Հայոց ազգային խորհուրդ (Բաքու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ազգային խորհուրդ (այլ կիրառումներ)
Բաքվի Հայոց ազգային խորհուրդ, ստեղծվել է 1917-ի վերջին։
Կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի հայության հասարակական-քաղաքական կյանքում. փաստորեն իրականացրել է պետական, քաղաքական գործառույթներ։ Խորհուրդը մասնաճյուղեր (գյուղացիական, գավառական կոմիտեներ) ուներ Շամախու, Գյոքչայի, Նուխիի, Արեշի շրջաններում, որոնք լուծում էին տեղական խնդիրներ։ Ընդհանուր խորհրդում ընտրվում էր խորհրդի վարչություն, որը և իր կազմից ընտրում էր նախագահ։ 1917-ից մինչև 1918-ի ապրիլը Ազգային խորհուրդն իր տրամադրության տակ ունեցել է զորամիավորումներ, որոնք բաղկացած էին մեծ մասամբ ռուսական բանակի հայազգի կադրային սպաներից ու զինվորներից։ 1918-ին այդ զորամիավորումներն անցել են Բաքվի կոմունայի ենթակայությանը, միացվել կոմունայի բանակին և 1918-ի մայիս-սեպտեմբերին վճռորոշ դեր խաղացել թուրքական արշավանքին դիմագրավելու գործում։
Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, Անդրկովկասյան սեյմը, ապա Բաքվի կոմունայի ղեկավարությունը Ադրբեջանի հայությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում էին Բաքվի Հայոց ազգային խորհրդի միջոցով ու համաձայնությամբ։ Բաքուն պաշարած թուրք-գերմանական զինվորական հրամանատարությունը քաղաքը հանձնելու վերջնագրով դիմել էր Հայոց ազգային խորհրդին։ 1918-ի սեպտեմբերի 15-ին, Բաքուն թուրքերի կողմից գրավվելուց հետո, խորհուրդը կարճ ժամանակով դադրեցրել է իր գործունեությունը և վերսկսել անգլիական զորքը Բաքու մտնելուց հետո (1918-ի դեկտեմբեր)՝ իրականացնելով նախկին գործառույթները։
Խորհրդի ջանքերն ուղղված են եղել Բաքվի հայ աղետյալների վիճակը թեթևացնելու, փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու, հայ ռազմագերիներին ու պատանդներին փրկելու, հիվանդներին, որբերին, վիրավորներին խնամելու և այդ նպատակով դրամական միջոցներ հայթայթելու գործին։ Աղետյալների, գերիների իրավունքների պաշտպանությամբ Ազգային պորհուրդը դիմումներ է հղել հասարակական, պետական, զինվորական մարմիններին։ Այդ ժամանակաշրջանումԱզգային ժողովի պատվավոր նախագահն էր Շամախու թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը։ 1918-ի վերջին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դիմել է Ազգային խորհրդին՝ կառավարության կազմում ու խորհրդարանում համատեղ աշխատելու առաջարկությամբ։ Խորհուրդն սկզբում մերժել է այդ առաջարկը՝ չարագործների հետ չհամագործակցելու պատճառաբանությամբ, սակայն անգլիացիների խորհրդով ընդունել է։ Ազգային խորհուրդը 1918-ի հոկտեմբերին, կառավարությունից գաղտնի, խորհրդի անդամ տնտեսագետ Բախշի Իշխանյանի միջոցով տվյալներ է հավաքել Բաքվի հայ բնակչության ֆիզիկական ու նյութական կորուստների մասին։ Անտանտի երկրների Բաքվում ներկայացուցիչ անգլիական զինվորական իշխանությունների կարգադրությամբ ստեղծվել է պաշտոնական հանձնաժողով, որի հաշվարկների համաձայն՝ թուրքական արշավանքի հետևանքով Բաքվի հայ խաղաղ բնակչության մարդկային կորուստները կազմել են 30 հազար, նյութական կորուստները (ոչ լրիվ հաշվարկներով)՝ 453,2 միլիոն ռուբլի (1914-ի գներով)։ Բաքվի Հայոց ազգայինխորհրդի ամբողջ գործունեությունը, կառավարության և խորհրդարանի անդամներ նշանակելու նրա իրավասությունը, Ադրբեջանի հայության տնտեսական, մշակութային ու քաղաքական գործունեությունը ղեկավարելու լիազորությունները վկայում են, որ 1918-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն ստեղծվել է պետական իշխանության մարմիններ ունեցող երկու ժողովուրդների՝ հայերի ու թուրք-թաթարական համաձայնության հիման վրա[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2003, էջ 26-27։