողվել միությունների երկու գլխավոր տեսակները (եկեղեցական և հայրենակցական միությունները) միավորել մեկ համընդհանուր տանիքի ներքո։

Որպես ԳԿԽ-ի գլխավոր նպատակներ առանձնացվում են.

  1. Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումը դաշնային մայրաքաղաքներից որևիցե մեկում։
  2. Գերմանական կրթական պլանում Ցեղասպանության թեմայի ներառումը։
  3. Ցեղասպանության ժխտողականության դեմ ակտիվ պայքարի իրականացումը։

ԳԿԽ-ի հասցեին ուղղված քննադատություններ խմբագրել

Վկայությունների համաձայն` ԳԿԽ-ն գնալով ընկալվում է որպես առանձին, մեկուսացված կառույց, որը հայերի շահերը ոչ անբավարար կերպով է ներկայացնում և իրեն ավելորդ կերպով ծանրաբեռնում է քաղաքական-ադմինիստրատիվ համակարգի և գիտական հաստատությունների տարբեր կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների զարգացմամբ։ Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային դերակատարում ունեցող հայկական կազմակերպությունների արտաքին ազդեցությանը Գերմանիայում ԳԿԽ-ի գործունեության վրա, ապա այն տարբեր կերպ է գնահատվում փորձագետների կողմից։

ԳԿԽ-ի գործունեությունը Հայաստանի կողմից գնահատվում է որպես սակավ ձեռնտու և խնդրահարույց, քանի որ Հայաստանը Ցեղասպանության հարցում ավելի հստակ և չափավոր դիրքորոշում ունի, քան թե Հայկական սփյուռքը։ Մինչդեռ ԳԿԽ-ն դաշնային հստակ որոշման ընդունում էր պահանջում Օսմանյան կայսրությունում կատարված ոճիրը բառացիորեն Ցեղասպանություն կոչելու համար, այնուամենայնիվ, այն բացարկում է Հայաստանը՝ Թուրքիայի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով։ Այս ամենն էլ, տարիներ ի վեր կոնֆլիկտների է հանգեցրել Հայաստանի և դաշնային միության միջև։

Քաղաքական համակարգի ներկայացուցիչների տեսակետների համաձայն` ԳԿԽ-ի օգնությունը երիտասարդ Հայաստանում ժողովրդավարական համախմբման և ժողովրդավարական կայունության հաստատման գործում շատ չնչին է։ ԳԿԽ-ի և Հայկական սփյուռքի համար շատ կարևոր թեմա պետք է լինի նաև այն փաստը, որ տարագրության մեջ գտնվող անձանց մեծամասնությունը ապրում է արևմտյան ժողովրդավարական երկրներում։

2006-2008 թվականներին ԳԿԽ-ի ներսում կային զգալի ներքին կոնֆլիկտներ, որոնք կապված էին միության հետագա քաղաքական կարգավորման և եվրոպական կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության հետ։ Բացահայտ վեճի, նույնիսկ մի շարք անդամների միությունից դուրս գալուն հանգեցրեց այն, որ այն ժամանակվա վարչության նախագահ Շավարշ Օվասսապյանը և ղեկավար կազմի այլ անդամներ քննարկման դրեցին եվրոպական, իրավական-պոպուլիստական միությունների հետ կազմակերպության դաշինքի հարցը։ Վերջինիս հետևանքը եղավ շաբաթներ ձգվող վիճաբանությունները և ներքին դժգոհությունները։ Դրանից հետո Բեռլինի հայ համայնքը դադարեցրեց իր անդամակցությունը ԳԿԽ-ին։ Կոնֆլիկտն ի վերջո հանգեցրեց արտահերթ ժողովի գումարմանը, որի ժամանակ միության անդամները 96% կողմ և 4% դեմ ձայներով դեմ արտահայտվեցին միության վարչությանը, ինչպես նաև հրաժարվեցին աջակողմյան միությունների հետ դաշինք կնքելուց։ Այս կոնֆլիկտը տևականորեն մասնատեց ԳԿԽ-ն և շատ անդամներ և հովանավորներ անժամանակ հեռացան միությունից։

Այսպիսով, չնայած ԳԿԽ-ի ինքնաբնորոշման և նրա ղեկարության կողմից սեփական ընկալմանը, փորձագետների կարծիքով այն Գերմանիայում հայերի շահերի արտահայտման տեսանկյունից դիտվում է որպես խանգարող գործոն։ Ինչպես նաև բավարար չեն տևական և ազդեցիկ քաղաքական գործունեություն վարելու համար անհրաժեշտ անձնային և նյութական ռեսուրսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Azat, Ordukhanyan (2008). Armenier in Deutschland. Geschichte und Gegenwart. Erfurt. էջ 44.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Raffi, Kantian (2000). Armenisch-Deutsche Korrespondenz (ADK). Hannover. էջ 28.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)