Բժշկական լոգանք, բուժական կամ հիգիենային պրոցեդուր, որի դեպքում մարմինն ամբողջությամբ կամ մասնակի ընկղմվում է ջրի կամ որևէ բուժիչ միջավայրի մեջ։ Լոգանքը լինում է ջրային, ցեխային, ավազային, օդային։ Ջրային լոգանքը ընդունում են հիգիենիկ և բուժկանխարգելիչ նպատակներով։ Ջրի ջերմաստիճանը կարող է լինել կայուն՝ սառը լոգանքը (ցածր է 20 °C-ից), զով (20 °C-33 °C-ից), ինդիֆերենտ լոգանքը (34 °C-36 °C), գոլ (37 °C-39 °C), տաք (40 °C և ավելի բարձր), աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանով, կոնտրաստային՝ սառը (10 °C-20 °C) և տաք (38 °C-42 °C)։ Լինում է նաև կոմբինացված լոգանքներ, որի դեպքում օգտագործվում են նաև ֆիզիկական այլ գործոններ (էլեկտրականություն, վիբրացիա, օդի հոսանք և այն)։ Ըստ բաղադրության լոգանքները լինում են քաղցրահամ, հանքային (ծծմբաջրածնային, քլորիդանատրիումային, յոդբրոմային), գազային (ածխաթթվային, թթվածնային, ազոտային, մարգարտային), ռադոնային, անուշահոտ (փշատերև, եղեսպակ՝ շալֆեյ, սկիպիդար, մանանեխ), դեղորայքային (կալիումի պերմանգանատի, սոդայի, օսլայի և այլն) լոգանքներ։ Տևողությունը՝ կարճատև (1-5 րոպե), սովորական տևողության (10-12-15 րեպե), սովորականից բարձր (20-30 րոպե) և երկարատև (մի քանի ժամ)։ Լոգանքի, ինչպես նաև ջրաբուժական մյուս պրոցեդուրների ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմը պայմանավորված է մաշկում տեղադրված նյարդային համակարգի անալիզատորների ծայրամասային վերջույթների (թերմո, բարո, քեմո և այլն ռեցեպտորներ) վրա ջերմային, մեխանիկական, քիմիական գործոնների ազդեցությամբ։ Գազանման նյութերը (ածխաթթու գազ, ծծմբաջրածին) և որոշ իոններ (յոդ, բրոմ) օրգանիզմ են թափանցում մաշկի և վերին շնչուղիների միջոցով և գրգռում անոթների և ներքին օրգանների պատերում տեղադրված ընդունիչները։ Լոգանքներն օժտված են օրգանիզմի տոնուսը բարձրացնող, գրգռող կամ հանգստացնող, նյութափոխանակության պրոցեսներն արագացնող կամ դանդաղեցնող ազդեցությամբ։ Զով լոգանքներն օգտագործվում են նյարդային, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նևրոզների, տաքը՝ երիկամների հիվանդությունների բուժման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 650