Բատուտա (իտալ.՝ battuta, battere՝ «հարվածել»), հատուկ փայտիկ, որը 15-18-րդ դարերում օգտագործվում էր չափ տալու համար[1]։ Համարվում է ժամանակակից դիրիժորական փայտիկի «նախնիներից» մեկը։

Դիրիժորությունն անցել է զարգացման մի քանի փուլ, որոնցից մեկը կատարման ռիթմիկ կառավարումն էր հարվածի օգնությամբ[2]։ Այդ նպատակով էլ օգտագործվում էր բատուտան, որը հաճախ մեծ, մետաղյա կամ փայտյա գավազան էր։ Այդ գավազանի օգնությամբ երաժշտական համույթի ղեկավարը չափ էր տալիս՝ ձգտելով առաջին հերթին ապահովել ռիթմային առումով հավասար կատարում։ Առաջին անգամ բատուտա օգտագործեց իտալացի կոմպոզիտոր Ջովաննի դա Պալեստրինան 1564 թվականին; Վերածննդի դարաշրջանում բատուտայով չափ տալը լայն տարածում գտավ․ այն օգտագործում էին ոչ միայն խորհրդային երաժիշտները, այլև եկեղեցական երգչախմբավարները[3]։

Բատուտա օգտագործողների թվում էր նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Բատիստ Լյուլին։ Լյուդովիկոս XIV-ի ապաքինման պատվին գրված Te Deum ստեղծագործության չափ տրման ժամանակ Լյուլին բատուտայով ուժեղ հարվածեց ոտքին։ Վնասվածքը ճակատագրական էր․ մատի թարախաբշտիկի պատճառով կոմպոզիտորի մոտ զարգացավ գանգրենա, որից և մահացավ[4][5]։

Բատուտայով չափ տալը թույլ էր տալիս պահպանել ռիթմը և տեմպը, սակայն ընդհանրապես չէր արտացոլում դիրիժորության գեղարվեստա-արտահայտչական ասպեկտը[2]։ Բացի այդ դիրիժորական փայտիկի թխկոցը խանգարում էր ունկնդիրներին ընկալել երաժշտությունը։ Այդ պատճառով 18-րդ դարում «աղմկոտ չափ տալու» պրակտիկան իրեն սպառեց։ Նրա հիման վրա առաջացավ ժամանակակից դիրիժորությունը, սակայն ժամանակ պահանջվեց, որպեսզի դիրիժորի ձեռքի շարժումները վերև և ներքև սկսեն ընկալվել անկախ հարվածի ձայնից[2]։ Միայն 19-րդ դարում դիրիժորական փայտիկը դարձավ այնպիսին, ինչպիսին որ այժմ է՝ ոչ մեծ և թեթև, իսկ նրա դերը դարձավ ոչ թե ռիթմի չափ տալը, այլ ժեստի արտահայտչականության ընդգծումը։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայում բատուտան պահպանվել է դասական բալետում՝ հետևելով ավանդույթին՝ այն օգտագործում են Փարիզի օպերայի պարի դպրոցի մանկավարժները՝ չափ տալու և աշակերտներին ուղղելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музыка / Гл. ред. Г.В. Келдыш. — Москва: Большая российская энциклопедия, 1998. — С. 58. — 672 с. — ISBN 5-85270-254-4
  2. 2,0 2,1 2,2 Мусин И.А. Техника дирижирования. — Ленинград: Музыка, 1967. — С. 27-33. — 352 с.
  3. Каюков, 2014, էջ 45
  4. «Larousse» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  5. Штейнпресс Б.С. Популярный очерк истории музыки до XIX века. — Государственное музыкальное издательство, 1963. — С. 214. — 447 с.

Գրականություն խմբագրել

  • Каюков В.А. Дирижёр и дирижирование. — Москва: ДПК Пресс, 2014. — С. 44-46. — 214 с. — ISBN 978-5-91976-055-9