Բագհաստանա, (հին պարսկերեն՝ աստծո բնակավայր, աղավաղված ձևերն են՝ բագիստանա, բիհիստուն, բեհիստուն ևն), հնավայր, Իրանի Կրմանշահ քաղաքից Դարեհ I Մեծ թագավորի տարեգրության և պատկերաքանդակների տեսարանը Բագհաստանայի ժայռին 36 կմ արևելք, Բեհեսթուն գյուղից 4 կմ հյուսիս։ Գետնից 152,5 մ բարձրությամբ, սպիտակ մարմարյա ժայռի հարթեցված մակերեսին (7,6 մ x 22 մ) փորագրված է Աքեմենյան Դարեհ I թագավորի (մ․ թ․ ա․ 522–486) եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, աքքադերեն) տարեգրությունը։ Աքեմենյան մյուս սեպաձև արձանագրությունների համեմատ ամենաբովանդակալիցն է ու ամենաերկարը (միայն հին պարսկերեն ընդարձակ բնագրի 5 սյունակը բաղկացած է 414 տողից)։ Դրվագված է բազմաթիվ պատկերաքանդակներով։ Կենտրոնում՝ հին պարսկ․ բնագրի վերնամասում, քանդակված է պարտված երկրների առաջնորդների ատյանի տեսարանը։ Հին պարսկերեն բնագրի I–IV սյունակները բովանդակում են Դարեհ I-ի գահակալման առաջին, V սյունակը՝ երկրորդ և երրորդ տարիներին Աքեմենյան Իրանում կատարված իրադարձությունների պատմությունը։ Ըստ արձանագրության, Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան գահը մ․ թ․ ա․ 522-ի մարտի 11-ից տիրել է պարսիկ մոգպետ Գաումատան։ Նույն թվականի սեպտ․ 29-ին նրան տապալել է Դարեհը՝ հռչակվելով Աքեմենյան տան 9-րդ գահակալ։ Սակայն Աքեմենյան տիրակալության հպատակ երկրները (Հայաստան, Մարաստան, Պարսք, Ասորեստան, Բաբելոն, Ելամ, Պարթևաստան, Մարգիանա, Եգիպտոս ևն) ապստամբել և անկախացել են։ Դարեհը նրանց դիմադրությունն ընկճել է 19 խոշոր ճակատամարտերում։ Նրա պատժիչ զորքերին հատկապես համառորեն դիմադրել է Հայաստանը (հին պարսկ․ բնագրում կոչվում է Արմինա, ելամերենում՝ Հարմինա, աքքադերենում՝ Ուրաշտու)։ Այդ մասին Դարեհն արձանագրել է II սյունակի 29–63-րդ տողերում։ Հայաստանի դեմ պարսկ․ զորքերի ռազմական գործողություններն ընթացել են երկու ուղղությամբ՝ Դադարշիշ և Վահումիսա զորավարների առաջնորդությամբ։ Հայկ․ և պարսկ․ զորքերը ճակատամարտել են 5 անգամ (ըստ Ֆ․ Վ․ Կյոնիգի, 522-ի դեկտ․ 31-ին, 528-ի մայիսի 21-ին և 31-ին, հունիսի 12-ին և 21-ին)։ Նրանց առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Հայաստանից դուրս՝ Ասորեստանի Իզալա կոչվող վայրում, այսինքն՝ հայերը եղել են նախահարձակ կողմ և, հավանորեն, կապերի մեջ՝ Ասորեստանի, Մարաստանի, Պարսքի և Բաբելոնի ապստամբների հետ։ Ճակատամարտերում հայերին հաղթելու մասին Դարեհի պարծենկոտ հայտարարությունները կողմնակալ են և անհամոզիչ։ Դարեհի տարեգրությունը լռում է Հայաստանի գրավման և հայ ապստամբներին պատժելու մասին։ Հավանորեն Դարեհի գահակալման սկզբնական տարիներին Հայաստանը պահպանել է անկախությունը։

Բագհաստանայի հուշարձանը հնուց ծանոթ է եղել թե՛ տեղացիներին, թե՛ օտար ճանապարհորդներին։ Սակայն մինչև XIX դ․ նրա բովանդակությունն անհայտ է մնացել։ Հին հույն հեղինակներ Կտեսիասը և Դիոգորոս Միկիլացին, հավատալով տեղական զրույցներին, այն վերագրել են առասպելական Շամիրամին։ 1835–47-ին արձանագրությունն ընդօրինակել և վերծանել է Իրանում ռազմական խորհրդատու, բրիտանական սպա Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնը։ Բագհաստանայի արձանագրության վերծանությունն այնուհետև կարևոր նշանակություն է ունեցեին Արևելքի մյուս երկրների սեպաձև արձանագրությունների ընթերցման համար։ Բագաստանայի արձանագրության լավագույն ընդօրինակությունը 1848-ին կատարել է ամերիկացի արևելագետ Ջորջ Գլեն Քամերոնը։


ԳրականությունԽմբագրել

  • Բասմաջյան Կ․, Դարեհի արշավանքն ի Հայս, «Բանասեր», 1899, № 1։
  • Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։
  • Ադոնց Ն․, Հայաստանի պատմություն, Ե․, 1972։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 198