Բիմետալիզմ, (լատին․՝ metallum) դրամական համակարգ, երբ երկրում ոսկուն և արծաթին օրենսդրությամբ տրվում է համընդհանուր համարժեքի դեր և այդ մետաղներից կտրած ստակները շրջանառվում են հավասար սկզբունքներով[1]։ Բիմետալիզմ գոյություն է ունեցել միջնադարում, բայց Եվրոպայում լայն տարածում է գտել կապիտալի նախասկզբնական կուտակման դարաշրջանում[2] ։ Հայտնի է բիմետալիզմի երկու տարատեսակ՝ զուգահեռ արժույթի համակարգ, երբ ոսկե և արծաթե ստակների միջև արժեքային հարաբերակցությունը կազմավորվում է տարերայնորեն՝ ոսկու և արծաթի շուկայական արժեքին համապատասխան, և երկակի արժույթի համակարգ, երբ երկու մետաղների միջե որոշակի արժեքային հարաբերակցությունը (հավասարանքը, պարիտետը) սահմանվում է պետության կողմից, իսկ ոսկե և արծաթե ստակների կտրումն ու նրանց ընդունումն առուծախի են գործարքների ժամանակ տեղի են ունենում ըստ սահմանված հարաբերակցության։ Բիմետալիզմը չի համապատասխանում զարգացած ապրանքային արտադրության պահանջներին և հակասում է փողի, որպես համընդհանուր համարժեքի էությանը։ Բիմետալիզմի ժամանակ, չնայած երկուսի ձևական հավասարության, փաստորեն մի մետաղ է հանդես գալիս որպես համընդհանուր համարժեք։ 19-րդ դար արծաթի արտադրության էժանացումը զգալիորեն արժեզրկեց արծաթը, և մի շարք երկրներ (ԱՄՆ, Գերմանիա) դադարեցրին արծաթե ստակների թողարկումը։ Բիմետալիզմի որպես դրամական համակարգի հակասությունը և անկայունությունը կանխորոշեցին անցումը ոսկե մոնոմետալիզմի, որը 19-րդ դարի վերջին լայն տարածում գտավ աշխարհում։

Ոսկե մետաղադրամ 20 ֆրանկ և արծաթ 5 ֆրանկ, Ֆրանսիական Երկրորդ Հանրապետության ժամանակաշրջան. Քաշը 6,41 և 24,94 գ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oxford English Dictionary, bimetallism, "The system of allowing the unrestricted currency of two metals (e.g. gold and silver) at a fixed ratio to each other, as coined money."
  2. Velde and Webber, A Model of Bimetallism, Federal Reserve Bank of Minneapolis Research Department
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 440