Աքաղաղի տարին Չինաստանում

Չինաստանում 2017թ․-ի Աքաղաղի տարին նշվում է հունվարի 28-ին և տևում է 15 օր։ Այս ժամանակահատվածը անցնում է Կարմիր, Հրեղեն Աքաղաղի` արևելյան կենդանակերպի ամենատարաբնույթ կենդանու նշանի ներքո։ Ըստ արևելյան օրացույցի Նոր տարին չունի շեշտված ամսաթիվ և կախված է Լուսնային ցիկլից։ Այն տոնում են տարվա առաջին ամսվա առաջին նորալուսնի օրը։ Տոնակատարությունը տևում է 15 օր, որից յուրաքանչյուրն ունի իր ավանդույթը[1]։

  • Օր առաջին- Համաձայն ավանդույթի, առաջին օրը ուղեկցվում է տոնական ընթրիքով և մեծ հրավառությամբ։ Առաջին օրը ամբողջ ընտանիքով վառում են բամբուկե փայտիկներ։ Ենթադրվում է նաև՝ որքան մեծ է տոնը նշելու ոգևորվածությունը, այնքան ավելի լավ և բարեհաջող կլինի տարին, քանզի աղմուկը, ուրախությունը և ծիծաղը մաքրում են տունը բացասական էներգիայից, դժբախտությունից և անհաջողությունից։ Ամանորյա սեղանը սովորաբար լի է տարատեսակ մսային ուտեստներով։ Ընթրիքից հետո գալիս է հյուրերին ընդունելու և ճանապարհելու ժամանակը։ Այս օրը նաև պարտադիր պայման է հանդիսանում՝ ի հիշատակ հանգուցյալների, գերեզմանոց այցելությունը։
  • Օր երկրորդ- Ամանորի երկրորդ օրը սկսվում է աղոթքով։ Ընտանիքի անդամները խնդրում են առողջություն և երջանկություն իրենց բոլոր հարազատների համար, մեծահասակները՝ երկարակեցություն, իսկ գործունյա մարդիկ՝ ծաղկում և հարստացում, որից հետո բոլորը այցելում են իրենց ծնողներին։ Երեխաներին նվիրում են կարմիր ծրարներ՝ մեջը դնելով գումար։
  • Օր երրորդ և չորրորդ- Այս ժամանակահատվածը կարելի է կոչել ընկերների տոն, քանի որ այս երկու օրվա ընթացքում չինացիները տեսակցում են իրենց ընկերներին։ Նրանք գտնում են, որ այս օրը անհրաժեշտ է անցկացնել ընկերական միջավայրում, որպեսզի գալիք տարում նույնպես լինեն միասին։ Այս ժամանակից սկսած, բոլոր մեծ կազմակերպությունները սկսում են իրենց աշխատանքը։ Ամեն ինչ վերադառնում է իր բնականոն վիճակին։
  • Օր հինգերորդ և վեցերորդ- Այս օրերը նվիրված են հարստությանը և բիզնեսին։ Իսկ հետո ավելի փոքր կազմակերպություններն են կատարում հրավառություններ և սկսում իրենց աշխատանքը։ Յուրաքանչյուր չինացու նախաճաշը սկսվում է հատուկ ուտեստով՝ Jiǎozi(饺子), որը շատ նման է պելմենիին։
Հրեղեն Աքաղաղ
Jiǎozi
  • Օր յոթերորդ- Ինչպես տոնակատարության երկրորդ օրը, այնպես էլ այսօր օրը պետք է սկսել աղոթքով։ Ենթադրվում է, որ այսօր է ստեղծվել մարդը։ Եկամուտների աճի համար չինացիները պատրաստում են հում ձկան մսով հատուկ աղցաններ(Yúshēng, 鱼生):
  • Օր ութերորդ, իններորդ և տասներորդ- Բոլոր չինացիները օրենքով վերադառնում են իրենց աշխատանքին, սակայն ամեն երեկո, ընտանեկան ջերմ մթնոլորտում կազմակերպում են հավաքներ, աղոթում են, որից հետո գնում են տաճար՝ վառելու ծխացող մոմեր։ Իսկ ընթրիքի համար պատրաստում են ուտեստ(Tāngyuán,汤圆), որը արտաքինից նման է փոքրիկ գնդակի։
Tāngyuán
  • Օր տասնմեկերորդ- Չինաստանում փեսայի օրն է, երբ աները շատ մեծ և տպավորիչ խնջույք է կազմակերպում իր աղջկա ընտրյալի համար։ Յուրաքանչյուր հայրիկ, փորձում է անել ամեն հնարավոր բան, որպեսզի ցույց տա իր հարգանքը և սերը փեսայի նկատմամբ՝ խնջույքի կազմակերման հարցը վերցնելով իր ձեռքը։
  • Օր տասներկուերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ- Հիմնականում այս ժամանակահատվածում են չինացիները մեծ շուքով պատրաստվում լապտեների տոնին։ Այս երեք օրերի ընթացքում չինացիները պահում են առողջ սննդակարգի կանոնները, չեն ուտում միս՝ մաքրելով իրենց օրգանիզմը։
  • Օր տասնհինգերորդ- Քաղաքում կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ, որոնք ուղեկցվում են հրավառությամբ։ Իսկ Սինգապուրում և Մալազիայում կա մի շատ ռոմանտիկ ու հետաքրքիր ավանդույթ։ Այս օրը միայնակ կանայք մանդարինի վրա գրում են իրենց բջջային հեռախոսի համարները և նետում գետը, իսկ ամուրի տղամարդիկ պատահականության սկզբունքով վերցնում են մանդարիններից մեկը և զանգահարում նշված համարով։

