Բառիմաստ, բառի բառային իմաստ, բառի բովանդակությունն է, այսինքն՝ նրա հնչյունական կազմի և օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի, հատկանիշիև այլնի միջև եղած հարաբերակցությունը։ Բառի բառային իմաստն արտահայտում է առարկաների և երևույթների ճանաչված ոչ բոլոր հատկանիշները, այլ դրանցից միայն այնպիսինները, որոնք էական են համարվում կամ օգնում են մի առարկան տարբերել մյուսից։

Բառի բառային իմաստը տվյալ լեզվով խոսող հանրության գիտակցության մեջ ամրացված օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի նկատմամբ ունեցած բառի վերաբերությունն է, նրա համապատասխանությունը։ Բառի բառային իմաստի առանձնահատկությունն այն է, որ բառն իբրև լեզվական միավոր իր բառային իմաստի համար հարաբերակցվում է արտալեզվային նյութի՝ օբյեկտիվ իրականության առարկաների ու երևույթների հետ։ Վերջիններս հասկացության շնորհիվ անմիջականորեն դառնում են բառիմաստի բաղադրատարր[1]։

Բառիմաստի տեսակները խմբագրել

Բառի բառային իմաստը գոյանում է նրա առարկայական (իրեղեն) իմաստից ու ածանցային իմաստից։

