Բացահայտիչ, նախադասության երկրորդական անդամ, գոյականական անդամի լրացում, որ ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

Բուն բացահայտիչ խմբագրել

Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։ (Ավ. Իսահակյան)

Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ էլ հավելականը)։

Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։

Մասնական բացահայտիչ խմբագրել

Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է որպես, իբրև կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։ Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Մասնավորող-պարագայական բացահայտիչ խմբագրել

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969։
  • Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, մաս Ա, Բ, Երևան, 1958, 1964։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։