Բարեկամության տուն

ճարտարապետական կառույց, որը նախատեսված է եղել կառուցել Երևանի կենտրոնում

Բարեկամության տուն, ճարտարապետական կառույց, որը նախատեսված է եղել կառուցել Երևանի կենտրոնում սփյուռքի հետ կապերը ամրապնդելու նպատակով։

Բարեկամության տուն
Տեսակշենք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՃարտարապետՄարտին Զաքարյան

Նախապատմություն խմբագրել

Վաղուց անհրաժեշտություն էր դարձել քաղաքամայր Երևանում ունենալ մեծ ընդգրկման միջոցառումների համար համալիր մի կառույց միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, փառատոներ անցկացնելու համար։ «Բարեկամության տունը», ինչպես նախատեսված էր անվանել այն, դառնալու էր մշակութային և վարչական մի կենտրոն` Սովետական Հայաստանի և սփյուռքի մերձեցմանը, կապերի ամրապնդմանը նպաստող ինքնատիպ կենտրոն։ Հայտարարվեց «Բարեկամության տան» նախագծերի մրցույթ։ Հայաստանի ճարտարապետների միության և Երքաղգործկոմի ներկայացուցչական ժյուրին առաջին կարգի մրցանակը շնորհեց «Երևաննախագիծ ինստիտուտի» ութերորդ ճարտարապետական արվեստանոցի նախագծին, որի գլխավոր ճարտարապետն էր Մարտին Զաքարյանը։ Նրա արվեստանոցում էլ «Սովետական Հայաստան» թերթի թղթակից Ալ. Մարգարյանը ծանոթացավ նախագծի հետ[1]։

  «Բարեկամության տունը» նախատեսվում է կառուցել այնտեղ, ուր գլխավոր պողոտան հատում է Տերյան և Տեր-Գաբրիելյան փողոցներն ու Լենինի պողոտան։ Համալիրի տեղն ընտրված է Երևանի կենտրոնի կառուցապատման գլխավոր հատակագծի համաձայն։ Բարեկամության տունը նախագծելիս առաջին հերթին հավատարիմ ենք մնացել ազգային ճարտարապետության ավանդույթներին[1]։  

Պատմություն խմբագրել

Շենքը պետք է ունենար 200 մետր երկարություն և 36 մետր լայնություն։

Հինգ հարկանի համալիրի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված էին հասարակական-մասսայական նշանակության օբյեկտների համար։ Շենքի մշակութային հատվածը տրամադրվելու էր ցուցասրահներին ու հանդիսասրահներին, որտեղ պետք է գործեին երեք դահլիճներ` 900 տեղանոց համերգային, 250 տեղանոց կինո և 250 նստատեղով կամերային դահլիճներ։ Մեծ դահլիճի հանդիսասրահը ծառայելու էր գիտաժողովների, փառատոների, համերգային ու թատերական ներկայացումների, ինչպես նաև այլ բազմաբնույթ միջոցառումների։ Ցուցասրահային հատվածը նախատեսված էր գեղանկարչական, քանդակագործական, կիրառական արվեստի աշխատանքների ցուցադրության համար։ Այստեղ պետք է գործեր նաև մշտական թանգարանը, որտեղ կհանգրվանեին սփյուռքից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ստացվող մշակութային արժեքները։ Մշակութային հատվածում պետք է գործեին ստուդիաներ, ձայնադարան, տեսադարան ու ինֆորմացիայի կենտրոն, որտեղ կկենտրոնացվեին տեղեկություններ Սովետական Հայաստանի մասին[1]։

Նորակառույցի երեք հարկերում պետք է գործեր սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե` իր խմբագրություններով, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի սփյուռքագիտության բաժինը, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունը։

«Բարեկամության տունը» ըստ նախագծի պետք է ունենար նաև իր 50 տեղանոց հարմարավետ հյուրանոցը, հանգստի և ժամանցի գոտիներն ու սենյակները, հայկական խոհանոց-ռեստորանը, սրճարանը և այլ հարմարություններ։

Շենքի ներքին բակը կամ ձմեռային այգին պետք է ունենար տանիքային լուսավորություն, որը շքեղ տեսք կհաղորդեր շատրվաններին ու կանաչ տարածություններին։ Համակառույցի բակի ներսը, նրա հարկերը հիշեցնելու էին կողք-կողքի կառուցված տներ ու կամարապատ պատշգամբներ։ Հարկերը միմյանց հետ պետք է կապվեին դարավանդաձև, որոնց սրահները կբացվեին դեպի գլխավոր պողոտա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Սովետական Հայաստան» թերթ, մայիսի 22, 1987 թ.