Ըստ չինական առասպելի Բուդդան որոշում է տոնել իր ծննդյան տարեդարձը և հրավիրում է բոլոր կենդանիներին։ Աստծուն հասնելու համար պետք է անցնել լայն սառը գետը, և միայն 12 ամենախիզախ կենդանիներն են կարողանում անել դա։ Աքաղաղը 10-րդն էր։ Նա կարող էր լինել և 9-դը և 8-րդը, բայց առանց տան գործերը կարգավորելու և տան անդամներին հրահանգներ տալու, նա տնից դուրս չէր գա։ Եվ, այնուամենայնիվ, զբաղեցնելով իր տեղը տոնական սեղանի շուրջ, Աքաղաղը Բուդդայից ստացավ իր սեփական տարին և այդ տարվա բոլոր ծնվածներին իր անձնական գծերով շնորհելու իրավունք[2]։ Աքաղաղը արևելյան առասպելաբանության մեջ ունի անսահմանափակ հնարավորություններ։ Այն իր մեջ միավորում է 5 կարևորագույն դրական գիծ` քաջություն, հավատարմություն, խիզախություն, մեծահոգություն և ազնվականություն։

Չինական «Կարմիր ծրար»

Ի պատիվ Աքաղաղի տարվա, Չինաստանի բնակիչները, թափելով տարվա ընթացքում կուտակված անպետք և ավելորդ իրերը՝ մաքրում են իրենց տները , զարդարում են իրենց բնակարանները՝ շեշտը դնելով կարմիր գույնի և դրա երանգների վրա, անգամ նոր հագուստն է լինում կարմիր, քանի որ հենց այս գույնն է, որ պաշտպանում է տունը չարիքից և փորձանքից։ Ամանորյա տոնածառ իհարկե չենք տեսնի, բայց փոխարենը կլինեն 8 նարինջներով և 8 մանդարիններով շրջանաձև զարդարված սկուտեղներ։ 8 թիվը Չինաստանում խորհրդանշում է հավերժություն։ Հետո պատրաստվում են համեղ կերակուրներ։ Նրանց ամենասիրած կերակրատեսակը պելմենին է, որոնք իրենց ձևով նման են ոսկու ձուլակտորների, որը խորհրդանշում է բարեկեցություն[3]։ Ամանորի առիթով բոլոր չինացիները հավաքվում են հայրական օջախում։ Եթե ինչ-որ մեկը երկրում չէ, կամ հեռու է հայրական տնից, ապա Նոր տարվա տոնակատարությանը, նա ամեն գնով հասնում է բնօրրան, որպեսզի Ամանորը անցկացնի հարազատների հետ։ Սա չինական ավանդույթներից թերևս ամենակարևորն է։ Չինացիները իրար թանկարժեք նվերներ չեն նվիրում։ Նվերները կարող են լինել բացիկների տեսքով, գումար՝ տեղադրված կարմիր ծրարի մեջ, հուշանվերներ, հմայիլ, քաղցրավենիք, կամ եկող տարվա խորհրդանիշ։ Նվերների թիվը անպայման պետք է լինի զույգ, իսկ տան տիրոջը պարտադիր նվիրում են երկու մանդարին։ Նվերները չպետք է լինեն կապույտ կամ սպիտակ, քանի որ Չինաստանում դրանք մահվան և հուղարկավորության գույներն են։ Մահվան խորհրդանիշ է նաև 4 թիվը, ուստի այն ոչ մի տեղ և ոչ մի ձևով չպետք է երևա։ Նվերը տալիս են առանձին և բռնում են երկու ձեռքով։ Իսկ ինչ վերաբերում է Կարմիր աքաղաղին, ապա անհրաժեշտ է բերել նրան տուն` հուշանվերի, նկարի կամ առարկայի տեսքով, և նա միանշանակ հաջողություն, լիություն և պաշտպանություն կբերի Ձեր օջախին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.yourchineseastrology.com/zodiac/rooster.htm
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. http://godzagodom.com/kitajskij-novyj-god-v-2017-godu-data-prazdnovaniya/
  4. http://vedmochka.net/%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9-%D0%B3%D0%BE%D0%B4-2017/%D0%BA%D0%B8%D1%82%D0%B0%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B9-%D0%B3%D0%BE%D0%B4-2017.html