Գեղարվեստական ձուլում, քանդակագործական աշխատանքը մետաղից կերտելու առավել տարածված եղանակ, նույն կերպ ստեղծված գեղարվեստական ստեղծագործություն, ինչպես և մետաղե ամանեղեն, սեղանի սպասք, լուսամփոփներ պատրաստելու միջոց։ Գեղարվեստական ձուլումը սկզբնավորվել է մետաղի նախնական կիրառման և վերամշակման դարաշրջանում։ Զուլման արտադրության զարգացման համեմատ Գեղարվեստական ձուլումը աստիճանաբար դարձել է առանձին բնագավառ, ուր գեղարվեստական խնդիրները ենթարկվում են կաղապարման և ձուլման առանձնահատկություններին, արտադրության որոշակի տեսակի համար մետաղի կամ համաձուլվածքի ընտրությանը։ Այդ նպատակին է ծառայում նաև ձուլվածքի մակերեսի հաճախ հեղինակային վերամշակումը (դրվագում, փորագրում, բրոնզավառում, ոսկեզօծում), որի շնորհիվ մասսայական արտադրությունը ձեռք է բերում եզակիության հատկանիշներ։

Գեղարվեստական ձուլման հիմնական տեխնոլոգիան մշակվել է բրոնզը որպես նախանյութ ընտրելու հետ միաժամանակ, որը վաղուց ի վեր ամենից շատ կիրառվող համաձուլվածքն է։ Սկսած IV դարից ոչ մեծ առարկաներ ձուլելու ժամանակ որպես նախանյութ օգտագործվել է անագը (IV - VII դդ. ղպտական դամբարանների հմայիլներ), որից XVI- XVIII դդ. ձուլել են մեդալներ և գլխավորապես անոթներ։ XVII - XVIII դդ. պարտեզային քանդակներ են ձուլել արճճից (Վերսալ, Պետրոդվորեց)։ XVI դ. Գերմանիայում, ապա Եվրոպայի մյուս երկրներում (Ռուսաստանում՝ XVII դ. վերջ) Գեղարվեստական ձուլման մեջ օգտագործում են թուջը (պարտեզային քանդակ, կահույք, մահարձան, ցանկապատ են)։ Ինչպես բրոնզը, այնպես էլ թուջը, որը բավական էժան է, լայն կիրառում ունի ժամանակակից Գեղարվեստական ձուլման մեջ։

Հայերը գեղարվեստական ձուլմանը ծանոթ են հնուց։ Էջմիածնում, Լճաշենում, Արթիկում, Ստեփանավանում գտնվել են ցուլերի, այծերի, թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմա կառքերի մոդելներ, գոտիներ ևն։ Միջին դդ. պատրաստել են գեղարվեստորեն ձևավորված բուրվառներ, կանթեղներ, հավանգներ, սկուտեղներ են։ Սովետական իշխանության տարիներին մոնումենտալ և կիրառական արվեստում լայն տարածում են գտել ինչպես բրոնզը, այնպես էլ թուջն ու տարբեր համաձուլվածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։