Բորսայի շենք (Կալինինգրադ)

Քյոնիգսբերգյան բորսայի շենք (ռուս.՝ Здание кёнигсбергской биржи), Կալինինգրադի տեսարժան վայրերից մեկը, ճարտարապետական հուշարձան։ Շենքը գտնվում է Պրեգոլյա գետի ափին, Էստակադային կամրջի կողքին։

Բորսայի շենք
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Հիմնադրված է1875
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` Ռուսաստան, ք. Կալինինգրադ, Լենինյան պողոտա, տուն 83։

Ներկայումս շենքում տեղակայված է Կալինինգրադի մարզի Մշակույթի նախարարության, մշակույթի և երիտասարդության մարզային կենտրոնը։

Բորսայի շենքի տեսքտ նախքան Հայրենական մեծ պատերազմ

Պատմություն խմբագրել

 
Բորսայի հյուսիսային ճակատը հին բացիկի վրա

Մինչև մեր օրերը պահպանված բորսայի շենքը, Քյոնիգսբերգում այդ կարգի առաջին շենքը չէր։ Կնայպհոֆյան առաջին բորսան կառուցվել է 1623 թվականին փայտից, ներկայիս բորսայի դիմաց (այսինքն գետի հակառակ ափին)։ 18-րդ դարի վերջին առաջին բորսայի փայտե շենքը բավականին խարխլվել էր, և 1798 թվականին նույն տեղում կառուցեցին նոր շենք։ Սակայն երկու տարի հետո այն հրդեհվեց և 1801 թվականին նույն տեղում կառուցվեց բորսայի երրորդ, «նախավերջին» շենքը, որը գոյատևեց մինչև 1875 թվականը և քանդվեց այն պատճառով, որ խանգարում էր փողոցի կայունացմանը[2]։

Կնայպհոֆի հետ մեկտեղ իր բորսան ուներ նաև Ալտշտադտը։ Ալտշտադտյան բորսան լողացող էր, այն գտնվում էր Պրեգոլիի ափին կայանված լաստանավի վրա։ Սկզբում, 1699 թվականից, ալտշտադտյան բորսան կայանված էր Լավոչնի կամրջի մոտ, իսկ 1717 թվականից այն տեղափոխվեց ներկայիս Համաշխարհային օվկիանոսի թանգարանի շրջան (մոտավորապես այն տեղում, որտեղ կայանված է Б-413 ստորջրյա սուզանավը)։ Սակայն 1728 թվականից Քյոնիգսբերգի բոլոր առևտրական գործարքները սկսեցին իրականացվել Կնայպհոֆի բորսայում և Ալտշտադտյան բորսան դադարեցրեց իր գործունեությունը։ Քյոնիգսբերգի երրորդ քաղաքը` Լյոբենիխտը, երբեք չի ունեցել իր բորսան[2]։

Բորսայի նոր շենքը կառուցվել է ճարտարապետ Կ. Մյուլերի կողմից, որին հրավիրել էին Բրեմենից։ Շինարարությունը սկսվեց 1870 թվականին, իսկ 1875 թվականի մարտի 6-ին տեղի ունեցավ շենքի հանդիսավոր բացումը։ Բորսան օգտագործվում է ոչ միայն սակարկությունների անցկացման համար, այլև այնտեղ կազմակերպվում էին ցուցահանդեսներ և համերգներ[3]։

Բորսայի շենքին զգալի վնասներ է պատճառվել 1944 թվականին բրիտանական ավիացիայի կողմից Քյոնիգսբերգի ռմբակոծության ժամանակ։ Պատերազմից հետո ավելի քան երկու տասնամյակ շենքն ավերակ էր և օգտագործվում էր միայն պատերազմի մասին ֆիլմերի տեսարաններ նկարահանելիս։ Մասնավորապես բորսայի ավերակներում է նկարահանվել «Զինվորի հայրը» ֆիլմի վերջին տեսարանները[2]։

1960 թվականին ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ շենքին տրվել է հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ[2] և միայն 1967 թվականին շենքում վերականգնման աշխատանքներ իրականացվեցին, արտաքին տեսքը թողնելով մինչպատերազմականին մոտ, ներսակողմը զգալիորեն վերափոխվեց։ Վերակառուցումից հետո շենքը օգտագործվում էր որպես Ծովայինների մշակույթի պալատ[3]։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

 
Վահանակիր առյուծը

Բորսայի շենքը կառուցվել է Քյոնիգսբերգին ոչ յուրահատուկ իտալական նեոռենեսանսի դասականության տարրերի տարբերակով։ Շենքը բաղկացած է երկու հիմնական մասերից մեծ երկկողմանի դահլիճից (35 մ երկարություն, 22 մ լայնություն և 19 մ բարձրություն) և դեպի գետը նայող ծածկած պատկերասրահից։ Բորսայի դահլիճը իր մեծությամբ երկրորդն էր Քյոնիգսբերգում, քաղաքի ամրոցի մոսկովիտների սրահից հետո։ Դեպի դահլիճ և պատկերասրահ տանող սանդուղքները յուրահատուկ էին։ Շենքի ներսակողմը զարդարված էր վերածննդի ոճով։ Շենքը զարդարված էր քյոնիգսբերգցի քանդակագործ Էմիլ Հունդրիզերի քանդակագործական աշխատանքներով, գլխավոր մուտքի աստիճանների երկու կողմերում տեղադրված են երկու վահանակիր առյուծներ (պահպանվել են) և տանիքի անկյուններում տեղադրված աշխարհի չորս կողմերը խորհրդանշող արձաններ (ներկայումս չեն պահպանվել)։ Բորսայի շենքի երկարությունը 73 մ է, լայնությունը` 23 մ, այն կանգնած է 12-ից 18 մ երկարությամբ 2202 ցցահենասյուների վրա։  [3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
  2. 2,0 2,1 2,2 2,3 Д. Яшина. «Кёнигсберг и биржа. Жители называли её „маленькой Венецией“». // «Новые колёса» : газета. —Калининград, 2010. — № № 191 (27 мая).
  3. 3,0 3,1 3,2 Коллектив авторов Глава 4. Искусство и культура // Кёнигсберг Калининград: иллюстрированный энциклопедический справочник / Под общей редакцией А. С. Пржездомского. — Калининград: Янтарный сказ, 2005. — С. 92—94. — 800 с. — ISBN 5 7406 0840 5

Արտաքին հղումներ խմբագրել