  • Բառի առարկայական (իրեղեն) իմաստը բառի նյութական իմաստն է և համապատասխանում է տվյալ բառի հիմքում ընկած հասկացությանը, որը ներկայացնում է իրականության առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Առարկայական իմաստի կրողն է բառի արմատը։ Պարզ կամ չտարրալուծվող հիմքերից կազմված բառերում բառային ու առարկայական (իրեղեն) իմաստները համընկնում են, դրանք բխում են բառի արմատական ընդհանուր իմաստից։
  • Բառի ածանցային իմաստն առաջանում է բառի բաղադրության դեպքում բառակազմական ածանցների կողմից։ Ածանցային իմաստ արտահայտողներն են բառակազմական ձևույթները՝ ածանցները։ Օրինակ՝ զինանոց բառը կազմված է զեն(ք) առարկայական իմաստից ու -անոց ածանցային իմաստից, որը նշանակում է տեղ, ամբողջ բառը նշանակում է՝ զենք պահելու տեղ։
  • Վերացական իմաստը բառի ընդհանուր իմաստն է, որը հատուկ է վերացական նշանակություն ունեցող՝ որակ, հատկանիշ, վիճակ, գործողություն ցույց տվող բառերին։ Այդ իմաստն արտահայտում են սովորաբար վերացական գոյականները (օրինակ՝ սեր, թախիծ, խիզախություն, հույս, ձգտում և այլն), ինչպես նաև ածականները (օրինակ՝ ջերմ, համառ, կամակոր և այլն), որոշ բայեր (օրինակ՝ կարոտել, ուրախանալ, պարծենալ, հուսալ և այլն). վերացական իմաստ ունեն այն բայերը, որոնք օժտված են ավելի արտահայտված վերացականությամբ, ցույց են տալիս զգացմունք, վերաբերմունք, ներքին վիճակ և այլն։
  • Թանձրացական (կոնկրետ) իմաստը, ի հակադրություն վերացական իմաստի, նշանակում է ֆիզիկական առարկաներ կամ առարկայացած հատկանիշներ, գործողություն և այլն։ Որոշ դեպքերում թանձրացական իմաստը նույնանում է բառի անվանական իմաստի հետ (օրինակ՝ գիրք, լեռ, ծառ, թերթ, մագաղաթ և այլն)։ Թանձրացական իմաստ ունեն նաև թանձրացական գոյականներից կազմված մյուս խոսքի մասերը՝ ածականները, բայերը և այլն։
  • Բառարանային իմաստը կոնկրետ խոսքային իրադրությունից դուրս առնված, խոսքային բազմազան իրադրություններից վերացարկված նյութական-առարկայական իմաստն է։
  • Հիմնական իմաստը բառի՝ իբրև լեզվական միավորի կառուցվածքային իմաստն է, որ իրացվում է իր տարբեր գործածությամբ։ Այն բառի հասկացության բովանդակությունն է։
  • Երկրորդական իմաստ - երկրորդական են համարվում բառի հիմնական իմաստից զատ մնացած բոլոր իմաստները, այսինքն՝ բառի փոխաբերական, կողմնակի և այլ իմաստները։
  • Կողմնակի իմստը բառի երկրորդական, ոչ հիմնական իմաստն է, որ իբրև լրացուցիչ իմաստ դրվում է նրա հիմնական, անվանական իմաստի վրա և արտահայտում է նաև բառի իմաստային որևէ նրբերանգ։ Օրինակ՝ անկիրթ բառի հիմնական իմաստն է՝ չկրթված, կրթություն չստացած, կողմնակի իմաստներն են՝ 1. կոպիտ, անտաշ, բիրտ, 2. անքաղաքավարի, 3. բարբարոս, անքաղաքակիրթ։
  • Լրացուցիչ իմաստը բառի իմաստային կամ ոճական նրբերանգն էմ որ դրվում է նրա հիմնական իմաստի վրա և ծառայում է հուզաարտահայտչական տարբեր գունավորումների արտահայտման համար՝ տալով նրան անկաշկանդության, մտերմության, հանդիսավորության և այլ բնույթի իմաստներ։ Դա բառի լրացուցիչ բովանդակությունն է և նրա մեջ պարունակվող իմաստային կամ ոճական նրբերանգները, որ դրվում են հիմնական իմաստի վրա և արտահայտում են հուզաարտահայտչական գնահատման նրբերանգներ։ Օրինակ՝ աստղ- բախտ, հաջողություն։
  • Նախնական կամ ելակետային իմաստը բառի նյութական-առարկայական մասի բուն իմաստն է, նրա ստուգաբանական կամ նախնական իմաստը, որից գոյացել է համապատասխան իմաստը լեզվի զարգացման ժամանակակից փուլում, օրինակ՝ կառավարել - կառք վարել (որից՝ կառավարել, ղեկավարել
  • Պատճառաբանված իմաստը բառի ընդհանուր իմաստն է, որ կարելի է որոշել, պատճառաբանել ըստ նրա բաղադրիչների իմաստների։ Օրինակ՝ ձկնորս - ձուկ որսացող։
  • Սովորական (ընդունված) իմաստը լեզվում կայունացած, գործածությամբ սովորական դարձած ու ընդունված իմաստն է։ Օրինակ՝ անուշ - քաղցր, դուրեկան, հաճելի և այլն։
  • Պատահական (չընդունված) իմաստը հանդիպում է բառի խոսքային գործածության միայն տվյալ համատեքստում և փաստորեն շեղվում է սովորական, ընդունված գործածությունից, իր վրա կրում է անհատական գործածության կնիքը։ Գրավոր խոսքում բառի այն իմաստն է, երբ հեղինակը շեղվել է ընդհանուր, գործածական, ընդունված իմաստից, բառին տալիս է բոլորովին նոր, ոչ սովորական, հանրության կողմից դեռևս չընդունված, անգամ արտասովոր իմաստ։ Օրինակ՝ աղջամուղջ - քաոս, թոհուբոհ. Կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում` Ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն (Եղիշե Չարենց)։ Ընդունված իմաստներն են` մութուլույս, լուսադեմ, մթնշաղ։
Այս կարգի իմաստները հազվադեպ են դառնում սովորական ու ընդունված և մեծ մասամբ մնում են հեղինակային, անհատական գործածության սահմաններում։
  • Հավանության չարժանացած իմաստը, անկախ այս կամ այն համատեքստերում բառի գործածությունից, հանրության կողմից հավանության չի արժանանում և մերժվում է ըստ լեզվի համակարգի գործող օրինաչափությունների։ Օրինակ` ձայնալար բառի` երաժշտական գործիքի լար իմաստը։ Հավանության չարժանացած իմաստը որոշ չափով նույնանում է պատահական իմաստի հետ։
  • Փոխաբերական իմաստը բառի այն իմաստն է, երբ խոսքում բառը ձեռք է բերում այնպիսի առարկա, երևույթ, հատկանիշ և այլն նշանակելու համար, որ նրա սովորական կամ բնական հասկացական բովանդակությունը չէ։ Բառի փոխաբերական իմաստը երկրորդական, ածանցյալ, ոչ հիմնական իմաստն է, որ ձեռք է բերում բառը և գործում է նրա մեջ ուղղակի կամ անվանական իմաստի հետ, որը անմիջականորեն ցույց է տալիս օբյեկտիվ իրականության առարկաներն ու երևույթները։ Բառի փոխաբերական իմաստը պատճառաբանված է նրա ուղղակի իմաստով, օրինակ` անուն բառի ուղղակի, անվանական իմաստով նշանակում է անձնանուն, հատուկ և աշխարհագրական անուներ, փոխաբերաբար` համբավ, հռչակ։
Իմաստի փոխաբերությունը կատարվում է առարկաների` ըստ ձևի, գույնի, չափի և այլ հատկանիշներով նմանության, գործողության բնույթի, առարկայի դերի, կցորդության, ինչպես նաև ժամանակի, տարածության և այլ զուգորդումների հիման վրա։ Բառի փոխաբերական իմաստն առաջանում է հիմնականում փոխաբերության, փոխանունության ու այլաբանության հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. М. Шанский, Лексикология современного русского языка, М., 1972, էջ 33։

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 103-109։