Բնության օրացույց

ֆենոլոգիական տեղեկագիր տվյալ տեղանքի բնության սեզոնային երևույթների բազմամյա միջին ժամկետների վերաբերյալ

Բնության օրացույց, ֆենոլոգիական տեղեկագիր տվյալ տեղանքի բնության սեզոնային երևույթների բազմամյա միջին ժամկետների վերաբերյալ։ Ստեղծվում է ֆենոլոգիական դիտարկումների և սեզոնային երևույթների ուսումնասիրությունների հիման վրա։ Առնվազն 3-7 (որոշ դեպքերում 50-100) տարվա դիտարկումների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր երևույթի միջին ժամկետը և կազմվում նմուշային կամ չափանմուշային բնության օրացույց։ Սեզոնային երևույթների հաջորդականությունը սովորաբար հաստատուն է, սակայն առանձին տարիների դրանք կարող են շեղվել՝ եղանակային և այլ պայմաններից կախված։ Բնության օրացույցները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ (կազմվում են պտղաբույծի, խաղողագործի, բանջարաբույծի, անասնաբույծի, մեղվաբույծի բնության օրացույցներ), նաև անտառաբուծության, որսորդության, ռազմական և այլ բնագավառներում։ Բնության օրացույցների օգնությամբ մի քանի օրվա ճշտությամբ կանխատեսվում են ընթացիկ տարվա ցանկացած երևույթի ժամկետները։ Բնության օրացույցում տրվում են տվյալ տարածաշրջանին բնորոշ բույսերի և կենդանիների կյանքի նկատելի փոփոխությունների ժամկետները (բույսերի վեգետացիայի վերսկսումը, տերևակալումը, ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը, տերևաթափը, թռչունների չուն, վերադարձը, ձվադրումը, ձագ հանելը, տարբեր միջատների երևան գալը, դրանց ձվադրումը, թրթուրավորումը, թռիչքը և այլն)։

Սեզոնային երևույթների փոփոխությունների պատկերը բավական ճշտությամբ կարելի է տալ օդի ջերմաստիճանի տարեկան փոփոխությամբ։ Այդ երևույթների և եղանակի փոփոխությունների միջև կապը ցույց տալու համար բնության օրացույցում տեղեկություններ են տրված նաև մի շարք օդերևութաբանական և ջրաբանական երևույթների (ձնաշերտի գոյացման, ձնհալի, գետերի հորդացման, սառցակալման և այլն) վերաբերյալ։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում բնության օրացույցները կազմվել են վաղ ժամանակներից, բայց կանոնավոր հրատարակվել են 1960-ական թվականներից՝ «Ագրոկլիմայական տեղեկագրերի» մեջ։ 1976 թվականին առաջին անգամ հրատարակվել է «Հայաստանի բնության օրացույցը» (Ռ. Մկրտչյան, Ֆ. Հայրապետյան), որտեղ ընդհանրացվել են ՀՀ 55 բնակավայրում կատարված օդերևութաբանական կայանների 25-40 տարիների ֆենոլոգիական դիտարկումների արդյունքները։

Բնության օրացույցի միջոցով լուծվում են բազմաթիվ կիրառական խնդիրներ՝ շենքերի ջեռուցումը, անասունների մսուրային կերի անցման ժամկետներն ու տևողությունը և, ըստ դրանց, վառելիքի ու անասնակերի պաշարների կուտակումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։