Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում

Հովհաննես Այվազովսկու կտավներից

«Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում», Հովհաննես Այվազովսկու 1899 թվականին ստեղծած կտավը, որտեղ նկարիչը պատկերել է հանդիսավոր ընդունելության տեսարան՝ անգլիացի երիտասարդ բանաստեղծ Ջորջ Բայրոնը Սուրբ Ղազար կղզում ափ է իջել։ Նրան դիմավորում են Մխիթարյանները։

Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1899
բարձրություն133 սանտիմետր
լայնություն218 սանտիմետր
ժանրծովանկար և պատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի 90-ական թթ. Հովհաննես Այվազովսկին (1817-1900 թթ.) նկարում է ցեղասպանությանը նվիրված մի շարք պատկերներ՝ «Հայկական ջարդերը Տրապիզոնում 1895 թ.», «Հայերին լցնում են նավերը», «Կենդանի հայերին թուրքերը թափում են Մարմարա ծովը», այդ թվում՝ «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը (1899 թ., չափը՝ 133x219)։ Այվազովսկին իր հայրենասիրական ձգտումներն արտահայտել է Բայրոնի կերպարում։ Մեծակտավ ու բազմաֆիգուր սյուժետային կտավը, 22 այլ ծովանկարների հետ 1899 թվականի աշնանն Այվազովսկին ուղարկում է Բաքու, որտեղ նոյեմբերի 6-ին հասարակական ժողովարանի ամառային շենքում բացվում է նրա անհատական ցուցահանդեսը, որին 82-ամյա նկարիչը չի կարողանում մասնակցել անսպասելի հիվանդության պատճառով (ըստ «Մշակ» թերթի)[2]։

Խորհրդային տարիներին հրատարակված գրականության մեջ, անհատական ցուցահանդեսների ցուցակում այս կտավը չի հիշատակվել։ 1962 թվականին Մոսկվայում հրատարակված Այվազովսկու ստեղծագործությունների ընդհանուր ցուցակում կտավն անվանվել է «Բայրոնի այցը Հունաստան[3]։ «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին» կտավը Այվազովսկու մյուս ծովանկարների հետ միասին լայն արձագանք են գտել Բաքվի բազմազգ հասարակության մեջ և հայ պարբերական մամուլի էջերում։ Ըստ թերթերի ցուցասրահներն առավոտից երեկո լի են եղել այցելուներով, շատերը գնել են մի քանի տոմս ընտանիքներով այցելելու համար[2]։

  Այվազովսկու պատկերահանդեսը, որը բացվել է Բաքվում, ունեցավ մեծ հաջողություն։ Համարյա բոլոր պատկերները ծախված են։ Շատերի համար ցանկալի էր ունենալ նշանավոր նկարչի ստեղծագործությունները և անկասկած, եթե ավելի մեծ թվով պատկերներ բերված լինեին, նրանք կծախվեին։
- «Մշակ», 1899, նոյեմբերի 30
 

Վաճառվել է նաև «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը, որի տեղը երկար տարիներ անհայտ է մնացել։ Հետպատերազմյան տարիներին ռուս մի գեներալ Թբիլիսիի Վրաց կերպարվեստի թանգարան է բերում Այվազովսկու մեծադիր կտավ, խնդրում ընդունել այն թանգարան և դրա փոխարեն իրեն տալ որևէ գեղարվեստական իր կամ մի փոքր նկար։ Գեներալին տրվում է սեղանի ժամացույցի XVIII դարի ֆրանսիական քանդակազարդ պատյան[2]։

Նկարագրություն խմբագրել

Այվազովսկին կտավում պատկերել է հանդիսավոր ընդունելության տեսարան՝ ծաղկազարդ գոնդոլով Սուրբ Ղազար կղզի եկած և արդեն ափ իջած անգլիացի երիտասարդ բանաստեղծին ու նրան սիրալիր դիմավորող Մխիթարյաններին։ Առաջին պլանում միաբանության ավագ հայրերն են՝ Հարություն Ավգերյանը, Սուքիաս Սոմալյանը, վանահայր Նիկողոսը և միաբանության մյուս հոգևոր ու գիտնական անձինք, նրանց հետևի շարքում՝ պատանի սաները։ Հեռվում երևում են Վենետիկի ծովափնյա շենքերի ուրվագծերը, նավահանգստային առագաստանավեր և գոնդոլներ, որոնց մեջ գտնվողները հետաքրքրությամբ են դիտում բանաստեղծին։ Վաղորդյան արևի ճառագայթները ողողել են ծովը, երկինքը պատված է սպիտակ ամպերով։ Բանաստեղծը երկու ձեռքերը լայն բացած (որոնցից մեկում գլխարկն է) դիմավորում է ընդառաջ եկող հայ հոգևոր այրերին, որոնց մոտ նա սովորելու էր հայերեն, կատարելու էր թարգմանություններ, կազմելու էր բառարաններ[2]։

Նամականիշ խմբագրել

 
Նամականիշ՝ նվիրված Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին

2013 թվականին «ՀայՓոստ» ընկերությունը թողարկել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է բանաստեղծի դիմանկարը, խորապատկերին` Հովհաննես Այվազովսկու վրձնած «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» նկարը։ Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերն ու ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և կազմված է երկու բառից` «Լօրդ Բայրոն»[4]։

Նամականիշի անվանական արժեքը 350 դրամ է, այն թողարկվել է 40 հազար տպաքանակով` Ֆրանսիայում։ Նամականիշը ձևավորել է Վահագն Մկրտչյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սարգսյան, Մ. Ս. (1988 թ.) Հովհաննես Այվազովսկու «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում» նկարը. Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 224–226. ISSN 0135-0536:

Արտաքին հղումներ խմբագրել