Բարդ երկմաս ձև, երաժշտական ձև, որը բաղկացած է 2 մասից, որոնցից յուրաքանչյուրը (կամ միայն առաջինը) առավել բարդ է, քան պարբերությունը։ Մասերը համադրվում են՝ ըստ թեմայի, ֆակտուրայի և տոնայնության։ Ձևի հնագույն նմուշներ հանդիպում են 16-17-րդ դարերի սյուիտներում (դուբլ - Da capo՝ համադրվում են 2 համանուն, սակայն տարբեր պարեր)։ Բարդ ձևերի չափանիշային տեսակները ձևավորվել են Վիեննայի դասական դպրոցի կոմպոզիտորների գործերում։ Առավել տարածված են բարդ երկմաս ձևերը (պարեր, քայլերգեր՝ սկերցոներ, սոնատա-սիմֆոնիկ ցիկլի դանդաղ մասեր՝ տարբեր ժանրերի գործիքային, վոկալ ստեղծագործություններ և այլն)։

Բարդ երկմաս ձևերում (հնագույն օրինակներում մասերը գրվել են նույն տոնայնություններով) առաջին մասն ունի նախաբանի (Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» օպերայում՝ Վեդենեցյան հյուրի 2 երգը), իսկ երկրորրդը՝ եզրափակչի (Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում Դոն Ժուանի և Ցերլինայի դուետինոն) կամ կրկներգի (Մ. Ի. Գլինկայի «Բոլերո» ռոմանսը) բնույթ։ Այն առավել տարածված է վոկալ ստեղծագործություններում, քանի որ առանց ռեպրիզի հակադրումը պահանջում է բովանդակային հաստատում տեքստում, բեմավիճակում (Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում Լիզայի արիոզոն)։ Գործիքային երկերում կարող է կապվել թաքնված ծրագրային ենթատեքստով (Ֆ. Շոպենի նոկտյուռնը՝ g-moll op.15): Հակադիր մասերից բաղկացած ձևի կազմման սկզբունքն առավել բնորոշ է 19-20-րդ դարերի երաժշտությանը և ունի բազմապիսի գործածություն։ Այն ընկած է նաև կազմածո ձևերի (չունեն մասերի հաստատագրված քանակ) և նրանց դասավորության հիմքում (օր.՝ Ֆ. Շոպենի վալսը՝ Es-dur op. 18, որի սխեման է՝ ABCDA + կոդա)։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարում բազմաթիվ բարդ երկմաս ձևերում մասերի հակադրությունն ուժեղանում է մինչև տեմպի տարբերությունները, որով մոտենում է հակադիր-կազմածո ձևերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։