Բույսերի սննդառություն, կյանքի համար անհրաժեշտ քիմիական տարրերի կլանման և յուրացման պրոցեսը բույսերում։ Կլանումը, վերափոխումը և էներգիայի կուտակումը (անաբոլիզմ) նյութերի քայքայման, արտազատման և էներգիայի անջատման (կատաբոլիզմ) հետ կազմում են նյութափոխանակությունը (մետաբոլիզմօրգանիզմի կենսագործունեության հիմքը։

Բուսական բջիջ
ֆոտոսինթեզի պրոցեսը
Երկաթաբակտերիաներ

Սննդառության համար անհրաժեշտ տարրեր խմբագրել

Բույսերի բջիջներում պարունակվում են երկրի վրա գոյություն ունեցող համարյա բոլոր քիմիական տարրերը։ Սակայն սննդառության համար անհրաժեշտ են դրանց միայն մի մասը։Բույսերի չոր զանգվածի 95%-ը օրգանածին տարրերն են (ածխածին՝ 45%, թթվածին` 42%, ջրածին՝ 6—7%, ազոտ՝ 1,5%), իսկ մնացած 5%-ը՝ ոչ օրգանածինները։ Ածխածինը, թթվածինը և ջրածինը կազմում են օրգանական մոլեկուլների հիմքը, իսկ դրանցից կազմված նյութերը (հատկապես շաքարները)՝ շնչառության հիմնական սուբստրատը։

Բույսերի սննդառության տարրերը չեն կարող փոխարինվել միմյանցով և դրանցից մեկի բացակայությունը կամ գերավելցուկը կարող է հանգեցնել բույսի ոչնչացման։

Կենսածին տարրեր
Միկրոտարրեր Մակրոտարրեր
նատրիում, կալիում, ծծումբ ազոտ, թթվածին
ֆոսֆոր, քլոր, երկաթ ածխածին, ջրածին
կալցիում, մագնեզիում

Սննդառության տիպեր խմբագրել

Ըստ օգտագործվող ածխածնի աղբյուրի տարբերում են սնընդառության հետևյալ տիպերը՝

  • Տարասուն սննդառություն, երբ օգտագործվում է օրգանակն միացությունների վերականգնըված ածխածինը, հատուկ է ստորակարգ բույսերի մի մասին (բակտերիաների մեծ մասը, սնկեր)։ Վերջիններս ստորաբաժանվում են սապրոֆիտների (փըտման սնկեր և բակտերիաներ) և մակաբույծների։ Տարասուն սննդառության ձևերից է սիմբիոզը՝ կարգաբանորեն միմյանցից հեռու բույսերի միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը։
  • Ինքնասուն սննդառություն, երբ ածխածինը յուրացվում է մթնոլորտի ածխաթթու գազից և վերափոխվում օրգանական միացությունների (բարձրակարգ քլորոֆիլակիր բույսեր, ջրիմուռներ, որոշ բակտերիաներ)։ Պահանջում է էներգիայի մեծ ծախս, որը լրացվում է արևի լույսի կլանման (ֆոտոսինթեզ) կամ տարբեր անօրգանական և օրգանական միացությունների օքսիդացման (քեմոսինթեզ) հաշվին։

Այսպիսով ինքնասուն բույսերը սկսում, իսկ սապրոֆիտները եզրափակում են նյութերի շրջապտույտը բնության մեջ։ Ֆոտոսինթեզի պրոցեսում կուտակված արևի էներգիան (սինթեզված շաքարի մոլեկուլների ձևով) կարող է փոխադրվել բույսերի ոչ ֆոտոսինթեզող օրգանները (արմատներ և այլն) և օգտագործվել բջիջների կենսագործունեության և նոր նյութերի սինթեզման համար։ Այդ էներգիան են օգտագործում իրենց կենսագործունեության մեջ նաև տարասուն օրգանիզմները։ Չնայած ֆոտոսինթեզի պրոցեսին անմիջականորեն մասնակցում են միայն CO2-ը H2O-ն, բայց դրա իրականացման և սկզբնանյութերի հետագա փոխակերպումների համար անհրաժեշտ են նաև բույսերի սննդառությանը մասնակցող բոլոր քիմիական տարրերը։

Սննդառության ընթացքը խմբագրել

 
Ջրիմուռներ

Օրգանական նյութերը տերևներից թափանցում են ֆլոեմի մազանման (ցանցանման) անոթները և վայրէջ հոսանքով մուտք գործում արմատները։ Ջուրը և հանքային աղերը կլանվելով արմատի մակերեսով և ապա անցնելով բջջաթաղանթով՝ տերևներից եկող սկզբնական օրգանական արգասիքների հետ մտնում են նյութափոխանակության մեջ և սկիզբ դնում կենսական կարևոր նյութերի։ Արմատային սննդառության տարրերը արմատահյութի ձևով ջրի հետ մտնում են նյութերի վերելակ հոսանքն իրականացնող մյուս փոխադրական համակարգի՝ քսիլեմի անոթները և տերևներում թափանցում ֆոտոսինթեզող բջիջներ, որտեղ կրկին փոխազդում են ֆոտոսինթեզի սկզբնական արգասիքների հետ և առաջացնում տարբեր օրգանական, օրգանա-անօրգանական նոր միացություններ։ Այսպիսով բույսերի տարբեր օրգաններում տեղի ունեցող սննդանյութերի փոխակերպման պրոցեսներն ընթանում են իրար հետ փոխադարձորեն կապակցված և մտնում են բուսական օրգանիզմի նյութերի անընդհատ շրջապտույտի մեջ։ Անընդառությունը պահպանում է բույսերի կենսագործունեության անհրաժեշտ մակարդակը, լրացնում շնչառության ընթացքում ծախսված, ինչպես նաև արտազատված միացությունների պակասը, ապահովում աճումը, նյութերի պահեստավորումը և սերնդի վերարտադրությունը։ Սննդանյութերի պակասի դեպքում դադարում է բույսերի աճումը, իսկ եղած նյութերը հիմնականում ծախսվում են սերնդի վերարտադրությունն ապահովելու համար։

Սննդառության ճիշտ կազմակերպումը խմբագրել

 
Բակտերիաներ

Բույսերի սննդառության ճիշտ կազմակերպումը (առաջավոր ագրոտեխնիկայի կիրառում, պարարտանյութերի ճիշտ օգտագործում, կանոնավոր ջրում, աէրացիայի բարելավում) բուսաբուծության կարևոր խնդիրներից է և հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով ղեկավարել գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 484